Լրահոս
Օրվա լրահոսը

Խոպանչիները սկսել են սեռավարակներ քիչ բերել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2016 14:05

Տարեցտարի նվազում են այն դեպքերը, երբ տղամարդիկ խոպանից վերադառնում էին սեռավարակների «փնջով»: Այս մասին ասաց Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սեւադա Հակոբյանը: Aravot.am-ի հարցին ի պատասխան պարոն Հակոբյանն ասաց, որ մարդկանց իրազեկվածությունը բարձրացել է եւ անպաշտպան սեռական հարաբերություններից հետո մեծ մասը դիմում է կանխարգելիչ հետազոտության. «Դա խրախուսելի է եւ կանխարգելում է հետագայում սեռական խնդիրների առաջացումը»: Այդուհանդերձ բժիշկ Հակոբյանը խորհուրդ է տալիս խուսափել ոչ պաշտպանված սեռական հարաբերությունից եւ միաժամանակ մի քանի զուգընկեր ունենալ:

Մանրամասները տեսանյութում

Այսօր «Տեսակետ» ակումբում Սեւադա Հակոբյանն ասաց, որ մինչեւ 40 տարեկանների 18-23 %-ն ունեն սեռական այս կամ այն խնդիրը: Ըստ բժշկի, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս անպտղության ցուցանիշը եւս բարձրացել է, այդ մասին են վկայում նաեւ արհեստական` այսպես ասած` «էկո» ճանապարհով երեխա ունենալու նպատակով բացված կենտրոնների թվի ավելացումը:

Անպտղության բերում են այնպիսի գործոններ ինչպիսիք են ծխախոտի, ալկոհոլի եւ այլ վնասակար սովորությունների չարաշահումը, թմրանյութերի օգտագործումը, թունավոր նյութերի հետ աշխատանքը: Ըստ բժշկի, մեր երկրի որոշ մարզերում էլ այդ ցուցանիշը բարձր է հանքարդյունաբերության պատճառով:

Զույգերին Սեւադա Հակոբյանը խորհուրդ է տալիս, առողջ երեխա ունենալու համար, 75 օր առաջ դադարեցնել վնասակար սովորությունները:
Բժիշկ Հակոբյանի խոսքերով, չբուժված սեռավարակների հետեւանքները նույնպես կարող են հանգեցնել անպտղության: Մեզ մոտ հաճախ հանդիպող սեռավարակներից են խլամիդիան, տրիխոմոնիազը, գոնորեան եւ այլն:

Հարցին, թե սեռական խնդիրները կարո՞ղ են դառնալ բաժանությունների պատճառ, բժիշկ Հակոբյանն ասաց, որ երբ զույգերին հարցուփորձ են անում սեռական սառնության պատճառների մասին, շատ հաճախ տղամարդիկ նշում են, որ դա սոցիալ-տնտեսական գործոններով է պայմանավորված` ծանր աշխատանքը եւ այլն, սակայն կանայք խոստովանում են, որ սեռական կյանքի խնդիրները հանգեցրել են միջանձնային վեճերի:

Այն հարցին, թե ամուսնանալուց առաջ պե՞տք է արդյոք զույգը սեռական կյանք ունենա` համատեղելիությունը պարզելու համար, Սեւադա Հակոբյանն ասաց, որ զույգը կարող է այցելել բժշկի եւ որոշակի հետազոտությունների ենթարկվելով պարզ կլինի` հետագայում ամուսինները կլինեն համատեղելի, թե` ոչ:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31