Լրահոս
Օրվա լրահոսը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն մտադրություն ունեն նախաձեռնել բանկերի միացման գործընթաց

Հոկտեմբեր 11,2016 17:26

2016թ.-ի հոկտեմբերի 7-ին ավարտվեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիայի կողմից ձեռքբերման գործարքը, որի միակ բաժնետերն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ վերջնական շահառու և Խորհրդի նախագահ, Ռուսաստանում հայտնի գործարար Կարեն Սաֆարյանը։

Հաջորդ փուլով, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն մտադրություն ունեն նախաձեռնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բանկերի միացման գործընթաց, ինչի արդյունքում նախատեսվում է «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ միացումը «Արդշինբանկ» ՓԲԸ-ին:

Միացման արդյունքում ֆինանսական կառույցը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով ևս։ Միացումից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից:

Բանկերի միացումը վերջիններիս թույլ կտա լրացնել միմյանց՝ միավորելով ժամանակակից տեխնոլոգիաները, ծառայությունները և բարձրորակ մասնագետների ջանքերը։ Այս ամենը զգալիորեն կընդլայնի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հնարավորությունները՝ իր հաճախորդներին առավել լայն տեսականիով որակյալ բանկային ծառայություններ մատուցելու առումով՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բիզնեսի ոլորտում։ Այսպիսով, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավելի կամրացնի Հայաստանի բանկային համակարգում իր առաջատարի դիրքը և շուկայում կստանա մրցակցային նոր առավելություններ։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն (մինչ 2014թ.-ի նոյեմբերը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ) հիմնադրվել է 2003թ.-ին, ունի 56 մասնաճյուղ, 1 սպասարկման կետ և ներկայացուցչություն Փարիզում։ Ըստ բանկային հիմնական ցուցանիշների՝ այն մտնում է Հայաստանի բանկային համակարգի առաջին երեք առաջատար բանկերի մեջ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին, ունի 16 մասնաճյուղ և 1 սպասարկման կետ։ Ըստ բանկային հիմնական ցուցանիշների՝ այն միջին դիրք է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում։ Մինչ 2016թ.-ի հոկտեմբերի 7-ը այն հանդիսանում էր «Գազպրոմբանկ» ԲԸ-ի (Ռուսաստանի Դաշնություն) դուստր բանկը։

Երկու կոմերցիոն բանկերն էլ տրամադրում են բանկային ծառայությունների ողջ սպեկտրը Հայաստանի և ԼՂՀ-ի տարածքում։

«Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական կորպորացիան հիմնադրվել է 2006թ.-ին և իր հիմնադրման օրվանից մինչ օրս ներդրումային գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում։

«Արդշինբանկ» ՓԲԸ և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ համատեղ մամլո հաղորդագրությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31