Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեգենդար «ՌԿ»-ն՝ գերգաղտնի մարդը կլիներ 77 տարեկան

Հոկտեմբեր 12,2016 14:30

2016թ. հոկտեմբերի 7-ին Արմեն Մազմանյանի անվան «ԳՈՅ» թատրոնում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի կապի համակարգող եւ հիմնադիր Սերգեյ Աթարբեկյանի ծննդյան 77-ամյակին նվիրված հիշատակի երեկո: Այն կազմակերպվել էր ՀՀ ՊՆ Կապի վարչության աշխատակից Արա Սերգեյի Աթարբեկյանի ջանքերով եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, որը տրամադրել էր թատրոնի դահլիճը: Երեկոյին մասնակցում էին Արցախյան ազատամարտի բազմաթիվ մասնակիցներ, այդ թվում՝ Արցախի Հերոս, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հ/կ նախագահ, գեներալ-մայոր Արտուշ Թադեւոսյանը, ՀՀ ՊՆ Կապի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանը, պարոնայք սպաներ, հյուրեր Լոռիից, Ջիլիզայի եւ Օձունի համայնքների ղեկավարները եւ ուրիշներ, ինչպես նաեւ Սերգեյ Աթարբեկյանի ընտանիքի անդամները: Երեկոյին հնչեցին ազատամարտի մասնակիցների ձայներ մարտի դաշտից:

Հանրային ռադիոյի աշխատակից Գոհար Մարտիկյանն իր ելույթում նշեց, որ Սերգեյ Աթարբեկյանն արժանի է Հերոսի կոչման: Ելույթ ունեցան ՀՀ ՊՆ Սպայի տան ստեղծագործական խմբերը, քանդակագործ Ա. Քոչարյանը եւ ուրիշներ: Իսկ նշված երկու համայնքների ղեկավարները ընթերցեցին Որոշումները՝ Սերգեյ Աթարբեկյանին Ջիլիզա եւ Օձուն համայնքների «Պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացնելու մասին: Տեղի ունեցավ ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «Սեփական զենքով» ֆիլմի պրեմիերան` Սերգեյ Աթարբեկյանի մասին, որն ընդունվեց բուռն ծափահարություններով: Աթարբեկյան Սերյոժա Արամի, ծնվել է 1939թ. հոկտեմբերի 7-ին Երեւանում: Միջնակարգն ավարտելուց հետո երեկոյան սովորել է Երեւանի կենտրոնական ԴՕՍԱԱՖ-ի ռադիստի կուրսերում, ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի «Էրեբունի» օդանավակայանում՝ որպես ռադիո-օպերատոր: Ծառայել է սովետական բանակում: 1965թ. աշխատել է «Բագրատաշեն» ¥նախկինում Լամբալու¤ օդանավակայանում որպես ռադիո-տեխնիկ, հետագայում, նույն օդանավակայանում՝ որպես պետ: 1968թ. սովորել է Ուլյանովսկի օդաչուական բարձրագույն դասընթացներում, որից հետո 1969թ.՝ թռիչքային դիսպետչեր «Էրեբունի» օդանավակայանում:

1969թ. հուլիսից նշանակվել է Օձունի նոր կառուցվող օդանավակայանի պետ: 1978թ. տեղափոխվել է Երեւան, «Էրեբունի» օդանավակայանում որպես 1-ին դասի ռադիո-օպերատոր: 1981թ. աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում որպես ուղեւորների սպասասրահի համալիրի ինժեներ, հետագայում ավագ ինժեներ: 1983թ. «Էրեբունի» օդանավակայանի ռադիո- բյուրոյի պետ: 1983թ. հուլիսից Ստեփանավանի նորակառույց օդանավակայանի պետ: 1991թ. տեղափոխվել է «Զվարթնոց» օդանավակայան՝ որպես ռադիո- օպերատոր: Սակայն Ղարաբաղյան շարժմանը մասնակցելով՝ գտնվում է Օձունի օդանավակայանի ծառայողական տանը: 1997թ. ազատված է աշխատանքից հաստիքի կրճատման պատճառով: Պարգեւատրված է մի շարք պատվոգրերով եւ «Աերոֆլոտի գերազանցիկի» մեդալով: 1986թ. Ստեփանավանի ժողկրթբաժնի կողմից տեր եւ տիկին Սերգեյ եւ Հռիփսիմե Աթարբեկյանները դպրոցում օրինակելի սովորող 5 աշակերտներ ունենալու համար պարգեւատրվեցին «Լավագույն ծնող» պատվոգրով: 2001թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով: 2010թ. «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահությունը «Հովհան Օձնեցի իմաստասեր Կաթողիկոսի հետնորդ» պատվավոր կոչումը շնորհում է Արցախյան հերոսամարտի լեգենդար կապավոր Սերգեյ Աթարբեկյանին՝ հայրենի եզերքի հանդեպ ունեցած նվիրումի եւ մատուցած ակնառու ծառայության համար:

1989-ի ձմռանը Սերգեյն ընտանիքով տեղափոխվում է Օձունի օդանավակայանի ծառայողական տուն, որտեղից էլ հետագա ողջ ընթացքում շարունակում է գործել: Նա ստեղծում է կապի մի ամբողջ համակարգ: ՌԿ-ն հորինել է կոդերի, գաղտնագրերի մի ամբողջ համակարգ, որոնք անգիր պետք է իմանային նրա հետ կապի դուրս եկող բոլոր կապավորները: Ընդ որում, նա մի քանի անգամ փոխել է գաղտնագրերի ողջ համակարգը: Պատերազմի օրերին ՌԿ -ն եղել է կապի գծով Վազգեն Սարգսյանի լիազորված անձը: Նա ապահովել է ոչ միայն խրամատ-ղեկավարություն, այլեւ խրամատների եւ խրամատ-օդուժ կապը: Գիշեր ու զօր կապի մեջ լինելով, Սերգեյ Աթարբեկյանը թույլ էր տալիս իր հետ աշխատել միայն ընտանիքի անդամներին: Նրա դժվարին ծառայությունը կիսում էին սիրելի տիկինը, նույնպես առաջին կարգի ռադիստ, Հռիփսիմե Աթարբեկյանը եւ երեխաները: Դժբախտաբար, Արցախյան էպոպեայի գերգաղտնի մարդ Սերգեյ Աթարբեկյանը վաղ հեռացավ կյանքից` 2015թ. մարտի 25-ին:

Օձունի օդանավակայանի Աթարբեկյանների տունը շատերի համար դարձել է տուն-թանգարան, որն անհրաժեշտ է ամրագրել օրենքով:

«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությունն իր խորին շնորհակալությունը հայտնեց դօսաաֆական Սերգեյ Աթարբեկյանի ընտանիքին` տիտանական ծառայության համար ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ՝ մեր ժողովրդի համար դժվարին տարիներին:

Նաեւ հատուկ խորին երախտագիտություն ենք հայտնում Սերգեյի այրուն` տիկին Հռիփսիմե Աթարբեկյանին, 2012թ. ձմռանը իրենց արխիվից Ռադիոկապի եթերով ընդունված հաղորդումներից որոշ դրվագներ` Շուշիի ազատագրման քրոնիկից, վերծանելու եւ պատրաստելու համար 09.04.1992-07.06.1992թթ., տողերիս հեղինակի՝ «Վալերի Չիթչյան հաղթական հրամանատարը» գրքի համար:

 
ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՈԳԵՂԵՆ ՈՒԺ»
սոցիալ-մշակութային կենտրոնի նախագահ

«Առավոտ»

11.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31