Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1000 ծառ են տնկել, 250 մեծ ու փոքր աղբաման տեղադրել, ոռոգման նոր ցանց անցկացրել

Հոկտեմբեր 12,2016 15:30

Աբովյանի քաղաքապետարանը պատասխանում է բնակիչների բողոքներին

«Ամբողջ Աբովյանում տեղադրվել են ավելի քան 100 փոքր աղբամաններ, ինչպես նաեւ 150 մեծ աղբարկղեր: Քաղաքում վերականգնվել ու գեղեցիկ զբոսավայրի են վերածվել 3 պուրակներ` անվճար ինտերնետ հասանելիությամբ: Տեղադրվել են ավելի քան 50 նստարաններ: Բանուկ խաչմերուկներում տեղադրվել են նոր որակի լուսացույցներ»,- ի պատասխան «Առավոտ» օրաթերթի հրապարակմանը՝ հայտնում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանից: Այս աշխատանքներն, ըստ նույն աղբյուրի, կատարվել են 2015-2016 թվականների ընթացքում:

«Առավոտը» 09.09.2016 թվականին «Աբովյանցիներն իրենց քաղաքապետին նախընտրական խոստումներն են հիշեցնում» վերնագրով հոդված էր հրապարակել, որում Աբովյանի ծայրամասային թաղամասի` Սարալանջի բնակիչները դժգոհել էին, որ իրենց քաղաքում քաղաքապետերը գալիս-գնում են, սակայն քաղաքի ու աբովյանցու համար կարեւոր նշանակության մի շարք խնդիրներ այդպես էլ չեն լուծվում: Աբովյանցիները մատնացույց էին արել անբարեկարգ մայթերը, փողոցային առեւտուրը, աղբամանների բացակայությունը, ջրահեռացման խնդիրները եւ այլն:

abovyan_4

Բնակիչները մեզ հետ զրույցում ցիտել էին Աբովյանի նոր քաղաքապետ Վահագն Գեւորգյանի նախընտրական խոստումները նրա նախընտրական բուկլետից:
Արձագանքելով բնակիչների բարձրացրած հարցերին՝ քաղաքապետարանի լրատվական ծառայությունից նշում են, որ այդ մեկ տարվա ընթացքում, այսինքն` Վահագն Գեւորգյանի պաշտոնավարման օրոք, Աբովյան քաղաքում անցկացվել է ոռոգման նոր ցանց` ընդհանուր առմամբ մոտ 1800 մետր խողովակաշարով: Քաղաքում տնկվել են մոտ 1000 ծառ` ակացիաներ, տուաներ, հացենիներ, թխկիներ եւ այլն, իսկ կպչողականությունը կազմել է ավելի քան 80 տոկոս: Այդ ժամանակահատվածում, ըստ քաղաքապետարանի պատասխանատուների, Աբովյանի բոլոր փողոցներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, ընդհանուր մակերեսը` 10.000 քառակուսի մետր` ընդգրկելով քաղաքի ավելի քան 30 փողոցներ, ինչպես նաեւ բազմաթիվ բակային նրբանցքներ: Քաղաքի հանրակացարանային շենքերի տանիքներն են վերանորոգվել:

abovyan_2

Աբովյանի քաղաքապետարանից վստահեցնում են, որ աղբահանությունը քաղաքում կատարվում է օրական նվազագույնը 2 անգամ, անհրաժեշտության դեպքում էլ` 3 եւ նույնիսկ 4 անգամ. «Փողոցում հայտնված աղբի հավաքումն ամենօրյա աշխատանքի առարկա է»:

Փողոցային առեւտրի մասով էլ, որտեղ հիմնականում սնունդ` միրգ-բանջարեղեն է վաճառվում, Աբովյանի քաղաքապետարանից մատնացույց արեցին հենց քաղաքի բանուկ մասերում բացված հարմարավետ պայմաններով շուկաները, որտեղ իրենց առեւտուրը տեղափոխել, սակայն, առեւտրականները հրաժարվում են:

abovyan_1
Ինչ վերաբերում է կրթական ու մշակութային ոլորտներին, ապա Աբովյանի քաղաքապետարանից հայտնում են, որ կատարվել են վերականգնողական աշխատանքներ քաղաքի բոլոր մանկապարտեզների դասասենյակներում: Մի շարք հայտնի կազմակերպությունների հետ կնքվել են համագործակցության պայմանագրեր եւ հուշագրեր: Հաշմանդամություն ունեցող անձանց կենսապայմանների բարելավման նպատակով Աբովյանի քաղաքապետարանը համագործակցում է Save the Children Armenia կազմակերպության հետ:

abovyan_5
«UNDP-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում քաղաքի մի շարք փողոցներում LED լուսավորություն է անցկացվել: Հիմնվել է մեկ պատուհանի սկզբունքով գործող քաղաքացիների սպասարկման գրասենյակ, Հայկական կրթական օգնության ֆոնդի (A.E.R.F) աջակցությամբ կատարվել է թիվ 3-րդ մանկապարտեզի հարկաբաժնի վերանորոգումը»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում:

Աբովյանը 2015թ. ճանաչվել է «Լավագույն քաղաքային մարզական համայնք» ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Հայաստանի Թատերական գործիչների միության եւ Հայաստանի հեղինակավոր թատրոնների մասնակցությամբ ու աջակցությամբ Աբովյանում կազմակերպվել է 7-օրյա թատերական փառատոն:
Աբովյանի քաղաքապետարանից նաեւ նշում են, որ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Աբովյանի քաղաքապետարանի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության միջեւ կնքվել է համաձայնագիր՝ Աբովյան համայնքի 2016 թվականի բյուջեն արդյունքահեն ձեւաչափով կազմելու մասին:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

11.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31