Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մեկուսացրել են, եկել է իմ՝ քարերը նետելու ժամանակը». Դալլաքյանը պնդում է՝ «զոլավոր շորեր եմ հագցնելու» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2016 14:43

«Ես 4 տարի սպասել եմ, որովհետեւ կա քարերը հավաքելու եւ կա քարերը նետելու ժամանակը: Եկել է իմ՝ քարերը նետելու ժամանակը»,- այսօր ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:

Այսօր նա, ի պատասխան լրագրողների հիշեցումների, թե ինչպես էր Վանաձորում հայտարարում, որ Սերժ Սարգսյանը կազինոներում է խաղում, «կոնը 50 հազար դոլար է», նա ասաց՝ «Ես իմ խոսքերի տերն եմ, ես երբեւէ հերքե՞լ եմ իմ այդ խոսքերը»:

Ավելին՝ նա վստահեցրեց, որ տեր է նաեւ իր մեկ այլ հայտարարության՝ «զոլավոր շորեր եմ հագցնելու»:

Վիկտոր Դալլաքյանը տարիներ շարունակ լռելով՝ այսօր վերջապես որոշել է խոսել. «Իմ քաղաքական գործունեության ընթացքում ես սխալվել եմ: Սխալվել եմ, որ համաձայնել եմ անդամակցել ՀՀԿ-ին: Ես ընդունել եմ թիմի մեջ մտնելու առաջարկը՝ հանուն երկրի: Բայց ես սխալվել եմ»:

Նա ասաց, որ Սերժ Սարգսյանն իր վերջին ուղերձից հետո 8 տարում որեւէ ուղերձ չի ունեցել: Ասել է, որ ատոմակայան է կառուցելու, 4 հայտարարություն է արել, որեւէ մեկը չի իրականացել: Նա հիշեցրեց հայտնի թեւավոր արտահայտությունը՝ «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:

Վիկտոր Դալլաքյանը վստահեցրեց, որ 4 տարի է՝ ՀՀ նախագահին չի տեսել. «Դուք տեսե՞լ եք ՀՀ նախագահի ներկայացուցիչ, որ 4 տարի նրան չի տեսել»:

Հարցին՝ ձեր որդու հարսանիքին չե՞ք հանդիպել, իր կենացը չե՞ք խմել՝ նա պատասխանեց. «Տղաս ամուսնացել է 2010-ի մայիսի 6-ին: Ես պատգամավոր էի այդ ժամանակ: 2010-ի եւ 2012-ի տարբերությունը տեսեք: Որդուս հարսանիքին ընդդիմությունից էլ են եկել, Արամ Գասպարի Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը (նկատենք, որ վերջինիս մասով պնդումը չի համապատասխանում իրականությանը.-խմբ.): Արդարություն դաշինքի բոլոր գործընկերներին հրավիրել եմ, բոլորն էլ մասնակցել են, նստել են Սերժ Սարգսյանի դիմացի սեղանին»:

Վիկտոր Դալլաքյանը պատմեց, որ միայն այս տարվա հոկտեմբերի 3-ին Արմեն Գեւորգյանին ներկայացնելու ժամանակ է տեսել Սերժ Սարգսյանին. «Սերժ Սարգսյանը մոտեցավ ինձ եւ ասաց՝ խնդրում եմ, իրար հետ զրուցենք: Բայց թե ինձ ինչ է ասել, դա արդեն մյուս ասուլիսի նյութ է»:

Պարոն Դալլաքյանը ցավով էր խոսում, թե 2012-ի ընտրություններին ինչպես է նկատել, որ ինքը հայտնվել է մենության մեջ. «Գիշերը Վանաձորի քաղաքապետը եւ Լոռու մարզպետը, երբ որ իմ թվերը գալիս էին, իրանք հռհռում էին: Ինձ մենակ թողեցին: Այն կոստյումի պատմությունը, որ կոստյումս էլ ուղարկեմ Վանաձոր՝ կհաղթեմ՝ սեւ PR է: Պաստառները պոկում էին, ասում էին՝ Դալլաքյանն է պոկել, ես պաստառներ պոկո՞ղ եմ»:

Aravot.am-ը հարցրեց՝ 2012-ի ընտրություններից հետո, երբ ԱԺ միջանցքում լրագրողների հետ կարճ ճեպազրույց ունեցաք, ասում էիք, որ օրենսդրական լուծումներ եք առաջարկելու ԶԼՄ-ների կողմից բարձրացված հարցերին, առաջարկություններ եք անելու ՀՀ նախագահին, համագործակցելու եք բոլոր խմբակցությունների հետ, այսինքն, այդ ժամանակ Դուք պլաններ ունեիք, ուրեմն ի՞նչ պատահեց դրանից հետո՝ Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Ես նախագահին ասել եմ, որ ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչը պետք է ունենա ելույթի իրավունք: Որեւէ առաջարկ այդ տեսանկյունից չի ընդունվել: Ես հասկացել եմ մի բան, որ ընդամենը ինձ մեկուսացրել են, ինձ տվել են մի աշխատանք, որը չի կարող քաղաքականության, օրենսդրության վրա ազդել: Ես հասկացել եմ, որ ինձ սա եղել է քաղաքականությունից մեկուսացնելու առաջարկ: Ես ընդունել եմ այդ խաղի կանոնը, որովհետեւ, ինչպես ասացի, կա քարերը հավաքելու եւ քարերը նետելու ժամանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վանաձորում այսպիսիններին այլ անուն են տալիս…ինչը իհարկե հրապարակման ենթակա չէ:Իսկ կոստյումի պատմությունը պատմել է հենց իր բարեկամը, մտերիմը,ինչը հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, այլ պատմություններ էլ կան…Այն ժամանակ իրեն անհաղթելի էր համարում, իսկ հիմա ոտքը քարի է առած:Ուղղակի հիմա կոստյումի փոխարեն կմտածի ավելի թանկ բան ուղարկել` ասենք, կզաքիսի մուշտակ, շարժական վիլլա, Ռոլեքս ժամացույց, ոսկյա կոշիկներ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31