«Լարվածությունն ամենուր էր: Յուրաքանչյուր ընտրական գործընթացի պատասխանատվությունը կրում է իշխանությունը, բայց այս ընտրությունները բացառիկ էին: Բոլորը գիտակցում էին, որ շատ նոր կուսակցություններ են ձեւավորվել, որոնք նոր քաղաքական մշակույթից էին խոսում»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր ամփոփելով Վանաձորում եւ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ասաց ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Մասնավորապես Վանաձորում ավագանու քվեարկության շուրջ նա ասաց. «Ավելի շատ աղմուկ էր քվեարկության ժամանակ` տեսաք: Չորս ձայնի տարբերությամբ ՀՀԿ ներկայացուցիչը կարողանում է հաղթանակ արձանագրել»:
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու նիստում Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածուն, թեեւ «Լուսավոր Հայաստանի», «Հայկական վերածնունդի» եւ ԲՀԿ-ի ավագանիները համաձայնության էին եկել`պաշտպանելու «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին:
Կարդացեք նաև
Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ նշյալ քաղաքական ուժերը հանդես էին գալիս կոալիցիայով եւ նախապես եկել էին համաձայնության` քվեարկության ձեւի հետ կապված. «Նույն կերպ են քվեարկել ԲՀԿ երեք ավագանիները, պայմանավորվել էինք` ինչպե՞ս ծալել եւ կոնկրետ ի՞նչ ձեւով «պտիչկա» դնել»:
Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ կային, որ «Հայկական վերածնունդի» անդամներն են խախտել պայմանավորվածությունը եւ քվեարկել են ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:
Թե կոալիցիայի որ ներկայացուցիչներն են «շեղվել» նախնական պայմանավորվածությունից եւ քվեարկել ՀՀԿ-ի ներկայացուցչի օգտին, Վահե Էնֆիաջյանն անհատական գնահատականներ չտվեց. «Մեղավորն ավագանիներն են: Գտնվել են մարդիկ, որոնք հեռացել են իրենց սկզբունքներից եւ անբարո են գտնվել»:
Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ ընդդիմադիր կոալիցիան որոշել է չմասնակցել Վանաձորի ավագանու նիստերին: Բացառված չէ, որ հետագայում հանդես գան քաղաքապետի հրաժարականի պահանջով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ