Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստում քննարկվում են «պանամական փաստաթղթերը»:
Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենաքի` զեկույցի ներկայացումից հետո ելույթով հանդես եկան ԵԽԽՎ պատվիրակները:
Ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը պանամական փաստաթղթերում հիշատակվելու փաստը շահարկեց` ՀՀ իշխանություններին կոռումպացված որակելու համար:
Այս ելույթից հետո ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Կարապետյանը հակադարձեցին նրան: Տիկին Կարապետյանը հայտարարեց, որ Միհրան Պողոսյանն արդեն հրաժարական է տվել:
Կարդացեք նաև
Aracvot.am-ի հետ զրուցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ ԵԽԽՎ ամբիոնից պատռել է Ալիևի ընտանիքի դիմակը. «Ես անդրադարձել եմ Ալիևի ընտանիքին` Լեյլայի և Արզու, Մեհրիբան Ալիևաներին, որոնց անուններով օֆշորային գոտում գրանցված տարբեր ընկերություններ կան, ավելին, դրանք անձամբ գրանցել է նրանց հարկային նախարարը»:
ԵԽԽՎ ամբիոնից պարոն Մելքումյանն այս առիթով մի շարք այլ մանրամասներ ներկայացրեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ