Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնիտորինգային կառույցները անվերապահորեն ողջունում են ՀՀ -ի բռնած ճանապարհը»

Հոկտեմբեր 12,2016 17:30

Ստրասբուրգում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները: Հայկական պատվիրակության ելույթների եւ նստաշրջանի օրակարգային խնդիրների շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով` «Առավոտը» կապ հաստատեց Ստրասբուրգում գտնվող մեր պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Տիկին Նաղդալյան, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի առաջին օրը մեր պատվիրակները` ի դեմս Ձեզ, բավական ակտիվ հանդես եկան, իրենց ելույթներում քննադատության հիմնական թիրախ դարձնելով համեմատությունը մեր եւ հարեւան պետությունում ընթացած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ: Կմանրամասնե՞ք խնդրեմ, կոնկրետ ի՞նչ հարցեր բարձրացվեցին Ձեր կողմից եւ ինչպիսի՞ն էր եվրոպացիների արձագանքը քննադատության ալիքին:

-Իսկապես, նստաշրջանի առաջին իսկ օրվանից մեր պատվիրակությունը ամբողջ կազմով ակտիվորեն ներգրավվել է աշխատանքների մեջ: Աjս նստաշրջանի յուրահատկությունը, նախեւառաջ, Թուրքիայի խնդիրների նկատմամբ ուշադրության կենտրոնացումն է, ինչպես նաեւ բազմաթիվ երկրներում տեղի ունեցող ընտրական գործընթացներն են, այդ թվում եւ` Ադրբեջանում: Եվ քանի որ կոնտրաստը ակնառու է, ոչ միայն ելույթներով, այլեւ հարցադրումներով եւ առհասարակ բոլոր ձեւաչափերում, մեր պատվիրակությունը՝ Ն. Կարապետյանը, Ն. Զոհրաբյանը լիագումար նիստում, մյուսները` քաղաքական խմբերում, փորձում են օգտագործել հնարավորությունը` ներկայացնելու հարեւան երկրում տիրող մարդու իրավունքների ծանրագույն իրավիճակը, ավտորիտար ռեժիմի ցայտուն դրսեւորումները: Մեր խորին համոզմամբ ժողովրդավարական զարգացումը միակ ուղին է դեպի խաղաղություն, զարգացում ու նաեւ կոնֆլիկտների լուծում:

Իմ ելույթից առաջ հարց էր նախատեսված Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար պարոն Թ. Յագլանդին, որում ընդգծվում էր կոնտրաստը եւ տարբերությունները այն բարեփոխումների եւ իրավիճակի, որ կա ՀՀ-ում եւ Ադրբեջանում: Ու թեեւ հարց տալու հերթս չհասավ՝ այդպես հաճախ է պատահում ԵԽԽՎ-ում, այնուամենայնիվ, եւ՛ հարցիս մեջ, եւ՛ այնուհետ իմ ելույթում, շեշտվում էր` Հայաստանի իշխանությունները միտված են ու անում են ամեն ինչ երկրի առջեւ ծառացած կարեւորագույն հարցերի շուրջ կոնսենսուս ձեւավորելու համար, մեկ գերագույն նպատակով՝ ապահովել եւ բարձրացնել ժողովրդի վստահությունը: Այս առումով Ընտրական օրենսգրքի քննարկումները բացառիկ համագործակցության օրինակ են` ուղղված գալիք ընտրությունների համար կայուն եւ հուսալի հիմք ապահովելուն: Շեշտեցինք նաեւ, որ համեմատությունները Ադրբեջանում կատարվող գործընթացների հետ վաղուց արդեն իրենց օգտին չեն, մասնավորապես, անցկացված սահմանադրական փոփոխությունները ոչ միայն չեն ողջունվել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից, այլեւ արժանացել են հանձնաժողովի աննախադեպ գնահատականին այն առումով, որ ժողովրդավարական գործընթացները կտրուկ խաթարված են:

Այդ փոփոխությունների հարցով Ադրբեջանը բացարձակապես չի համագործակցել Վենետիկի հանձնաժողովի հետ, դրանք չեն ուսումնասիրվել Վենետիկի հանձնաժողովի կողմից, տարօրինակ կերպով՝ չեն քննարկվել նույնիսկ այդ երկրի խորհրդարանի կողմից: Ավելին, վեհաժողովը ինքն է դիմել ՎՀ –ին նման ուսումնասիրություն կատարելու համար եւ ստացել է մի վերլուծություն, որտեղ քարը քարի վրա չի թողնված:

Մինչդեռ, իմ ելույթում շեշտել եմ փաստը, որ ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ, քանզի մեր երկրի իշխանությունների համար կարեւոր է, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ լինեն Հանձնաժողովի կարծիքների հետ եւ համապատասխանեն ժամանակակից եվրոպական չափանիշներին, եւ Հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունվել են իշխանությունների կողմից:

Նույն այս կարծիքը հնչեցրեցին նաեւ եվրոպացի մեր բազմաթիվ գործընկերները` մոնիտորինգային քննարկումների ժամանակ, իսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ .Բուքիքիոն ուղղակի բարձրաձայնեց, որ Հայաստանը այսօր հանդիսանում է ԵԽԽՎ-ի եւ ՎՀ-ի լավագույն գործընկերը, համագործակցությունը Հայաստանի հետ նույնքան արդյունավետ է, որքան որ Ադրբեջանի դեպքում այն համարում են ավարտված դեռ 2009 թվականից, երբ Ադրբեջանը շեղվեց ժողովրդավարության ուղուց եւ իր պարտավորություններից՝ նկատի ունենալով, երբ ընդունվեց հորից որդուն ժառանգաբար անցնող եւ հավերժորեն Ալիեւների կլանին պատկանող իշխանության մասին Սահմանադրությունը, որը հիմա լրացվեց այդ իշխանության հավերժությունը ամրացնող սահմանադրական դրույթներով:

Դրանից հետո, ըստ ՎՀ -ի կարծիքի, ըստ էության, համագործակցությունը ադրբեջանական իշխանությունների եւ ՎՀ –ի միջեւ դադարել է:

Ի հակադրություն դրան, ՀՀ ցանկացած կարեւոր օրենք ընդունվել է համագործակցային միջավայրում եւ խորհրդակցաբար, եւ այսօր մոնիտորինգային կառույցները անվերապահորեն ողջունում են ՀՀ -ի բռնած ճանապարհը:

-Տիկին Նաղդալյան, իսկ ինչպիսի՞ն էր մեր հարեւանների արձագանքը: Չէ՞ որ փաստերն իսկապես խոսուն են եւ անհնար է աչք փակել նման աղաղակող իրականության վրա: Առավելեւս, մենք գիտենք, թե ինչպիսի հիստերիկ իրավիճակներում է հայտնվում ադրբեջանական պատվիրակությունը նման ելույթներից հետո:

-Իսկապես, այս նստաշրջանում բավականին լարված է մեր երկու հարեւանների դրությունը, էլ չեմ խոսում, որ օրակարգային եւս մեկ հարցի քննարկման ժամանակ ուշադրության կենտրոնում կլինի ադրբեջանական իշխող ընտանիքը՝ այսօր քննարկվելու է նաեւ, այսպես կոչված, Պանամայի փաստաթղթերի մասին հարցը, որտեղ նրանք եւս գլխավոր գործող անձանց թվում են, եւ նրանց վերաբերյալ անդրադարձներ կլինեն մեր բազմաթիվ եվրոպացի գործընկերների, ինչպեսեւ մեր պատվիրակներ՝ Ն. Կարապետյանի, Մ. Շահգելդյանի եւ Մ. Մելքումյանի ելույթներում:

Ի՞նչ է մնում անել այդ պարագայում՝ ինչպես միշտ խաբեությամբ, նենգափոխելով փաստերը, թյուրիմացության մեջ գցելով հանրությանը, օրինակ` Հռոմի պապին վերագրելով մտքեր, որը նա չի հայտարարել, շահարկել կամ վերադառնալ իրենց մինչ օրս լավագույն արդյունք տված զենքին՝ կոռուպցիային, նաֆթադոլարներին: Թեեւ, պետք է նշել, որ Միլանի դատախազության կողմից ԵԺԿ քաղաքական խմբի նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեյի նկատմամբ Ադրբեջանից 2 մլն դոլար կաշառք ստանալու մեղադրանքով վարվող քննությունը սառը ցնցուղի էֆֆեկտ ունեցավ Ստրասբուրգում շատերի համար:
Ականջդ կանչի Բոբ Վոլտեր եւ ուրիշներ:

 

«Առավոտ»

12.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31