Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորդ պատասխան եք տալու»

Հոկտեմբեր 12,2016 14:00

Հայտարարում է Էրոս Ռամազոտիի համերգի համար
իրենց մեղադրող Forpostart production ընկերության նախագահը

Էրոս Ռամազոտիի չկայացած համերգի ու տոմսերի վերադարձի հարցը հասել է մինչեւ ՀՀ Ազգային ժողով, ներկայումս դրանով զբաղվում է նաեւ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի («6-րդ») վարչությունը, դատախազությունը: Օրերս էլ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այդ մասին բարձրաձայնեց ամբիոնից՝ հրավիրելով մշակույթի եւ արդարադատության նախարարների, ինչպես նաեւ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ընդ որում, իր ելույթի ընթացքում Լյուդմիլա Սարգսյանը Forpostart production-ի մասին խոսելիս օգտագործեց կոռուպցիոն հարցեր, մեծ գումարների շրջանառություն, գողոն եւ այլ արտահայտություններ, նաեւ առաջարկեց պատժի ենթարկել այդ ընկերությանը, ասաց, որ դա մասսայական բնույթ կրող խնդիր է, բազմաթիվ քաղաքացիների իրավունքներ են ոտնահարվել, Ֆորպոստարտը անընդհատ համերգներ է դնում եւ չեղյալ հայտարարում:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ռամազոտիի համերգը չեղյալ հայտարարելուց հետո պետական որեւէ կառույց չգնաց ուսումնասիրություն կատարելու, թե այդ ընկերությունը քանի՞ տոմս էր վաճառել, վաճառքից գոյացած գումարից ինչքա՞ն է ծախսել, ընկերության հաշվեհամարին որքա՞ն գումար կա: «Ավելին՝ այս նույն ընկերությունը փորձ արեց «Լենինգրադ» խմբի համերգը կազմակերպել: Այսինքն՝ այս ընկերությունը սպառողներին պարբերաբար խաբում է»,- ասել էր նա, նաեւ հավելել, իրավապահները պետք է ուսումնասիրեն, արդյոք Forpostart production-ի գործունեությունը տնտեսական հանցագործություն չէ՞:

«Առավոտը» համապատասխան մեկնաբանությունների համար կապվեց մոսկովյան Forpostart production-ի եւ երեւանյան «Շոուսթար» ՍՊԸ-ի տնօրեն Զառա Մխեյանի (լուսանկարում) հետ, որն արդեն համապատասխան նամակ-նկարագրություն է ներկայացրել մշակույթի, արդարադատության նախարարներին, վարչապետին: Նա նաեւ հայտնեց, որ հոկտեմբերի 7-ին պահանջված փաստաթղթերի ողջ փաթեթը ներկայացրել են դատախազություն, կազմվել է արձանագրություն: «Մենք որեւէ խնդիր չունենք, պարզ եւ բաց աշխատում ենք: Կարծում եմ, որ երբ Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց է բարձրացնում, կամ դա անում է Բաբկեն Պիպոյանը, ապա իրենք պետք է ուսումնասիրեին եւ ամենաքիչը պաշտոնական գրություն ուղղեին մեզ, եւ մենք պատասխանեինք իրենց հարցմանը, քանի որ տպավորություն եմ ստացել, որ լիարժեք տեղեկություն չունեն խնդրի վերաբերյալ: Նույն Լյուդմիլա Սարգսյանը Ազգային ժողովում միակողմանի ներկայացրեց հարցը:

Իրենք որեւէ թուղթ չունեն ու, ըստ էության, մոլորեցնում են հանրությանը, եւ ամենակարեւորն է՝ իրենց տարածած ապատեղեկատվության պատճառով մեր ընկերությունը բացթողնված շահույթ է ունեցել, օրինակ՝ քիչ վաճառվեցին «Լենինգրադ» խմբի համերգի տոմսերը, եւ ստիպված եղանք համերգը չեղարկել: Կոչ եմ անում՝ նման ատյաններում հարց բարձրացնելուց առաջ գոնե մեզանից պահանջեն համապատասխան տեղեկատվություն, իրավիճակի նկարագրություն, որ պրոֆեսիոնալ ձեւով ներկայացնեն ամեն ինչ, թե չէ ստացվում է, որ սպառողի իրավունքների պաշտպանը կամ ԱԺ պատգամավորը առանց փաստաթղթեր նայելու՝ ուղղակի PR-ով են զբաղված: Մեր ընկերությունը 25 տարվա կենսագրություն ունի, ինձ համար թանկ է մեր ընկերության վարկանիշը: Անկեղծ ասած, ես սպասում էի, որ այս կրկեսը, շոուն ավարտվի, հետո նոր ասելիքս ասեմ: Ցավոք, շատերն ուզում են մեր հաշվին ինքնահաստատվել: Այսօրվանից սկսած՝ բոլորին պատասխանելու եմ»,- ասաց Զառա Մխեյանը:

Ապա հավելեց. «Ես Լյուդմիլա Սարգսյանից պահանջում եմ, որ պատասխան տա իր որակումների համար, ի՞նչ է նշանակում մասսայական բնույթ կրող կոռուպցիա, գողոն… Ինքը նշում է, որ իբր համերգներ ենք դնում ու հանում:

zara_mkheyan-2 zara_mkheyan-3

Նա անգամ չի նայել լրատվությունը, չի այցելել մեր՝ forpostart.ru կայք: Ինքն ասում է՝ Forpostart-ն է Էրոս Ռամազոտիի համերգի կազմակերպիչը, ու ես ստիպված եմ կրկնել եւս մեկ անգամ, այն, ինչ ասել եմ 6 ամիս շարունակ. առաջին անգամ մեր պատմության մեջ մենք չենք ներկայանում որպես կազմակերպիչ, որովհետեւ Էրոս Ռամազոտիի համաշխարհային համերգաշարը բաժանված է 3 ընկերության միջեւ, մեկը ապահովում է տուրը՝ Ամերիկայով, մյուսը՝ Եվրոպայուվ, երրորդը՝ ԱՊՀ-ով: ԱՊՀ-ի ներկայացուցիչը, կազմակերպիչը, պրոումոթերը կնքել է գործակալական պայմանագիր ԱՊՀ բոլոր երկրների հետ, մենք աշխատում ենք օրենքի սահմանում, ըստ պայմանագրերի բոլոր կետերի եւ գործակալական պայմանագրի հիման վրա: Այսինքն՝ Forpostart-ն այս պարագայում ներկայանում է գործակալ եւ իր երեւանյան ներկայացուցչության՝ «Շոուսթար» ՍՊԸ-ի հետ կնքվել է ծառայություն մատուցելու պայմանագիր (լուսանկարում): Մենք պատշաճ կերպով, ըստ պայմանագրի, մատուցել ենք ծառայություն: Ընդ որում, պայմանագրում նշված է, որ եթե Forpostart-ը կամ «Շոուսթարն» է մեղավոր, մե՛նք ենք պատասխանատու համերգի չկայանալու համար, իսկ եթե համերգը չի կայանում արտիստի կամ կազմակերպչի պատճառով, իրենք են պատասխանատու»:

Մեր դիտարկմանը, թե մարդիկ ունեն տոմսեր եւ իրենց չի հետաքրքրում՝ ո՞վ է դրա համար պատասխանատու, իրենց հետաքրքրում է գումարի վերադարձը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երբ մարդիկ վարկ են ձեւակերպում, պայմանագիր են կնքում, չէ՞: Հիմա Էրոս Ռամազոտիի էքսկլյուզիվ վաճառքով զբաղվել է «Շոութիքեթը»: Այդ դեպքից հետո մենք աշխատում ենք օնլայն, էլեկտրոնային տոմսերի վաճառքով ենք զբաղվում, եւ երբ մարդ մտնում է կայք, տոմս է գնում, պայմանագիր է ստորագրում, որտեղ գրված է, որ ֆորս մաժորի դեպքում պատասխանատվություն չենք կրում: Մնացած դրամարկղներն էլ պարտավոր են դա փակցնել: Նույնը casir.ru-ի, ticketland.ru-ի պարագայում է, դա աշխարհում ընդունված պրակտիկա է: Մամուլում գրվել է, որ ԱՊՀ-ի ամբողջ տուրը, որ հանվել է, ոչ մի քաղաքում վերադարձ չի կատարվել, եւ վերադարձը կատարվելու է կազմակերպչի կողմից դատական կարգով, որոշումից հետո: Ինքը պաշտոնապես մեզ նամակ կուղարկի: Կազմակերպիչը հայտարարել էր, որ մայիսի 26-ից տոմսերը կվերադարձնի, հետո դատը հետաձգեցին, ասաց, որ կվերադարձնի սեպտեմբերի 15-ից: Այժմ կրկին դատը հետաձգվել է հոկտեմբերի 31-ին, այսինքն՝ ինքը դեռ չի կարող վերադարձնել: Քանի որ ես մտահոգ եմ իմ ընկերության իմիջով եւ սպառողների շահերով, ընկալում եմ իմ ազգի մենտալիտետը, քայլ եմ արել ու իմ անձնական գումարներից մեր կազմակերպությունը երկու փուլով արդեն վերադարձրել է 20%-ի գումարը: Բայց գոյություն ունի ընթացակարգ, եւ ես իրավունք չունեմ ուղղակիորեն սկսել բաժանել այդ գումարը, քանի որ կազմակերպիչը ինձ նամակով գրություն է ուղարկել, ուղարկել է դիմումի ձեւ, ստեղծվել է հատուկ մեյլ, որը հսկվում է իրենց մենեջմենտից, այնտեղ դիմում է լրացնում հանդիսատեսը, ուղարկում է այդ մեյլին, եւ գրանցվում է ամեն ինչն այնտեղ»:
Զառա Մխեյանը անդրադարձավ նաեւ Լյուդմիլա Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքն անձամբ տուժող է, եւ երեք անգամ իրեն խաբել են:

«Իր անուն-ազգանունը ես ստուգել եմ, մեր դիմումների մեջ չկա: Ինքը ճիշտ չի ասում: Հայտարարում եմ, որ չկա մի մարդ, որը դիմել է եւ մերժվել է, կարող է նրան պատասխանել են, որ երրորդ փուլում կստանաք գումարը, բայց մերժում կամ խաբեություն չի եղել: Թող որպես պատգամավոր, ինքը պատասխան տա իր ասածի համար»,- ասաց Forpostart production-ի տնօրենը:

Նրա ձեւակերպմամբ, Լյուդմիլա Սարգսյանն ու Բաբկեն Պիպոյանն իրենց հայտարարություններով «խփել» են իրենց մյուս նախագծին: Նաեւ թվարկեց իրենց նախագծերը, այդ թվում բարեգործական՝ կապված Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտի հետ: Զառա Մխեյանը հիշեցրեց, որ 100-ից ավելի նախագծեր են իրականացրել Հայաստանում, հրավիրել առաջին դասի բոլոր աստղերին՝ Ալլա Պուգաչովա, Տատու, Դիմա Բիլան, Լեփս, Ստաս Միխայլով, Թիմատի, Բասկով, Լեոնտեւ, Ալեգրովա, Օրբակայտե եւ այլն՝ չհաշված պրոդյուսերական աշխատանքները: Նա նաեւ տարակուսանք է հայտնում. «Բաբկեն Պիպոյանն ասում է՝ Forpostart production-ը շարունակում է համերգներ անել՝ առանց հասկանալու, որ ես պայմանագրեր ունեմ կնքած մինչեւ 2018 թ.: Աստղերը մեկ-երկու տարի առաջ են իրենց գրաֆիկը կազմում, եւ ես նոր չեմ արթնացել ու որոշել, որ, օրինակ, Ալեգրովայի համերգը պետք է մարտի 5-ին լինի, դա որոշված էր մեկ տարի առաջ: Իմիջիայլոց, ես այլ նախագծերից պլանավորում եմ գումարների վերադարձը, իսկ այդ մարդիկ հիմա ինձ խանգարում են»:
Զառա Մխեյանը հատուկ շեշտեց, որ չի ուզում հանրությանը խաբել ու ուրիշ ՍՊԸ-ների անվան տակ հանդես գալ. «Նորից շարունակելու եմ մեր գործունեությունը, քանի որ ոչ մի սխալ թույլ չեմ տվել, աշխատում եմ պայմանագրերի շրջանում, ապահովում եմ բազմաթիվ մարդկանց աշխատանք: Աշխատելու եմ որպես Forpostart, որովհետեւ վախենալու ոչ մի բան չունեմ»:

Նա տեղեկացրեց, որ դատի է տվել Բաբկեն Պիպոյանին՝ պատիվը, արժանապատվությունը վիրավորելու եւ բարոյական վնաս հասցնելու համար, նույնը պատրաստվում է անել ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ: «Ախր այս 25 տարիների ընթացքում մենք բոլոր համերգների կազմակերպիչն ենք եղել ու որեւէ վրիպում չի եղել: Որպես կազմակերպիչ, միակ համերգը, որ չեղյալ ենք հայտարարել, դա «Լենինգրադ» խմբի համերգն է, ու բոլորի գումարը մեկ օրվա ընթացքում վերադարձվել է, քանի որ կազմակերպիչը ես եմ: Իսկ չեղյալ է հայտարարվել, որովհետեւ մոլորեցնող հայտարարություններով վնասել են»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

11.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31