Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանում կայացած «Expo Armenia» ցուցահանդեսը` որպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տրամպլին

Հոկտեմբեր 11,2016 16:17

Հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում կայացավ հայկական ապրանքների և ծառայությունների մասնագիտացված «Expo Armenia» ցուցահանդեսը, որին մասնակցեցին հարյուրից ավելի հայկական ընկերություններ: Ցուցահանդեսի տաղավարները բոլոր օրերին բազմամարդ էին. այցելուները հետաքրքրված էին ինչպես հայկական արտադրության ապրանքներով, տեղեկատվական տեխնոլոգիաներով, այնպես էլ` բանկային և ապահովագրական ծառայություններով:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Թեհրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերության կողմից: Իրենց ելույթներում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբոդին հատկապես կարևորեցին ցուցահանդեսի անցկացումը հետպատժամիջոցային շրջանում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսակետից:

Նման մասշտաբի և բնույթի ցուցահանդես Թեհրանում Հայաստանն անցկացրեց առաջին անգամ: Ցուցահանդեսի անցկացումը ցույց տվեց, որ շատ կարևոր է դեսպանության վերաբերմունքը նման միջոցառումների իրականացման նկատմամբ: Այդ առումով Թեհրանի ցուցահանդեսն իրոք կայացած, օգտակար և օրինակելի կարելի է համարել: Ցուցահանդեսի և´ նախապատրաստման, և´ բուն կազմակերպման ընթացքում ցայտուն կերպով դրսևորվեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կողմից իրականացված մեծածավալ կազմակերպական և քարոզչական աշխատանքի արդյունքները: ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ցուցահանդեսի ողջ ընթացքում դրսևորեց մեծ ակտիվություն, նա անձամբ մոտենում էր տաղավարներին, հայկական ընկերությունները ներկայացնում իրանական կողմին` մասնակիցներին ընձեռելով շփվելու, կողմնորոշվելու և գործնական հարաբերություններ հաստատելու հնարավորություն:

Բոլոր տաղավարներում մասնակիցները այցելուներին ներկայացնում էին իրենց ապրանքներն ու ծառայությունները և բանակցություններ վարում հետագա համագործակցության շուրջ: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը` բանկային ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները, արդյունաբերությունը, գյուղատնտեսական մթերքների վերամշակումն ու սննդի արտադրությունը, զբոսաշրջությունը, ապահովագրությունը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը, շինարարությունը, տրանսպորտը և այլն:

Հազարավոր այցելուների ներկայությունը, նրանց շահագրգիռ վերաբերմունքը վկայում էր, որ ցուցահանդեսի անցկացումը իրանական գործարար շրջանակներում լուրջ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի տնտեսության նկատմամբ: Հայկական ընկերությունների և գործընկերների մոտ սպասելիքները մեծ են: Իրանական շուկան մեծ ներուժ ունի հայկական ապրանքների սպառման տեսակետից: Նման ցուցահանդեսները կարող են նպաստել հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, մեր ՓՄՁ-ների մրցունակության և արդյունավետության բարձրացմանը:

Ի դեպ, պայմանավորվածություն կա, որ իրանցի գործարարները նույնպես այցելեն Հայաստան՝ նմանատիպ ցուցահանդեսների մասնակցելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31