Այսօր հրավիրած ասուլիսում Վիկտոր Դալլաքյանը վստահեցրեց, որ ինքը, համագործակցելով ՀՀ երեք նախագահների, վարչապետների հետ, երբեւէ նրանց կամ որեւէ մեկին չի դիմել՝ անձնական խնդրանքով:
Ավելին՝ ասուլիսից հետո նա նեղսրտել էր, թե ինչո՞ւ էին լրագրողները նրան ասում՝ 4 տարի զբաղեցրել եք նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, բյուջեից փող ստացել ու չեք աշխատել:
Նա ասում էր, որ լինելով ամենաակտիվ պատգամավորը, իր համար ոչինչ չի դիզել, ունեցած-չունեցածը Վանաձորում իր ծնողների երկու սենյականոց բնակարանն է:
Սակայն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում նույն հարցադրումներն արեց ՝ Վիկտոր Դալլաքյանի հետ կապված, որ 4 տարի մարդը բյուջեի միջոցներից աշխատավարձ է ստացել եւ ԱԺ-ում ոչ մի բան չի արել, ունեցել է վարորդ, մեքենա, նրան բենզին են տվել, 4 տարի օգտվել է պետական ռեսուրսից. «Ի՞նչ է նա արել, մի հատ ինձ կարո՞ղ եք բացատրել: 4 տարի պետական բյուջեից հարկատուի մեր փողը ստացել է, ինքն էլ պնդում է, որ ոչ մի բան չի արել»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ Վիկտոր Դալլաքյանը բացատրում է, որ իրեն մեկուսացրել են քաղաքական դաշտից՝ նա արձագանքեց. «Բա չմեկուսանայիր, ինչի՞ էիր մեկուսանում»:
Պարոն Մարուքյանը հորդորեց «քաղաքական դիակը» չկենդանացնել:
Էդմոն Մարուքյանը նաեւ վստահեցրեց, որ այս տարիներին Վիկտոր Դալլաքյանը իր բարեկամներին տեղավորել է աշխատանքի՝ պետական հիմնարկներում, նրա հարազատները, աղջիկը, տղան բոլորը պետական հիմնարկներում են աշխատում:
Հիշեցնենք, որ Վիկտոր Դալլաքյանի պարուհի աղջիկը՝ Լիլիթ Դալլաքյանը պաշտպանության նախարարությունում էր աշխատում: Մոտ 2 տարի առաջ նրա շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, թե ինչպես է աշխատանքի ընդունվելիս ինքնակենսագրականում մանրամասն շարադրել հոր մասին եւ Վիկտոր Դալլաքյանի կապերի շնորհիվ նրան աշխատանքի էին ընդունել: Մամուլում նաեւ հրապարակումներ եղան, որ Վիկտոր Դալլաքյանի կնոջն էլ Վերահսկիչ պալատում աշխատանքի են ընդունել՝ Իշխան Զաքարյանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունների շնորհիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ