Լրահոս
Օրվա լրահոսը

«Թումանյանական օր»՝ Դսեղում

Հոկտեմբեր 12,2016 13:00

Լոռու մարզի Դսեղ գյուղում տեղի ունեցավ
ավանդական «Թումանյանական օրը»

Ամեն տարի հոկտեմբերի սկզբին Դսեղում են հավաքվում հեռու-մոտիկ բնակավայրերից՝ Վանաձորից, Ալավերդուց, մայրաքաղաքից, եւս մեկ անգամ հաղորդակցվելու թումանյանական աշխարհի հետ։

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնության խոսքերից հետո այս անգամ եւս միմյանց էին հաջորդում օրվա բանախոսները՝ ներկայացնելով մեծ լոռեցու ստեղծագործական նկարագրի դրսեւորումները։ Միջոցառմանը մասնակցում էր եւ ներկաներին դիմեց նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ընդգծելով, որ թումանյանական արժեքները միշտ ուղեկցելու են մեր ժողովրդին։ Ուստի ամեն առիթ չպետք է բաց թողնել թումանյանական աշխարհը ներկայացնելու համար։ «Ամեն ինչ պետք է անել, որ այս փոքրիկ թանգարանը միշտ իր դուռը բաց պահի թումանյանասերների համար»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարը։

7-2-2

Կազմակերպիչների անունից ներկաներին ողջունեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը։ Խոսելով թումանյանական հոբելյանների մասին, նա ընդգծեց, որ երեք տարի հետո հայ ժողովուրդը նշելու է մեծ բանաստեղծի 150-ամյակը եւ դրան պետք է արժանապատվորեն պատրաստվել։

«Այժմ Թումանյանը 147 տարեկան է։ Եվ որքան նրանից մենք հեռանում ենք, մեծ լոռեցին մեզ ավելի է մոտենում»,- իր խոսքը եզրափակեց Սերգո Երիցյանը։
Հանդիսույթին ներկա էր Հովհաննես Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, ով թումանյանական մասունքներ՝ այդ թվում անձնական իրեր եւ Մարտիրոս Սարյանի՝ Թումանյանի նորահայտ դիմանկար-մատիտանկարը նվիրեց Դսեղի Հովհաննես Թումանյանի թանգարանին։

7-2-3
Նա ասաց, որ չի ուզում խոսել թանգարանի խնդիրներից, քանի որ նախարար Արմեն Ամիրյանի հետ քննարկել են այդ հարցերը եւ լուծումներ առաջարկվել։ Պարզապես ցանկալի է, որ Թումանյանի 150-ամյակը դիմավորենք ավելի լայն հնարավորություններ ունեցող տուն-թանգարանում։

«Թումանյանական օրը» նշանակում է նաեւ երգ, երաժշտություն, պոեզիա, ինչը երկար ժամանակ անպակաս էր տուն-թանգարանի առջեւի հարթակում։

ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Դսեղ-Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ»

11.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31