Լրահոս
Օրվա լրահոսը

 Կողբի գերեզմանատան քանդված ճանապարհը եւ 9 միլիոնանոց կոթողը

Հոկտեմբեր 11,2016 16:06

Ադրբեջանին սահմանամերձ Կողբ գյուղը Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքն է: Կողբը մարզի այլ գյուղական համայնքների համեմատ բարեկարգ է, պետական բյուջեի միջոցներով բնակավայրի հիմնական փողոցն ամբողջությամբ ասֆալտապատվել է: Սակայն Կողբի գերեզմանատուն տանող ճանապարհի մի հատված վատթար վիճակում է, մարդատար ավտոմեքենաները դժվարությամբ են հաղթահարում ճանապարհը, շատ ավտոմեքենաներ են վնասվում վտանգավոր ճամփին: Կողբի համայնքապետարանը ֆինանսական միջոցներ չի գտել 4863 բնակիչ ունեցող գյուղի գերեզմանատունը տանող ճանապարհը փոքր-ինչ բարեկարգելու համար:

Սեպտեմբերի 22-ին Կողբի Ավագի ձոր կոչվող թաղամասում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի խաչմերուկում մեծ շուքով բացվել է 7 մետրանոց բազալտե կոթող, որը զարդարված է նռերով, սրերով, վահանով եւ այլն: Արձանի մի երեսին տղամարդու գլուխ է, մյուս երեսին՝ կնոջ: Այդ առթիվ կոթողը դարձել է կողբեցիների հումորի, բազում սրամտությունների թեման:

koxb

Արձանի բացմանը ներկա են եղել կոթողի հովանավոր, ամերիկահայ Գեւորգ Աթանիզյանը, «Վարդանանց ասպետներ» կազմակերպության անդամներ, արձանը կերտած կողբեցի քանդակագործ Լեւոն Աբովյանը: Բոստոնահայ Գեւորգ Աթանիզյանը եւ Լեւոն Աբովյանը Կողբի ավագանու որոշմամբ դարձել են Կողբ համայնքի պատվավոր քաղաքացիներ, «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավար Սթիվ Փարաջյանը Գեւորգ Աթանիզյանին պարգեւատրել է այդ կազմակերպության մեդալով: Կողբի համայնքապետարանից տեղեկացանք, որ կոթողի կերտման համար բարեգործի կողմից նվիրաբերվել է 9 միլիոն դրամին համարժեք գումար:

Կողբի մուտքը զարդարվել է կոթողով, իսկ գերեզմանատան ճանապարհն ավերակ վիճակում է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Կոթողի լուսանկարը՝ Կողբ գյուղի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ոսկան ջան ձեռքդ դիր խղճիդ ու ասա նաև, որ վերջին չորս տարվա մեջ առավել շատ գործ է արվել Կողբ համայնքում քան նախորդ յոթ տարիներում, իսկ հումորն ու սրամտությունն էլ թող միշտ անպակաս լինի կողբեցիներից, դա հոգու առողջության մասին է վկայում:

  2. Քանդակագործ Լևոն Աբովյանի հոգու և մտքի արգասիքը, որ վաղուց էր խմորվում իր մեջ, վերջապես հառնեց Կողբ համայնքում: Մոնումենտալ այս աշխատանքը արտահայտում է հայ ժողովրդի մշակույթը, ավանդույթն ու պետականության գաղափարը:
    Պատահական չեն վեր խոյացող սյանը բոլորած չորս նռները, որ խորհրդանշում են աշխարհի չորս ծագերի տարագիր հայությանը, իսկ սյունը, որպես կայունության, ապավինության ու ամրության հիմք, մեր հանրապետությունն է՝ գլխին պահպանած մեծ նռան միջոցով արտահայտելով միասնական ժողովրդի գաղափարը: Չորս կողմից դիտվող յոթ մետր բարձրությամբ հուշակոթողը երկու կողմից արտահայտում է պաշտպանություն (սուր և վահան), մի կողմից՝ հյուրասիրություն և մյուս կողմից՝ մշակույթ: Սյան վերին հատվածում քանդակված են երկու դեմքեր (այր և կին)՝ Աստծո ձեռամբ թագադրվող, քիչ ներքևում՝ սովորական մահկանացուի ձեռքեր՝ ստեղծող,արարող: Այստեղ խոսվում է մեր ժողովրդի՝ Տիրոջ կողմից վերանշված ու ընտրյալ լինելու մասին, միևնույն ժամանակ ինքներս մեր ճակատագիրն ու բախտը տնօրինելու իրավունքի մասին: Հուշակոթողը առավել քան պատմող է դարձել Տիրամոր, խաչի, գրի, գրականության,խաղողի և այլ խորաքանդակների միջոցով՝ այս կերպ արտահայտելով հայի քրիստոնյա, աստվածավախ,հնուց ի վեր գրաճանաչ ու հյուրասեր լինելը:
    Պատմության գիրկն անցնող և իր ասելիքով սերունդներին ի պահ տրվող գեղարվեստական կոթողը կյանքի կոչվեց ամերիկահայ բարերար Գևորգ Աթենիզյանի բարեհաճ հովանավորչությամբ, ինչի համար խորին շնորհակալություն մեր ազգաբնակչության կողմից:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31