Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պաշտպանության նորանշանակ նախարարին

Հոկտեմբեր 11,2016 16:11

 Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ hոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով տիար Վ. Սարգսյանին, հաջողություններ մաղթեց նրան պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնում:

Խոսելով բանակ-հասարակություն հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ այսօր հայ ազգի յուրաքանչյուր զավակ իրեն Հայոց բանակի մասնիկը պետք է զգա և, ապրելով այդ գիտակցությամբ, իր մասնակցությունը բերի բանակաշինության ու Հայրենիքի պաշտպանության գործին: Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին ամեն ջանք և ամեն հնարավորություն կգործադրի այդ գիտակցության ձևավորման համար:

Իր հերթին Պաշտպանության նախարարն անդրադարձ կատարեց ազգ և բանակ հասկացությունների նույնականացման անհրաժեշտությանը` ներկայանելով բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը: Վերջինս ընդգծեց, որ բանակը ոչ միայն պետք է լինի հասարակության հայելին, այլև դառնա նրա յուրօրինակ դարբնոցը` այս ամենում կարևոր նկատելով նաև բանակի Հոգևոր առաջնորդության և ԶՈՒ գնդերեցների առաքելությունը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերհիշելով Արցախ կատարած իր վերջին այցելությունը, գոհունակությամբ հաստատեց, որ հայ զինվորի համար բանակային ծառայությունը սոսկ պարտականություն չէ, այլ հայրենիքի պաշտպան լինելու հանձնառություն և գիտակցություն:

Վերջում Նորին Սրբությունը վերստին Պաշտպանության նախարարին մաղթեց Աստծու օրհնության ներքո պատվով իրականացնել իր առաքելությունը մեր ժողովրդի պաշտպանության և Հայրենիքի արժանավոր ապագայի կերտման համար:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31