Էդգար Հովհաննիսյանը դիմել է ՀՀ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության դեմ, մասնավորապես, վիճարկելով ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի հրամանը:
Դատական նիստը դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ նշանակվել է հոկտեմբերի 11-ին:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի՝ 25.11.2011 թ. թիվ 486-Ա հրամանով Է.Հովհաննիսյանը նշանակվել էր ՀՀ քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում:
Ըստ նրա. «2014թ.-ին ֆունկցիոնալ պարտականություններս կատարելիս, հայտնաբերել եմ գեներալ Ա. Օսիկյանի արձակած թիվ 2 ցուցումը, որը ՀՀ օրենսդրությանը հակասող դրույթներ է պարունակում»:
Կարդացեք նաև
Հայցվոր քրեակատարողականի աշխատակիցը նշել է կալանավորված Սուրեն Գաբրիելյանի՝ ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմածի մասին, որին, ի դեպ, բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել է «Առավոտը»՝ լուսաբանելով դատական գործընթացները ու դրան հետեւած գործողությունները:
Անդրադառնալով իր հայցադիմումում այս փախուստի մասին, Է.Հովհաննիսյանն ասում է, որ «հայտնաբերվածի մասին բանավոր հայտնել եմ վերադասության կարգով՝ առաջարկելով քրեակատարողական վարչության ինտերնետային կայքէջից այն առաջնահերթ հեռացնելու մասին: Հանվել է ինտերնետային կայքէջից, սակայն մինչ այդ իմ հանդեպ սկսվեցին անհարկի հետապնդումներ»:
Որպես օրինակ, Է.Հովհաննիսյանը նշում է երկու տարի առաջ դեկտեմբերին ՔԿՀ վարչության պետի՝ Ա. Օսիկյանի հրամանը, կարգապահական տույժի՝ խիստ նկատողության ենթարկելու մասին:
Հայցվորի տեղեկացմամբ, այս կարգապահական տույժի պատճառն այն է եղել, որ նա անհիմն վիճաբանության մեջ է մտել առաջին դասարանում սովորող երեխայի դասվարի, տնօրենի հետ, վիրավորական արտահայտություններ կատարել նրանց հասցեին, նաեւ սպառնալիքներ՝ փոխել դպրոցի ուսուցչական կազմը, ազատել նրանց աշխատանքից, խաթարել դպրոցի բնականոն աշխատանքը:
Ի դեպ, քրեակատարողական աշխատակցի՝ դպրոց գնալու եւ կատարվածի մասին ծառայողական քննություն է անցկացվել եւ առկա է եղել նաեւ ձայնագրությունը: Այս ձայնագրության հետ կապված էլ հայցվորը նշել էր, որ դրանով ապացուցվում էր իր անմեղությունը, մանկավարժների անընդունելի վարքագիծը:
Գլխավոր մասնագետը գրել է, որ նշյալ դպրոցում սովորել է իր թույլ տեսնող որդին, որը կրել է օպտիկական ակնոց, իսկ դպրոցի աշխատակիցները խախտելով առողջապահության նախարարի 2002թ. հրամանի պահանջներն ու անվտանգության կանոնները՝ «պարբերաբար վնաս են հասցրել երեխայիս առողջությանը»:
Դա էլ եղել էր պատճառ, որպեսզի նա հայտնվեր դպրոցում:
2015թ. հունվարին, արձակուրդային վկայականի համաձայն, Հովհաննիսյանը ձեւակերպում է իր ամենամյա արձակուրդը, համաձայն այդ ձեւակերպման՝ փետրվարի երկուսից մինչեւ մարտի երեքը ներառյալ:
Սակայն նրան կանչում են քրեակատարողական վարչության կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին, այնտեղ հայտնել են, որ զբաղեցրած հաստիքը մեկ ամիս հետո ենթակա է կրճատման: Նշյալ բաժնում նա ստորագրությամբ ծանուցվել էր Ա. Օսիկյանի հրամանին, որ հաստիքը կրճատվելու է, եւ նա մնալու է կադրերի ռեզերվում:
Փետրվարի 27-ին Էդգարն առողջության վատթարացման պատճառով դիմում է ՀՀ ոստիկանության պոլիկլինիկա, հետազոտվում է, նրա մոտ ախտորոշվում է երկկողմանի հայմորիտ:
Փետրվարի 27-ից մինչեւ մարտի 3- ը նա ստացել է համապատասխան ամբուլատոր, լաբորատոր բուժում, եւ մարտի 6-ին գտնվել է ժամանակավոր անաշխատունակության վիճակում:
Հայցվորը նշել էր Աշխատանքային օրենսգրքի, քրեակատարողական ծառայության, Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ սահմանադրության, միջազգային պայմանագրերի խախտման մասին: Նա լրացրել էր մինչ այդ դատարան ներկայացրած հայցի ծավալը: Հայցային պահանջներից մեկը՝ հօգուտ իրեն բռնագանձել քրեակատարողական վարչությունից երեսուն ժամկետանց օրվա համար 355 830 դրամ, ինչպես նաեւ աշխատավարձի գումարը, որը կազմում է 94 880 ՀՀ դրամ՝ գումարը փոխանցելով իր բանկային հաշվին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
11.10.2016