Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեզ անհանգստացնում է այն արձագանքը, որը նրանք գտան հասարակության մեջ».Գաբրիելյանը «Սասնա ծռերի» մասին. «Ամերիկայի Ձայն» (տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2016 11:22

Հայաստանն օտարերկրյա ներդրողներին կարող է շահավետ պայմաններ առաջարկել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը Նյու Յորքում մասնակցում էր «Հայաստան՝ դարպաս դեպի մեծ շուկաներ» ներդրումային համաժողովին:

Հարցազրույցի ընթացքում փոխվարչապետը նշել է նաեւ, որ Հայաստանի իշխանությունների կարծիքով, երկրի ներսում չկան լուրջ քաղաքական խնդիրներ եւ «Սասնա ծռերի» գործողությունները մարգինալ խմբի գործողություններ էին: Անդրադառնալով Հայաստանի ներդրումային գրավչությանը Վաչե Գաբրիելյանը նշել է.

«Մենք բոլոր ներդրողներին հնարավորություն ենք տալիս ոչ միայն աշխատել Հայաստանում այլեւ՝ մեր միջոցով մուտք գործել խոշոր շուկաներ»:

Երկրի ներսում փոխվարչապետը հեռանկարային է համարում գյուղատնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները.

«Մեզ մոտ շատ է զարգացած միկրոէլեկտրոնիկան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Մեր երկիրն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ, ունենք գյուղատնտեսության ոլորտ, որը դեռեւս կարող է մի քանի անգամ աճել»:

Վաչե Գաբրիելյանի խոսքով Հայաստանի տնտեսության մեջ ներդրում կատարողները կարող են մուտք գործել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի շուկաներ, ինչպես նաեւ օգտվել առավելություններից, որոնք ընձեռում են ազատ առեւտրի մասին հայ-վրացական եւ հայ-ուկրաինական պայմանագրերը եւ ազատ մուտքն Իրան:

Ձեռքբերումների թվում փոխվարչապետը նշում է Հայաստանի մակրոտնտեսական կայունությունը: Մարտահրավերների թվում Վաչե Գաբրիելյանը նշում է ղարաբաղյան հակամարտությունն ու տարածաշրջանային անկայունությունը.

«Անշուշտ, դա ազդում է տնտեսական զարգացման վրա, սակայն դրանք անհաղթահարելի ուժեր չեն եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելով հանդերձ մենք պատրաստ ենք մեզ պաշտպանել եւ զարգանալ»:

Միեւնույն ժամանակ, փոխվարչապետն ընդգծել է, որ երկրի ներսում չկան սուր քաղաքական խնդիրներ.

«Մեր բոլոր հակամարտությունները տարածաշրջանային են: Երկրի ներսում քաղաքական սուր հարցեր չկան: Մենք ունենք հասարակություն, որում առկա են բազմաթիվ զարգացումներ, որտեղ պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքը, մեր սուր խնդիրները կապված են հարեւան երկրների հետ»:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին, Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ դրանք, ինչպես եւ «Հիմնադիր խորհրդարանը» մարգինալ խմբեր են, որոնք նույնիսկ ընդդիմության տեսակետը չէին ներկայացնում.

«Մեզ անհանգստացնում է այն արձագանքը, որը նրանք գտան հասարակության մեջ: Անշուշտ, այս կապակցությամբ նշեմ, որ կառավարությունը փոփոխվում է եւ մենք փորձում ենք արձագանքել հասարակության պահանջներին, հասկանալ հուզմունքի բնույթը, եթե դա դուք հուզմունք եք համարում: Սակայն, իրականում դա հուզմունք չէ, դա զգացմունքային է, քանի որ քաղաքական նկատառումներ չկային»:

Վաչե Գաբրիելյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները փոխվում են՝ հասարակության հետ ներդաշնակ մնալու համար.

«Ամռանը Հայաստանում տեղ գտած իրադարձությունների հետեւում կանգնած էին մարգինալ ուժեր, «Հիմնադիր խորհրդարանը» մարգինալ է, նրանք առաջատար ընդդիմադիր խումբ չեն, եւ այդ իսկ պատճառով հավատացած եմ, որ լուրջ հետեւանքներ այդ կապակցությամբ չկան»:

Փոխվարչապետի խոսքով Հայաստանում ամեն ինչ արվում է օրենքին համապատասխան.

«Մեր ոստիկանությունն ու իրավապահները գործում են օրենքի սահմանների մեջ եւ անում են ամեն ինչ անազատության մեջ հայտնված անձանց առողջական վիճակին չվնասելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31