«Անտրամաբանական քայլեր կան, որոնք ի հայտ են գալիս միջազգային հարաբերություններում»,- այսօր Երեւանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա ընդամենը հինգ րոպեով մասնակցեց Երեւանում անցկացվող «ՀԱՊԿ-ի դերը եվրասիական անվտանգության մեջ» թեմայով կլոր-սեղանին: Իր բացման խոսքից հետո Նիկոլայ Բորդյուժան հեռացավ` պատճառաբանելով, որ ՀԱՊԿ անդամ պետություններ ղեկավարների կայանալիք առաջիկա նիստերի մասով կազմակերպչական հարցեր կան:
«Անտրամաբանական քայլերի» համատեքստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն օրինակներ բերեց`առանց պետությունների անուններ տալու. «Մենք ականատես ենք լինում մի շարք հակասությունների գլոբալ խաղացողների միջեւ: Օրինակ, որևէ պետություն հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի դիրքերից, բայց զինամթերք է մատակարարում ահաբեկչական խմբերին»:
Բանախոսի կարծիքով, այժմ ապրում ենք բարդ ժամանակներում, որը վերլուծության չի ենթարկվում, հետեւաբար, անվտանգության ոլորտում ալգորիթմներ ստեղծելն էլ դյուրին գործ չի դառնում. «Ընդհանուր առմամբ, փլուզված է գլոբալ անվտանգության համակարգը: Դադարեցված են առաջատար միջազգային խոշոր խաղացողների միջև կապերը, երկխոսությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութի անօրինական շրջանառության և այլ հարցերի շուրջ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ