«Հալեպում իրավիճակը սարսափելի է: Վաղուց պետք է փորձեինք մեր հայրենակիցների խնդիրները լուծել: Հայաստանը լավագույն երկիրը չէ, որտեղ նրանք կուզենային ապրել, բայց պետք է փորձել նրանց համար ստեղծել պայմաններ: Արդեն իսկ Երեւանում հաստատված սիրիահայ համայնքը ակտիվ մասնակցում է մեր տնտեսական կյանքին»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ռազմական թատերաբեմ դարձած Հալեպից մեր հայրենակիցներին տեղափոխելու խնդրին, ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա կարծում է, որ Հայաստանը սիրիահայերի հայրենադարձության ծրագիր պետք է մշակի եւ իրականացնի: Նրա խոսքով` անկախ նրանից` կհաջողվի՞ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին վերցնել Հալեպը, թե ոչ, մեր հայրենակիցներն այնտեղ այլեւս անելիք չունեն. «Հասկանում եմ, որ բավականին մշակութային արժեքներ եւ այլ խնդիրներ կան, բայց պետք է փորձել նրանց վերաբնակեցնել, առաջնահերթ` Հայաստանում»:
Կարդացեք նաև
Գագիկ Հարությունյանը միաժամանակ նշեց, որ ՀՀ-ն սիրիահայերի հայրենադարձություն կատարելու ռեսուրսներ չունի. «Ցավոք, առայժմ միայն հայրենալքում ենք նկատում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ