Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղ ընդդիմադիր՝ Բաղրամյան 26-ից

Հոկտեմբեր 12,2016 10:11

Վիկտոր Դալլաքյանը լավ, արդյունավետ պատգամավոր էր, օրենսդրական աշխատանքը նրա տարերքն էր, եւ նրա հեղինակած մի քանի որակյալ օրենքներ մինչ օրս ապացուցել են իրենց կենսունակությունը: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում նա չվերընտրվեց: Դրանից պետք չէր ողբերգություն սարքել եւ տարիների ընթացքում քեն պահել իր ընտրատարածքում հաղթած պատգամավորի վրա, փորձել նրանից վրեժ լուծել եւ վարկաբեկել: «Աբիժնիկությունն» արդյունավետ էմոցիա չէ. մի անգամ չի ստացվել, մեկ ուրիշ անգամ կստացվի, կամ թեկուզ ոչ մի անգամ էլ չստացվի՝ կյանքում բազմաթիվ այլ հետաքրքիր գործեր կան:

Բայց ոչ՝ քաղաքական գործչի բնավորության անբաժանելի մասն է կազմում նարցիսիզմը, որն այդ «մասնագիտության տեր» մարդկանց մոտ արտահայտվում է այս կամ այն չափով, բայց պարտադիր պետք է լինի: Բացի այդ, «բարձր շրջանակներում» շփվելը, ծառայողական մեքենան, քարտուղարուհին, այս կամ այն հարցով «վերեւներին» միջնորդելը՝ նոմենկլատուրային կյանքի այդ տարրերից դժվար է հրաժարվել: Եվ Վիկտոր Դալլաքյանը որոշել էր չորս տարի «հավաքել» այդ հաճելի քարերը՝ ստանձնելով բարձր պաշտոն նախագահի աշխատակազմում:

Չորս տարի նա սուսուփուս նստած էր այդ տաքուկ անկյունում, բայց մի օր արթնացավ եւ հանկարծ պարզեց, որ այն իշխանությունը, որին նա ծառայում է, լեգիտիմ չէ, որ երկրում ծաղկում է կոռուպցիան, որ բարձր է աղքատության տոկոսը եւ այլն, եւ այլն: Բնականաբար, հարց է ծագում՝ ինչպես էր նա չորս տարի լուռումունջ աշխատում մի մարդու մոտ, որին, իր խոսքերով, պետք է զոլավոր շորեր հագցնել: Պատասխան. չէի աշխատում, ձեւ էի անում, որ աշխատում եմ, գնում-գալիս էի գործի եւ աշխատավարձ էի ստանում: Եթե այդպես է, ապա՝ ավելի վատ. Արթուր Բաղդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գոնե ժողովրդի մատից տարբեր փշեր էր հանում (չնայած ինչի՞ համար է պետք Ազգային անվտանգության խորհուրդը՝ ես, ճիշտն ասած, մինչեւ հիմա չհասկացա):

Բայց այդ՝ «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը Վիկտոր Դալլաքյանին, հավանաբար, ձանձրացրել է, եւ նա որոշել է դարձյալ պատգամավոր դառնալ: Այստեղ կա երկու տարբերակ. կամ մտնել ՀՀԿ ցուցակ, կամ դառնալ ընդդիմադիր: Առաջին տարբերակում, որքան հասկանում եմ, պարոն Դալլաքյանին երաշխիքներ չտվեցին: Մնում է ընդդիմադիրի ճանապարհը: Բայց «ստարտային պայմաններն» այդ գործչի համար չափազանց վատն են՝ Բաղրամյան 26-ից նոր դուրս եկածի շուրթերից սովորական ընդդիմադիր հռետորաբանությունը համոզիչ չի հնչում: Ոչինչ, ինչպես ասում են՝ փորձը փորձանք չի:

Եթե այս հոդվածը գրելուց հետո ինձ հետ որեւէ բան պատահի, դրա ուղիղ պատասխանատվությունն է կրում Դոնալդ Թրամփը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ասկէ աւելի ցած աստիճանի հաւատալիութեամբ (credibility) եւ բարոյական հեղինակությամբ անձ մը չի կարելի երեւակայել, որպէս նախագահին դէմ խօսող:

    Ի դէպ, քազինոների պատմութեան միակ «աղբիւրը» այս անձն է: Որ երեկ նաեւ հաստատեց թէ 2012 թվականից ի վեր ոչ մի անգամ իսկ չէ հանդիպած նախագահին, մինչ 2013-ին է որ Տիկին Փոստաջյանի այդ զրպարտությամբ ջանաց Հայաստանի նախագահը խայտառակել Եւրոպական Խորհուրդի առջեւ, այդ մասին որպէս տեղեկության աղբիւր նշելով – միայն ու միմիայն – այս Դալլաքյանի խօսքերը: Մինչ այս ժամանակաշրջանին ուր ամէն տեղ – եւ ամէն անձի ձեռքը – բազմատեսակ ֆոտոխցիկներ կան, դեռ մի հատիկ պատկեր չունենք որ ցոյց տա նախագահը խաղատան մը մէջ, խումարի սեղանի մը շուրջ – այդ ալ օտար երկիրներում… – :

  2. Վասիլի Գևորգյան says:

    Վերջին նախադասությունը տրամադրությունս կտրուկ բարձրացրեց՝ ի դեմս Արամ Աբրահամյանի մեր գրականությունը նուրբ երգիծաբան է կորցրել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31