Սեպտեմբերի 11-ին «Մոսկվա կինոթատրոնում» կայացած ասուլիսը նվիրված էր Ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնին, որ անցկացվելու է հոկտեմբերի 13-17-ը, բացվելու է «Ես պարզապես ցանկանում եմ գրկել քեզ» ֆիլմով: Փառատոնը նվիրված է երիտասարդության և սիրո թեմային: Փառատոնի շրջանակներում Երևան, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում կցուցադրվի կինոքննադատների և հանդիսատեսի կողմից բարձր գնահատականի արժանացած ութ լիամետրաժ ֆիլմ: Բոլոր ֆիլմերը 2010-2014 թթ. ֆիլմեր են: Կլինի նաեւ ճապոնական գրականության թատերականացված տեսաշար:
Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը ոչ միայն ներկայացրեց փառատոնը, այլեւ հիշեց խորհրդային տարիները եւ Մոսկվայում կայացող Ճապոնական մշակութային օրերը. «Ես նախանձով էի նայում այդ միջոցառման պատառիկները, երազում էի Մոսկվայում երբեւէ լինել այն ժամանակ, երբ այնտեղ մշակույթի օրեր կկայանան եւ ես մասնակիցը կլինեմ»: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանությանը՝ մեր երկրում կայացող «ճապոնական» միջոցառումների համար՝ սկսած ձյուդոյի օրերից, վերջացրած ճապոնական Նո թատրոնի ներկայացմամբ եւ վերջապես կինոփառատոնով:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, կինոքննադատ Անետա Երզնկյանի ձեւակերպմամբ, փառատոնի շնորհիվ հնարավորություն ունենք հաղորդակցվելու ճապոնական կինոյի հետ, որը հավատարիմ ավանդույթներին՝ շարունակում է ստեղծել ժամանակակից կինո: «Ինքս անմիջական մասնակցել եմ յոթ փառատոնի, բոլոր փառատոներն էլ սպասված էին: Անցյալ տարի այն կանանց էր նվիրված: Այժմ էլ մեզ սպասվում են շատ հետաքրքիր դիտումներ: Ֆիլմերի մի մասն արդեն տեսել եմ, մյուս մասն ուզում եմ մեծ էկրանին դիտել: Կինոն երկխոսություն է, եւ եթե երկխոսությունը ստացվում է, ուրեմն ֆիլմը հաջողված է»,-ասում է տիկին Երզնկյանը:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ուրախ է եւս մեկ անգամ Հայաստանում ճապոնական ֆիլմերի փառատոն անցկացնելու համար: «Այս տարվա փառատոնի թեման երիտասարդությունն ու սերն են: Ես ցանկանում եմ, որ բոլորը, մասնավորապես հայ երիտասարդները դիտեն փառատոնային ֆիլմերը: Այս տարի առաջին անգամ նաեւ Վանաձորում է փառատոն անցկացվելու»,-հայտնեց դեսպանը: «Քանի որ Հայաստանում ունենք դեսպանատուն, աշխատում ենք Հայաստանի շրջաններում էլ ներկայացնել Ճապոնիայի մշակույթը: Հույս ունենք՝ հաջորդ տարի էլ որեւէ հարավային մարզում ներկայացնել մեր ֆիլմերը»,-նշեց Էյջի Տագուչին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ