Ասում է «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային
փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցը
Ազգային օպերային թատրոնում օրերս գալա-համերգով կայացավ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի առաջին բեմելը։ Այնպես չէ, որ հանդիսատեսն առաջին անգամ էր ծանոթանում մաեստրոյին։ Նրա ղեկավարությամբ բազմիցս ներկա ենք գտնվել սիմֆոնիկ երաժշտության երեկոներին։ Օպերային թատրոնում կայացած երեկոն բացառապես ընտրված էր համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշներից։ Համերգի մասնակիցն էին թատրոնի նվագախումբը, երգչախումբը եւ մենակատարներ։ Հնչեցին հատվածներ, մեներգեր, դուետներ՝ խաղացանկում տեղ գտած օպերաներից, այդ թվում՝ Վերդի՝ «Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա», Բելինի՝ «Նորմա», Բիզե՝ «Կարմեն», ինչպես նաեւ տասնամյակների լռությունից հետո թեկուզ հատվածաբար մատուցվեց կտորներ Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա», Պուչինիի «Տոսկա», Վերդիի «Նաբուկկո» օպերաներից։
Ծրագրում ընդգրկված մեներգիչներն էին ՀՀ վաստակավոր արտիստներ Մարինե Դեինյանը, Գեւորգ Հակոբյանը, առաջատար մեներգիչներ՝ Նարինե Անանիկյանը, Հասմիկ Թորոսյանը, Դավիթ Բաբայանցը, Հովհաննես Այվազյանը, որոնք վաղուց ցանկալի հյուր են այլ օպերային թատրոններում։ Նկատենք, որ մեկ-երկու մեներգիչների, որոնց երբեւէ չէինք հանդիպել նախկինում կայացած գալա-համերգներում, փաստորեն, Կոնստանտին Օրբելյանն առաջինը ներկայացրեց այս ձեւաչափով, օրինակ՝ Սյուզաննա Մելքոնյանին, Լիլիթ Հակոբյանին, Լիլիթ Գեւորգյանին, Արմեն Գրիգորյանին։
Լեփ-լեցուն դահլիճը բրավոներով էր վարձահատույց լինում կատարողներին, այդ թվում ինքը՝ մաեստրոն։
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ, պրոֆեսոր Նելլի Ավետիսյանն ընդգծեց Օրբելյանի ղեկավարությամբ նվագախմբի թավշյա հնչողությունը եւ ասաց, թե այս համերգը եւս մեկ անգամ ապացույցն է այն իրողության, որ պարտադիր չէ իտալերեն կամ ռուսերեն արիաներ մատուցեն միայն այդ ազգերի ներկայացուցիչները։
ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինն էլ այս առիթով հիշեցրեց, որ ժամանակին Արամ Խաչատրյանն իր Ջութակի կոնցերտի պրեմիերան վստահել էր Դավիթ Օյստրախին։
Օրբելյանը հատուկ այս համերգի համար հրավիրել էր Մեծ Բրիտանիայի եւ Վելսի օպերային թատրոնների խմբավար Ստեֆան Հարրիսին, Մեծ թատրոնի կոնցերտմայստեր Սվետլանա Եֆիմովային։
Զրուցեցինք նաեւ Կոնստանտին Օրբելյանի տիկնոջ՝ «Սանկտ Պետերբուրգի պալատներ» դասական երաժշտության ամենամյա միջազգային փառատոնի ֆոնդի հիմնադիր նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցի հետ։
Մեր զրուցակիցը իր գոհունակությունը հայտնեց համերգից, ասաց, որ նոր չէ հայկական վոկալ դպրոցի համբավը, հիշեցրեց, որ 2014 թվականին իր հրավերով «Սանկտ Պետերբուրգի պալատներ» փառատոնի շրջանակներում Շոստակովիչի անվան մեծ համերգասրահում փայլուն ելույթ են ունեցել թատրոնի մեներգիչներ, այդ թվում՝ Անահիտ Մխիթարյանը, Կրիստինա Սահակյանը, Պերճ Քարազյանը, Հովհաննես Ներսեսյանը։ «Այդ անունները, բացի արեւմտաեվրոպական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից, այդ թվում նաեւ օպերաներից, հիանալի ներկայացրին Կոմիտասի, Նարեկացու, Սպենդիարյանի գործերը»,- հավելեց տիկին Սաֆարյանցը։ Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե՝ Երեւանի օպերային թատրոնում ամուսնու պաշտոնավարման ընթացքում, ինքը հավանաբար է՛լ ավելի ուշադրություն կդարձնի հայ երգիչներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սանկտպետերբուրգյան փառատոնին, որն անցկացվում է շուրջ 20 տարի, այս պահին եթե լարեմ հիշողությունս, չեմ մտաբերի եւ ոչ մի տարի, որ չլինեն հայ մասնակիցներ, ընդ որում՝ իրենց արվեստով փայլել են նաեւ Արեւմուտքում գործունեություն ծավալող թե՛ տեղացի եւ թե՛ նախկին հայաստանցի ոչ միայն վոկալիստները, այլեւ գործիքային կատարողները եւս»։
Մեր զրուցակցին հիշեցրինք ժամանակին որպես ջութակահար, իր միակ ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, հետաքրքրվեցինք՝ չի՞ շարունակվում նրա մենակատարի գործունեությունը։ «Կարծում եմ՝ հարկ չկա ներկայացնել «Սանկտ Պետերբուրգի պալատները» ֆոնդի նախագահի զբաղվածության աստիճանը, որը ներառում է ոչ միայն դասական երաժշտարվեստ, այլեւ ֆոլք երաժշտություն, էթնիկ երաժշտական ծրագրեր տարբեր թանգարաններում, ինչպես նաեւ համատեղ նախագծեր վաղուց հանրահայտ այլ փառատոների հետ, օրինակ՝ Իսպանիայում անցկացվող «Պաբլո Կազալսի», Էստոնիայում՝ «Դավիթ Օյստրախի», տարբեր համերգային կամուրջներ արեւմտյան երկրների հետ եւ այլն։ Ստեղծել ու մասնակցում եմ «Սանկտ Պետերբուրգ տրիո»-ի ելույթներին, գործընկերներիս՝ դաշնակահար Սերգեյ Ուրիվաեւի եւ թավջութակահար Լեոնիդ Շուկաեւի հետ եւ այլն,- ասաց Մարիա Սաֆարյանցը, ժպտալով էլ հավելեց,- պետք է արդարացնեմ Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչումս»։ Կատակեցինք, թե բազմազբաղ վաստակավոր արտիստները երբեւէ հանդիպո՞ւմ են տանը, արվեստագետն էլ կատակեց. «Շնորհակալ եմ հոգատարության համար, հանդիպում ենք նաեւ այլ քաղաքներում նույնպես՝ այնպես, ինչպես այս անգամ Երեւանում»։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
11.10.2016