Հոկտեմբերի 12-ին, Երևանում կայացավ ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հերթական 17-րդ նիստը: Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության ներկայացուցիչները:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարևորեց հանձնաժողովի դերը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում։ Նախարարի կարծիքով, սա լավ հնարավորություն է տեղեկատվության, փորձի փոխանակման, ինչպես նաև ատոմային էներգետիկայի և միջուկային բժշկության ոլորտում կադրերի որակավորման բարձրացման գործում։
Հանձնաժողովի հերթական 17-րդ նիստում, համաձայն օրակարգի, քննարկվեցին ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ: Մասնավորապես՝ Շրջանակային և <Ուրանի արդյունահանման ազդեցությանը ենթարկված տարածքների վերամշակման> Միջպետական Նպատակային Ծրագրերի իրականացման ընթացքը՝ մինչև 2020 թվականը: Ներկայացվեցին նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների իրագործման, Ճառագայթային թերապիայի և միջուկային բժշկության աշխատանքային խմբի գործունեության հաշվետվությունները:
Հանձնաժողովն անդրադարձավ նաև ատոմային էներգետիկայի բնագավառի համար նոր կադրերի պատրաստման և առկա մասնագետների որակավորման բարձրացման հարցերին` ներառյալ ԱՊՀ լավագույն համալսարաններում կրթության շարունակման հնարավորության կազմակերպմանը:
Նիստի արդյունքներով՝ ստորագրվեց արձանագրություն։ ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Տաջիկստանում։
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն