Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում. Ալիեւին նորից զգուշացնում ենք, որ դուք պարտված եք

Հոկտեմբեր 11,2016 17:15

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում

«Հարգելի գործընկերներ,

Եվրոպայի տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունն (ՏՀԶԿ) անցած տարիներին բավականին ծանրակշիռ գործունեություն է իրականացրել տարբեր երկրներում, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, այն առավելապես վերաբերում է տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետ մոդելների մշակմանը: Իսկ այդ մոդելները տարբեր երկրներում, տրամաբանական է, որ տարբեր պետք է լինեն, քանի որ դրանք պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները, պայմանները, ավանդույթները եւ այլն:

Մեր հանրապետությունում կազմակերպության կողմից իրականացվել է տեղական շինանյութերի հիման վրա շինանյութերի արդյունաբերական զարգացման եւ ագրոբիզնեսի զարգացման քաղաքականության զարգացման մոդելների մշակումը, նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության վիճակագրության արժանահավատ մոդելի կիրառությունը:

Դրա հետ միասին մենք ակնկալում ենք ՏՀԶ կազմակերպությունից նաեւ առավել հավակնոտ եւ տարածաշրջանային բնույթ ունեցող մոդելների մշակում եւ դրանց տեղայնացման հնարավորությունների հիմնավորում:

Մասնավորապես, խոսքը գնում է ապրանքների՝ նոր շուկաներ մուտք գործելու, ստանդարտացման եւ սերտիֆիկացման համապատասխան լաբորատորիաների ձեւավորման եւ նմանատիպ խոչընդոտների վերացման ուղղությամբ համապատասխան քաղաքականության մշակման մասին:

Ինչ վերաբերվում է ՏՀԶ կազմակերպության հետ մեր հարաբերությունների եւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ապա մենք շահագրգիռ ենք, որ ՏՀԶԿ-ն Հայաստանում եւ տարածաշրջանում իրականացնի ավելի ընդգրկուն եւ լայնածավալ ծրագրեր, հատկապես այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության արտահանման կարողությունների ավելացմանը, ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը: Հատկապես, կարեւորում ենք տարածաշրջանային համագործակցության հնարավոր մոդելների կիրառությունը, սակայն ասացե՛ք՝ ինչպես կարելի է տարածաշրջանում իրականացնել արդյունավետ համագործակցություն, եթե Ադրբեջանը, ըստ էության, տոտալիտար եւ ագրեսոր պետություն է ցմահ նախագահի ինստիտուտով, փաստը՝ այդտեղ անցկացված վերջին հանրաքվեն, փաստը՝ ապրիլի սկզբին սանձազերծած պատերազմական գործողություններն են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ հենց վերջին օրերին Ալիեւը, ըստ էության, մենատիրական իր իշխանությունը հավերժացնելով, նոր լարվածություններ է ստեղծում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում: Սակայն ոչինչ, ինչպես միշտ, չի ստացվում:

Ալիեւին նորից զգուշացնում ենք, որ դուք պարտված եք եւ առաջինը՝ ձեր ժողովրդի մոտ:

Ադրբեջանի այդպիսի որակի իշխանությունը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ, եթե մենք ձեզ հետ միասին այդ գործողություններին չտանք համապատասխան քաղաքական եւ իրավական գնահատական:

Եվ վերջում ուզում եմ ավելացնել, որ մենք բարձր ենք գնահատում OECD գործունեությունը եւ, իհարկե, ինչպես արդեն նշեցի, ակնկալում ենք, որ մեր տարածաշրջանում այն կընդլայնի համագործակցության եւ աջակցության սահմանները»:

Ելույթի ավարտին խոսքն ուղղելով ՏՀԶԿ (OECD) փոխնախագահին՝ Միքայել Մելքումյանը հարցրել է, թե հետճգնաժամային այսպիսի իրավիճակում հնարավոր ինչպիսի լուծումներ կարող են առաջարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31