Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիսվել» է պետք

Հոկտեմբեր 12,2016 22:00

Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոթորիկը ոչ միայն չի դադարում, այլեւ ահագնանում է: Դրա անդրադարձը զգացվում է նաեւ երկրի իշխանական միջանցքներում եւ քաղաքական հետնաբեմում, ազդում քաղաքական պրակտիկայի վրա: Ի վերջո, անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաօլիգարխիկ, հետեւաբար՝ իշխանության համար ամենահոգեհարազատ կառավարության հրաժարականը ս.թ. սեպտեմբերին պարտադրված էր առաջին հերթին հենց այդ հանգամանքով: Բացի միանգամայն օրինաչափ ներհասարակական փոփոխություններից՝ հենց այդ հանգամանքն է, որ հանգեցրեց «նախկինի պես» գործելակերպի անհնարինությանը:

Իսկ ի՞նչ է նշանակում «նախկինի պես»: Երբ մի քանի ոլորտներում նշանակում ես մի քանի «նայողների», ինչից գլուխ չես հանում, հանձնում ես ռուսներին՝ բնակչության ակտիվ հատվածին գործուղելով «դարավոր բարեկամ» Ռուսաստան, ձեւավորում ընտրություններում վերարտադրության ինստիտուցիոնալ մեխանիզմ, ուժայիններին կանգնեցնում այդ մեխանիզմի պահպանությանը, «գրավում» հեռուստաաշտարակը, իսկ մի քանի չենթարկվող «անգիտակիցների» էլ բանտարկում: Իսկ արտաքին քաղաքականությունն էլ ուղղում այդ «գանձի» սպասարկմանը. հենց այդ ամենի համար նեղում են Արեւմուտքից՝ սպառնում ես Ռուսաստանի հետ «հարաբերությունների խորացմամբ», հենց շատ ես մերձենում Արեւմուտքի հետ, կամ ռուսներն ինչ-ինչ զեղչերի չեն համաձայնվում, որպեսզի քամուն տվածդ կամ ուղղակի գրպանածդ բյուջեն կարողանաս ծայրը ծայրին հասցնել, իսկ ռուսների հովանավորյալների լկտիությունը փորձում ես սանձել՝ սպառնում է Մոսկվան, եւ դու էլ սպառնում ես, թե՝ էլ ավելի կմերձենաս Արեւմուտքի հետ, եւ այդպես շարունակ՝ մինչ նոր ընտրական ցիկլ:
Եվ ահա, այս ամենն այլեւս չի՛ աշխատում: Վանաձորի եւ Գյումրիի ընտրական «նախավարժանքը» 2017-ի ընտրությունների նախաշեմին ցույց է տալիս, որ «կացնային» տարբերակն այլեւս չի՛ աշխատում: Շատ էլ թե այս անգամ աշխատեց իշխանության եւ հասարակության միջեւ «միջադիրի» առաքելությունը ստանձնած ուժերի օգնությամբ մանիպուլյացիան, հետընտրական զարգացումներ կարծես չեն նշմարվում, եւ իշխող կուսակցությունը տոնում է հաղթանակ՝ առանց գիտակցելու դրա պյուռոսյան էությունը, բայցեւայնպես, մեծ հաշվով, տեղի ունեցածը ցույց է տալիս, որ այլեւս չի ստացվում չփոփոխությունը ներկայացնել որպես փոփոխություն, որպեսզի ոչինչ չփոխվի:
Իսկ չփոխել չի ստացվում, քանզի հաշվապահության հիմքում մաթեմատիկան է, որը ճշգրիտ գիտություն է, եթե նույնիսկ ԱՎԾ-ն մինուսը պլյուս ներկայացնի: ԱՎԾ-ն չէ, որ այդ ճեղքվածքը կարող է փակել: Ուստի իմիտացիոն փոփոխությունը հարցը չի լուծում: Փոխում է իրական փոփոխությունը: Իսկ դրա համար այլեւս «կիսվել» է պետք, որքան էլ որ դա տհաճ է:

Նոր կառավարության՝ «ժողովրդի սրտից» մի քանի քայլերը կարող են հասարակության մոտ սպասելիք ձեւավորել, սակայն սպասելիքը մի բան է, դրա նյութականացումն՝ այլ բան: Իհարկե, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում, վերջնական գնահատականները ճիշտ կլինի տալ, երբ լրանա կառավարության հարյուր օրը: Սակայն Հայաստանն «ակվարիումի» մեջ չէ: Որքան էլ Ռուսաստանը ձգտի մեկուսացնել Հայաստանը, այնուամենայնիվ, արտաքին գործոնները չեն կարող չազդել:
Վերցնենք ամենավերջինը: Շատ էլ թե Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է եւ շարունակում է աշխարհին պատմել Հայաստանի՝ ԵՏՄ առաջ ինչ-ինչ պարտավորությունների մասին, Հայաստանն էլ անդամակցում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը (մինչդեռ Հայաստանում ֆրանսերեն իմացողների թիվը երկնիշ տոկոս չի կազմում…), եւ հայ-ֆրանսիական՝ ոչնչի չպարտավորեցնող, շռայլ կոմպլիմենտներով հագեցած հարաբերությունները մինչ օրս կարծես «սեպ չեն խրել», ըստ Մոսկվայի, հայ-ռուսական «ռազմավարական դաշինքի» մեջ, եւ դա նույնիսկ ստեղծում է «կոմպլեմենտարիզմի» որոշակի պատրանք, բայց նույնիսկ դա՛ չի աշխատում:
Հալեպի հումանիտար աղետը կանխելու նպատակով Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրեց բանաձեւի նախագիծ, որի վրա վետո դրեց Ռուսաստանը: Իսկ երկուշաբթի Ֆրանսիան հայտարարեց, որ մտադիր է Հաագայի միջազգային դատարանին հայցով դիմել ընդդեմ Ռուսաստանի, եւ բաց տեքստով խոսվում է Պուտինի ռեժիմի կողմից գործած ռազմական հանցագործության մասին, դրա համար պատժելու անհրաժեշտության մասին:

Հետաքրքիր է՝ ինչպիսի քայլեր է մտադիր ձեռնարկել ՀՀ կառավարությունը, որի անդամներից շատերը «Գազպրոմ»-ում են աշխատել, որպեսզի շտկի տնտեսական վիճակը, երբ պարզ է, որ Ռուսաստանից ներդրումներ սպասելն անիմաստ է, «ճարել-բերելու» բան չի մնացել, միակ աղբյուրը մնում է Արեւմուտքը: Դրա վկայությունն է «Հայաստան» ներդրումային համաժողովի կազմակերպումը ոչ այլ տեղ, քան Նյու Յորքում, որին ներկա է գտնվում Սերժ Սարգսյանը:

Սակայն ինչպե՞ս համոզել ամերիկացի ռազմավարական ներդրողներին, որ սպառնալիք դարձած Ռուսաստանը չի սպառնա ապագա ներդրումներին Հայաստանում, եթե նույնիսկ ստացվի համոզել, որ կոռուպցիայի, մենաշնորհների, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման դեմ պայքարը նորանոր բարձունքներ է գրավում: Ինչպե՞ս համոզել Ռուսաստանին, որ «հարգելի դարավոր բարեկամ եւ ռազմավարական դաշնակից, մենք այլ տարբերակ չունենք, մենք մեր գլխի ճարն առանց քեզ պիտի տեսնենք, արի մեզ մի խանգարի եւ մեզանից էլ մի նեղացիր»: Ըստ ամենայնի, փաստարկներին մի բան էլ է պետք ավելացնել. «Մենք ուզում ենք «կիսվել», որ ամբողջը չկորցնենք, մենք արդեն «կիսվում ենք», արի դու էլ «կիսվիր»…

Իհարկե, միամիտ չենք, որ կարծենք, թե Ռուսաստանը մեզ հենց այնպես կժպտա եւ կասի՝ «եղավ, տղերք ջան, թող ձեր ուզածով լինի»: Մոսկվան, ինչպես հայտնի է, ոչ միայն արցունքներին չի հավատում, այլեւ «կիսվել» չի սիրել երբեք: Բայց գոնե որպեսզի Մոսկվան դա չընկալի որպես տափակ կատակ, պետք է ոչ միայն ասել, այլեւ գործել: Չկա՛ ուրիշ ճանապարհ: Իշխանությանը «կիսվել» է պետք: Դա՛ է իրական փոփոխության թե՛ գրավականը, թե՛ չափորոշիչը: Մնացածը Մոսկվայի պրոբլեմն է:

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

12.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31