Քիչ առաջ Գյումրու ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերը՝ ԳԱԼԱ-ն, ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» միասին հայց ներկայացրեցին Շիրակի մարզի վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 09.10. 2016 կայացրած որոշումը։ «Հայկական վերածնունդ» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Համլետ Սարուխանյանը նշեց, որ իրենց նպատակը Գյումրիում նոր քաղաքապետի ընտրության հասնելն է։ Նա տեղեկացրեց, որ կբոյկոտեն ավագանու նիստերը մինչև որ դատարանը իրենց օրինական պահանջները չբավարարի։ Ի դեպ, պարոն Սարուխանյանը տեղեկացրեց, որ հայցադիմումի մի օրինակը տարել են ներկայացնելու Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, սակայն դռները փակ են եղել, այն կուղարկեն փոստով։
ԲՀԿ ներկայացուցիչ Արմենուհի Մխիթարյանն էլ ասաց՝ հաճելի կլիներ, որ վարչական դատարանը լիներ ճշմարտության կողքին, իրենք չհասնեին Սահմանադրական դատարան։ Հիշեցնենք, որ երեք քաղաքական ուժերը պնդում են, որ իրենցից խլել են երկու մանդատ՝ նվիրելով «Բալասանյան» դաշինքին ու այսպիսով անօրինական կարգով Սամվել Բալասանյանին նշանակել են քաղաքապետ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ