Լրահոս
Օրվա լրահոսը

Դալլաքյանը՝ իր եւ Սեյրան Օհանյանի համագործակցության եւ Բաղրամյան 26-ից ուղարկված լինելու մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2016 15:00

Այսօր ՄԱԱ-ում Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի եւ ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել եւ կուսակցական ցուցակով կմասնակցի 2017-ի ընտրություններին: Առայժմ փակագծերը չբացեց, միայն ասաց, որ իր նոր կուսակցության անունը «Շրջադարձ» չի լինի, ինչպես շրջանառվում է մամուլում:

Նա ասել էր, որ եթե իրեն կամ իր ընտանիքի անդամներից որեւէ մեկին որեւէ բան պատահի՝ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Ճիշտ նման արտահայտություն ժամանակին արել էր Արթուր Բաղդասարյանը, որից հետո տեսանք, թե ինչ եղավ: Չի՞ պատրաստվում Վիկտոր Դալլաքյանը այդ նույն սցենարով շարժվել՝ հարցին նա պատասխանեց, որ հումորի մեծ զգացողություն պետք է ունենալ՝ իրեն այդպես համեմատելու:

Aravot.am-ը հարցրեց՝ որքան էլ հումորի զգացում եք ասում, այնուամենայնիվ, արդեն վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ ձեզ Բաղրամյան 26-ն է ուղարկել, ինչպե՞ս կարող եք հերքել եւ համոզել հակառակը՝ նա պատասխանեց. «Իմ այսօրվա ելույթից հետո նման գնահատականները ես համարելու եմ հումորի մեծ զգացողության հետեւանք: Եթե կան մարդիկ, որոնք ինձ կփորձեն հումորի հարթություն տեղափոխել, ես նրանց արդեն պատասխանեցի»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ երբ ասում եք, որ եթե ձեզ հետ որեւէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, Ձեզ սպառնացե՞լ են, Ձեր կյանքին վտա՞նգ է սպառնում, թե՞ դա զուտ ինտրիգի համար ասացիք՝ նա պատասխանեց. «Ես երկրի ուժային բոլոր կառույցներին՝ ոստիկանություն, դատախազություն, երկրի առաջին դեմք, նրանց գործունեությանը գնահատականներ եմ տվել: Համաձայն եք, որ եղել է իմ գնահատականը կոշտ եւ ճշգրիտ: Գիտեք՝ ինչ երկրում ենք ապրում: Ես գիտեմ, որ կարող է նման բան տեղի ունենալ: Ես սա հենց այնպես, ինչ-որ բլեֆի համար չեմ ասում; Պատկերացրեք, ես այսօր ժամը 7-ին տուն եմ գնալու, կարող է, չէ,՞ մի բան լինի: Ես ի՞նչ երաշխիք ունեմ»:

Մեր հարցին՝ թիկնապահ չե՞ք ուզում պահել՝ նա պատասխանեց. «Բացարձակ, իմ թիկնապահը Աստված է»:

Հարցին, թե ինչպե՞ս Սերժ Սարգսյանը այդպես հեշտ բաց թողեց Ձեզ, երբ ասացիք հրաժարականի մասին, նա վստահեցրեց, որ մինչ այս ասուլիսը որեւէ մեկը իր հայտարարության մասին չի իմացել: Ասուլիսից առաջ՝ առավոտյան է իր դիմումները տարել նախագահի նստավայր. «Դա բոլորի համար եղել է անակնկալ»:

Սեյրան Օհանյանի հետ համագործակցության տեղեկությունները Վիկտոր Դալլաքյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց. «Սեյրան Օհանյանն իր գործունեության եւ ծրագրերի մասին որեւէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալ: Ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը եւ կարծում եմ, որ ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, որպեսզի նման ռազմական պետական գործիչը անդամակցեր իրենց կուսակցությանը»:

Թե ո՞վ է ֆինանսավորելու նրա նոր կուսակցությունը, կա՞ ռուսական հետք՝ նա պատասխանեց. «Այսօր ՀՀ ինքնիշխանության լիարժեք իրականացում եմ ասել ռազմավարական խնդիրների մասին խոսելիս: Երբ ՀՀ իշխանությունները ընտրված չեն լինում, արտաքին մարտահրավերների առջեւ շատ խոցելի են լինում: Ես նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ հայամետ քաղաքական գործիչ եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tatevik says:

    ԳՐԱԳԵՏ ՈՒ ԲԱՆԻՄԱՑ ՄԱՐԴ, ՈՒՄ ԿԱՐԻՔՆ ԻՐՈՔ ԿԱ ՄԵՐ ԱԺ-ՈՒՄ, ԻՍԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍ ՏԻՊԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԱՐԿԱԲԵԿԵԼ, ՄԵԾ ՎՏԱՆԳԻՑ ԽՈՒՍՅՍ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ՊԱՐՈՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ ՇԱՏ ԵՆՔ ՀԱՐԳՈՒՄ ՁԵԶ, ՁԵՐ ՆՄԱՆ ՄԱՐԴԸ ԱՐԺԱՆ ՉԻ ԱՅՍ ԿԵՂՏՈՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ,
    ՀԱՋՈՂՈՒՄ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ՁԵՐ ԳՈՐԾԵՐԻ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31