Լրահոս
Օրվա լրահոսը

Կիվիրյանն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի եւ Հունան Պողոսյանի գործով լրատվամիջոցները՝ որպես երրորդ անձ, չեն ներգրավվի

Հոկտեմբեր 11,2016 20:25

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր Արգիշտի Կիվիրյանի «Պատվի եւ արժանապատվության մասին» հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի։

Հիշեցնենք՝ խոսքը 2015 թվականի հունիսին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի կողմից Արգիշտի Կիվիրյանի դեմ հնչեցրած մեղադրանքների մասին է։

Նրա պաշտպան Արամազդ Կիվիրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, որպեսզի պատասխանող կողմը իր առարկությունները եւ դիրքորոշումներն արտահայտի հայցի առարկայի եւ հիմքի վերաբերյալ. «Կողմը այսօրվա դատական նիստի ընթացքում ներկայացրեց իր առարկությունները, որոնք հիմնականում վերաբերում էին այն հարցին, թե տվյալ դեպքում այդ դիմումը, որ մենք կատարել ենք հայցապահանջի առարկայի փոփոխություն, չպետք է դատարանի կողմից ընդունվի՝ պատճառաբանելով, թե իբր տեղի է ունենում էական փոփոխություն:

Երբ որ մենք ներկայացրել էինք այդ դիմումը դատարան, դատարանն արդեն վարույթ էր ընդունել, եւ դրա համար նաեւ տվել էր ժամկետ, որպեսզի երկշաբաթյա ժամկետում պատասխան ներկայացվի: Դրա համար այդ մասով առարկությունը, որ չպետք է ընդունվի վարույթ, արդեն ժամանակավրեպ է, որովհետեւ արդեն ընդունվել էր վարույթ: Այդ փաստարկը իրականում մեզ համար էլ այդքան ընդունելի չէ»:

Արամազդ Կիվիրյանն նշեց, որ դատական նիստի ընթացքում նաեւ միջնորդություն են ներկայացրել լրատվամիջոցներին որպես երրորդ անձ ներգրավելու մասին. «Քանի որ մեր պահանջը վերաբերվում է նրան, որպեսզի հրապարակայնորեն ներողություն խնդրվի եւ հերքվի, եւ այդ հերքումը տեղադրվի այդ լրատվամիջոցներում: Մենք գտնում ենք, որ տվյալ դեպքում լրատվամիջոցները պետք է որպես երրորդ անձ ներգրավվեն, որ ոչ միայն իրենց դիրքորոշումը արտահայտեն, այլ հետագայում,եթե մեր հայցը բավարարվում է, որոշակի առումով կարող է իրենց պարտականությունների վրա անդրադառնալ:

Որովհետեւ ըստ էության, դատարանը տվյալ դեպքում պետք է պարտավորեցնի այդ լրատվամիջոցներին տեղադրել հերքումը եւ ներողության տեքստը: Սակայն, դատարանը, չգիտես՝ ինչու, մերժեց այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ տվյալ դեպքում որեւիցե ձեւով չի անդրադառնում եւ լրատվամիջոցներին ներգրավվելու անհրաժեշտություն չկա: Մենք մի քիչ այլ իրավական դիրքորոշում ունենք, բայց, քանի որ դատարանը մերժեց այդ միջնորդությունը այլ հարցեր չքննարկվեցին»:

Դատաքննությունը կսկսվի 2017 թվականի փետրվարին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31