Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է ճնշում Ալիեւին կամ՝ ջղաձգումներ սեփական ձեռքով լարած «թակարդում»

Հոկտեմբեր 12,2016 16:00

Բաքվում խոստովանում են, որ ԱՄՆ-ից լուրջ ճնշումների են ենթարկվում
ԼՂ կարգավիճակի ճանաչման հարցում

Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դեռ պայմաններ չեն ստեղծվել, քանի որ առաջնորդները պատրաստ չեն դրան, Ադրբեջանում մեծ դժգոհություն է առաջացրել: Այս հայտարարությունը պատճառ է հանդիսացել, որպեսզի պաշտոնական Բաքուն հերթական անգամ դժգոհություն արտահայտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առնչությամբ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ, մասնավորապես, Ջոն Քերիի հայտարարությանը` նկատել է. «Դա, մեղմ ասած, զարմանք է առաջացնում մեզ մոտ։ Խնդրի չլուծված լինելու համար մեզ մեղադրելը եւ հայտարարելը, որ երկու կողմն էլ մեղավոր են, անարդար է։ Մենք մերժում ենք նման հայտարարությունները։ Փակ դռների հետեւում մեզ վրա ճնշում է գործադրվում, որպեսզի մենք համաձայնություն տանք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Միջազգային կազմակերպությունների ու արեւմտյան ԶԼՄ-ների կողմից ողջ քննադատությունը բխում է նրանից, որ Ադրբեջանը հրաժարվում է անկախություն տրամադրել Ղարաբաղին։ Դա երբեք տեղի չի ունենա»։
Վերջին օրերին ադրբեջանական իշխանամերձ ԶԼՄ-ների կայքերում կրկին հակաամերիկյան հիստերիա է բարձրացել:

Ալիեւի վերոնշյալ հայտարարությունը հիմք է հանդիսացել, որպեսզի այն որպես ապացույց ներկայացվի հետեւյալ համատեքստում, որ Քերին «նպաստում է հայկական օկուպացիային», եւ որ պաշտոնական Բաքվի նկատմամբ ուժեղ ճնշումներ են գործադրվում, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը:

Ժամանակ առ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ հատկապես Միացյալ Նահանգներին քննադատող Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն էլ իր հերթին է դատապարտել Ջոն Քերիի հայտարարությունը: «Մինչ այժմ ի՞նչ խելամիտ տարբերակ են առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց հետ չի համաձայնվել Ադրբեջանը: Թող միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների մասին խոսող մեծ պետությունները հայելու մեջ իրենց նայեն: Ի՞նչ քայլեր են ձեռնարկել մեծ պետությունները՝ Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանների ազատման համար: Միակ ուղին, որը նախորդ տարի գտան համանախագահները, այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենք գան համաձայնության: Դա անարդար դիրքորոշում է Ադրբեջանի հանդեպ, դրանք երկակի ստանդարտներ են»,- ասել է Մամեդովը` նկատելով, թե ընտրություններից առաջ իր լիազորություններն ավարտող գերտերության պետքարտուղարի կողմից նման հայտարարություն տարածելը զարմանալի է. «Դա ունի տարօրինակ իմաստ, կարծես թե ուղերձ է համայն աշխարհին: Բանակցային գլխավոր առաքելությունը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք անդամների, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ-ի վրա: Սակայն այդ ոլորտում շատ մեծ հաջողություն տեսնելը դեռ անհնար է: Ադրբեջանը չի ճանաչում Ջոն Քերիի հայտարարությունը: Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ը լիարժեք պարզաբաներ Ջոն Քերիի հայտարարությունը, որպեսզի յուրաքանչյուրը հասկանար այն»:

Փաստացի, պաշտոնական Բաքուն Վաշինգտոնից պարզաբանում է պահանջում այն բանի համար, որ ԱՄՆ պետքարտուղարն արձանագրել է, որ Ալիեւը պատրաստ չէ կարգավորման: Բաքվի պահվածքն ու ջղաձիգ արձագանքն արդեն իսկ փաստում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն ու դրանում սեփական մեղավորության աստիճանի ցուցադրումը:

Ի դեպ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հանդիպել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության առիթով։ Դեսպանը, բնականաբար, հրաժարվել է մեկնաբանել Ջոն Քերիի հայտարարությունը` նշելով. «ԱՄՆ-ը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ցանկանում է երկու կողմին էլ նստեցնել բանակցային սեղանի շուրջ, հստակեցնել հարցերի շրջանակն ու նշմարել առաջ ընթանալու ուղիները։ Սակայն կողմերն իրենք պետք է համաձայնության գան։ ԱՄՆ-ը մտահոգ է հակամարտության գոտում շարունակվող միջադեպերի համար։ Մենք խորապես ցավում ենք Ղարաբաղյան հակամարտության գոտում յուրաքանչյուր մարդկային կորստի համար, խոր վշտակցություն ենք հայտնում այդ կապակցությամբ»։

Ապրիլյան քառօրյա պատերազմով իրականում Ալիեւն ընկել է իր իսկ լարած «թակարդը»: Նա ապացուցեց, որ խաղաղ բանակցություններով ու փոխզիջումներով պատրաստ չէ խնդրի կարգավորմանը: Այս փաստը որեւէ մեկի համար արդեն գաղտնիք չէ: Ապրիլյան ագրեսիայի արդյունքում հայկական կողմը կոշտացրեց դիրքորոշումը, եւ հենց դրանով են պայմանավորված Ալիեւի ջղաձգումները: Նա գիտակցում է, որ ապրիլյան ագրեսիան ոչ միայն «ցանկալի արդյունքներ» չտվեց, այլեւ այսօր Բաքվից են պահանջում հաշտվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, որից հետո խաղաղ բանակցություններով հասնել խաղաղության հաստատման:

Բաքվի համար դժվար է լսել Վաշինգտոնից մեղադրանքը, որ այսօր պայմաններ ստեղծված չեն կարգավորման հասնելու համար, որովհետեւ Բաքվում դեռ հույսեր ունեն «Լավրովի պլանի» կյանքի կոչման համար, իսկ դրա «կենսունակությունը» պետք է ապահովի Մոսկվան` Ալիեւի ընկալմամբ` Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելով: Մոսկվան չի պահանջում Ալիեւից հաշտվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, չի պահանջում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առավել խստությամբ ներկայացրած պահանջները կատարել, այն է՝ սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառումն ու մոնիտորինգի առաքելության ընդլայնումն ընդունել:

Դեռ մի քանի շաբաթ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում եւս կարեւոր շեշտադրումներ արեց: «Մեսիջները» նպատակային էին ու ճշգրիտ տեղ են հասել: Այնպես որ՝ պաշտոնական Բաքվի այսօրվա ջղաձիգ պահվածքը ունի խորքային պատճառներ:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ առաջարկներ են առաջ քաշվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից, Ուորլիքը պատասխանել էր. «Դա այն բնագավառն է, որտեղ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան լիարժեք փոխհամաձայնություն ունեն. մենք կիսում ենք հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը: Ուստի ես կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը շատ արդյունավետ է: Այդ հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից: Ինչպես գիտեք, Վիեննայում տեղի ունեցավ գագաթնաժողով՝ պետքարտուղար Քերիի նախագահությամբ:

Վերջերս Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունեց երկու նախագահներին: Որպես հետեւանք՝ մենք կցանկանայինք տեսնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, ինչպես նաեւ պայմանավորվածություններ՝ խաղաղության գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ: Ահա թե ինչի վրա է պետք աշխատել: Եվ, ինչպես դուք երեւի գիտեք, շնորհիվ այդ գագաթնաժողովների առաջ են քաշվել կարգավորման բազմաթիվ պայմաններ: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը: Մենք, իհարկե, կցանկանայինք տեսնել այդ պայմանավորվածության զարգացումը: Բացի այդ, ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ կներգրավվի Վիեննայում եւ մայրաքաղաքներում դիտորդական առաքելության ընդլայնման աշխատանքներում: Կան նաեւ այլ ասպեկտներ, որոնք մենք կցանկանայինք տեսնել, ինչպես նաեւ հետագա գագաթնաժողովներ, որտեղ կարող են տեղի ունենալ նախագահների հանդիպումներ: Հանդիպումների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահերը քննարկում են առանցքային խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել գործընթացի առաջընթացն ապահովելու համար: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան կհամաձայնեն նաեւ նրա հետ, որ այդ գագաթնաժողովների արդյունքը լինում են ճիշտ ուղղությամբ արված քայլերը: Եվ մենք առաջ ենք քաշել մեր առաջարկները: Նախարար Լավրովն անձամբ ներգրավված է այդ գործընթացում»:

Վաշինգտոնը արդեն որերորդ անգամ Բաքվին հրապարակայնորեն հասկացնում է, որ ապրիլյան ագրեսիայի հետեւանքով առաջ քաշված պահանջների կատարումից չի հրաժարվելու, կարգավորման բազմաթիվ պայմանները պետք է կատարվեն, պայմանավորվածությունները պետք է հարգվեն: «Իհարկե, կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասը վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման դիմաց: Դրանք են եղել կարգավորման պայմանները, բայց ոչ միակը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայություն: Այս բոլոր բաղադրիչները խաղաղ կարգավորման պայմաններ են, եւ դրանք բոլորն էլ հայտնի են»,- շեշտել էր Ուորլիքը անցյալ ամիս տված հարցազրույցում:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման պահանջի արձանագրումը Վաշինգտոնի կողմից Ալիեւին ուղղակի «հունից» հանում է: Սա ԱՄՆ-ի պատասխան-ապտակն է, որի պատճառը Ալիեւը շատ լավ գիտակցում է` որպես ապրիլյան պատերազմը սանձազերծող:

Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից մեկուկես ամիս անց` մայիսին, ԱՄՆ պետդեպարտամենտը գաղտնազերծեց մայիսի 16-ին Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո երկու բարձրաստիճան պաշտոնյաների ճեպազրույցի սղագրությունը: Պետդեպարտամենտի պաշտոնյաները Վիեննայի հանդիպման նպատակի մասին խոսելիս շեշտադրել էին, որ հանդիպման խնդիրն է եղել համոզվել, որպեսզի կողմերը հավատարիմ մնան 1994թ. զինադադարի համաձայնագրին։ Նկատենք, որ 1994թ. զինադադարի համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ստորագրել է Լեռնային Ղարաբաղը, եւ Պետդեպարտամենտի մակարդակով այս մասին կրկին հիշեցնելը կարելի էր միայն պատկերացնել, թե ինչ դիվանագիտական ապտակ էր Ալիեւի համար, որն ապրիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածել էր նամակ, որով փորձ էր անում չեղարկել 1994թ. մայիսի 12-ի զինադադարի եռակողմ համաձայնագիրը:

Հաջորդ կարեւոր հանգամանքն այն էր, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն արձանագրեց, որ կարեւոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է` հավելելով, որ նախագահները համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը պետք է լուծվի ժողովրդի կամարտահայտությամբ, հայկական կողմը ցանկանում է, որ դա հնարավորինս շուտ կազմակերպվի, հետեւաբար հանրաքվեի անցկացման ժամկետներն ու ձեւերը քննարկման հարց են։ Ըստ պետքարտուղարության ներկայացուցչի՝ «Ադրբեջանի նպատակը Ղարաբաղի շուրջ տարածքների նկատմամբ վերահսկողություն վերցնելն է, Հայաստանի համար խնդիրը կարգավիճակն է: Ուրեմն հնարավոր է, որ նախագահները կամք ցուցաբերեն իրավիճակից դուրս գալու»։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 11.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31