Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Այս ընտրությունների համար մենք հակված ենք համախմբման». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 12,2016 12:26

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները քննարկում են համագործակցելու եւ դաշինքներ կազմելու հնարավորությունը։ Նման քննարկում է կազմակերպել նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը, որի հետ էլ զրուցեցինք հետագա քաղաքական գործընթացներից։

– Պարոն Սարգսյան, արդեն ակնհայտ է, որ ձեր կուսակցությունը ցանկանում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Դրան ընդառաջ ի՞նչ քայլեր եք անելու, համախմբման ի՞նչ հնարավորություն եք տեսնում։

– Ընտրություններին միանշանակ մասնակցելու ենք։ Կա մասնակցության երկու տարբերակ, մեկ, որ կուսակցությունը գնում է ինքնուրույն եւ միայնակ փորձելու է առավելագույն քվե վերցնել ու ՀՀԿ-ի «հովանու» ներքո Ազգային ժողովում գործունեություն ծավալել։ Եվ երկրորդը, որը այս ընտրություններին հաղթելու հստակ հնարավորություն կարող է տալ, համախմբումն է։ Սա միայն խորհրդարանական ընտրություն չէ, իր բնույթով երկրի ղեկավարի ընտրություն է, իմ կարծիքով՝ նաեւ քաղաքակրթական ընտրություն է։ Մենք պիտի որոշենք, թե կեցության ինչպիսի կանոններում ենք ուզում ապրել, որ պետությունները պետք է լինեն մեր շրջապատում, ում պետք է մենք նմանվենք եւ ում չպետք է նմանվենք։ Իսկ այս ընտրությունների համար մենք հակված ենք համախմբման։ Համախմբումն է, որ իշխանափոխության հնարավորություն կընձեռի եւ մեր երկրում իրական համակարգային փոփոխություններ կբերի։ Այսինքն, մենք հակված ենք համախմբվել բոլոր այն ուժերի հետ, որոնց հետ ունենք գաղափարական ընդհանրություն։ Իսկ ում հետ գաղափարական ընդհանրություններ չունենք, բայց նրանց իրական ընդդիմադիր ենք համարում, պատրաստ ենք համագործակցել։

– Դուք թեեւ անուններ չեք տալիս, բայց հավանաբար համագործակցության քննարկումներ եք ունենում Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Արարատ Զուրաբյանի, այսինքն, հավանաբար արեւմտյան արժեքներ դավանող գործիչների հետ։

– Մենք չենք համագործակցելու այն ուժերի հետ, որոնք մարտի 1-ից հետո համարեցին, որ դա բնական գործընթաց է, որ կարելի է 10 մարդ սպանելով իշխանության գալ։ Այս ուժերին ես քաղաքական չեմ համարում, համարում եմ քրեաօլիգարխիկ դաշտից եւ նրանց հետ համագործակցելու եզր չեմ տեսնում։ Ես անուններ չեմ տալիս, թե ում հետ եմ հնարավոր համարում համագործակցել ոչ թե նրա համար, որ դեռ անունները չգիտեմ, այլեւ չեմ գտնում, թե դա ճիշտ է այս փուլում։ Կան շատ ավելի ուժեր կամ մարդիկ, քան դուք եք նշում կամ գիտեք։ Կան հասարակական կառույցներ, անհատներ, ովքեր կուսակցության կշիռ ունեն, արվեստի գործիչներ, որոնք նույնպես կմտնեն այդ գործընթացի մեջ ու իրենց ներդրումը կբերեն։

Այս ենթատեքստում խնդիրն աշխատելու է երկրաչափական պրոգրեսիայի սկզբունքով։ Ես տեսել եմ, թե մեկ-երկուսով սկսելով՝ ինչպես ենք դարձել տասնյոթ-տասնութ։ Այդ միությունները շատ դժվար են վերածվում դաշինքների, եւ այդ մասին հայտարարվում է ցուցակները ներկայացնելուց ոչ շուտ, քան մեկ-երկու օր առաջ։

Բայց առայժմ պետք չէ այդ մարդկանց անունները տալ։ Քաղաքական առումով ճիշտ չէ։ Պետք է ամեն ինչ մանրամասն քննարկվի, ու ճիշտ ժամանակին ճիշտ շեշտադրումներով քայլեր արվեն։ Ես հավատում եմ այդ հաջողությանը եւ այդ ուղղությամբ աշխատում եմ։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31