Երեւան, 11 հոկտեմբերի, 2016թ.: Արցախի Տումի գյուղում /Հադրութի շրջան/ համայնքային կենտրոնի կառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է Ֆրանսիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:
Կարեւորելով համայնքային կենտրոնների դերակատարումը համայնքի կյանքում՝ վերջին երեք տարիների ընթացքում, այլ ծրագրերին զուգահեռ, ֆրանսահայերը հովանավորել են մեկ տասնյակից ավել կենտրոնների կառուցումն Արցախում:
«Ֆրանսահայ համայնքի կողմից կենտրոնների կառուցման շարունակական նախաձեռնությունը վկայում է, որ դրանք օգնում են առավել համակարգված լուծում տալ բնակիչների առօրյա խնդիրներին եւ դրական լիցք հաղորդում համայնքի կյանքին»,- նշում է գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Երկհարկանի կառույցը մեկ հարկի տակ կկենտրոնացնի գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, խաղասրահն ու համակարգչային սենյակը: 150 հանդիսատեսի համար կից կառուցվող դահլիճն էլ կծառայի համայնքի ամենատարբեր միջոցառումների անցկացմանը:
Կարդացեք նաև
«Վերջապես կկարողանանք համայնքի հավաքներն անցկացնել տեղում՝ առանց գյուղից հեռանալու: Իսկ արդի պայմաններով բուժկետ ունենալը կրկնակի անհրաժեշտություն է մեզ համար, քանի որ գյուղը Հադրութից գտնվում է 31կմ հեռավորության վրա, եւ հաճախ անհրաժեշտ է լինում այստեղ ծնունդներ ընդունել»,- նշում է գյուղապետ Էդիկ Մոսիյանը:
768 բնակիչ ունեցող Տումիում Հիմնադրամը տարիներ առաջ նաեւ վերանորոգել է ջրամատակարարման ցանցը, կահավորել գյուղի դպրոցն ու տրամադրել մանկապարտեզի գույքի մի մասը:
Տումին Արցախի հնագույն գյուղերից է: Այստեղ պահպանված են մի շարք պատմական եւ մշակութային կոթողներ, հուշարձանների մասունքներ:
Մամլո հաղորդագրություն