Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանի ձեռագիրը կամ՝ ինչպես արդյունավետ գործել առանց թմբկահարելու

Հոկտեմբեր 11,2016 14:30

Վերջերս լրատվական կայքերից մեկում փորձ էր արվել վերլուծել ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակված Էդվարդ Նալբանդյանի գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու բացթողումները: Հոդվածի հեղինակը մեջբերել էր արտգործնախարարի կողմից մի քանի առիթներով արված հետեւյալ արտահայտությունը. «Եթե ընտրություն կա զանգ կախելու եւ ճառ ասելու միջեւ, ապա ես նախընտրում եմ առաջինը»։ Ակներեւ է, որ Հայաստանի գլխավոր դիվանագետ Էդվարդ Նալբանդյանը մշտապես առաջնորդվել է հենց այս գաղափարով։

Մարդը կատարյալ չէ. կարող է գրանցել հաջողություններ, կարող է թույլ տալ նաեւ սխալներ: Ոմանց կարող են քննադատության ենթարկել, մյուսներին էլ` գովեստի խոսքեր շռայլել: Սակայն Էդվարդ Նալբանդյանի պարագայում որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այն փաստը, որ նա իր ոլորտի փայլուն մասնագետն է: Եթե, ի տարբերություն շատերի, նա ֆոտոշարքերին մասնակցելու կամ ինքնագովազդով զբաղվելու սիրահար չէ, ապա դա բնավ չի նշանակում, թե իր գործը լավ չի կատարում:

Անկախությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է շարունակում մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Հենց այս խնդրի համատեքստում էլ կփորձենք ներկայացնել, թե ինչ է գրանցվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ Էդվարդ Նալբանդյանի ղեկավարությամբ:

Այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան, որ լուրջ վնաս հասցրեց եւ հետ գցեց բանակցային գործընթացը, ոչ այլ ինչ էր, քան բանակցություններում սեփական ձախողումն ընդունելու Բաքվի բացահայտ ինքնախոստովանություն։ Չկարողանալով հասնել իր նպատակներին բանակցային սեղանի շուրջ՝ Բաքուն փորձեց դա անել ռազմական ճանապարհով ու նորից ձախողվեց։ Այդ վարքագծով Ադրբեջանը նաեւ ցույց տվեց, որ Հայաստանը շահեկան դիրք է զբաղեցնում բանակցային գործընթացում: Ղարաբաղյան հիմնախնդրի պես բարդագույն թնջուկի պարագայում շահեկան բանակցային դիրքի հասնելն ամենեւին պատահականություն չէ, այլ երկարատեւ ու անխոնջ աշխատանքի արդյունք. աշխատանք, որը հանրապետության նախագահի առաջնորդությամբ իրականացնում է մեր դիվանագիտությունը:
Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ներկայացված Մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որոնք, այսպես կոչված, պրահյան գործընթացի արդյունքն են (պրահյան գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2001 թվականին Քի Ուեսթում հրաժարվեց փարիզյան պայմանավորվածություններից):

Այստեղ ավելորդ չէր լինի հիշեցնել, որ 2007 թվականի նոյեմբերից Բաքուն շուրջ մեկ տարի հրապարակայնորեն պնդում էր, թե Մադրիդյան առաջարկների հիման վրա բանակցություններ չեն տարվում եւ չեն կարող տարվել, որովհետեւ նման փաստաթուղթ ընդհանրապես գոյություն չունի: Պաշտոնական Բաքուն փորձում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2008թ. մարտին իր նախաձեռնությամբ ընդունված չարաբաստիկ բանաձեւը ներկայացնել որպես բանակցությունների հիմք: Ալիեւը մինչ այսօր հենց այս եւ 1993թ. ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի վրա է հղում կատարում։

Նշենք, որ Ադրբեջանը միայն 2008թ. նոյեմբերից հրապարակավ համաձայնեց վարել բանակցությունները հենց Մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Այնուհետեւ եղան բազմաթիվ համատեղ հայտարարություններ եւ հռչակագրեր, որոնց մեջ կարմիր թելով անցնում է Արցախի ժողովրդի` իր ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու դրույթը։

Հենց Էդվարդ Նալբանդյանի հետեւողական աշխատանքի արդյունքում 2009թ. Աթենքում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին ընդունված հայտարարությամբ Ադրբեջանը հրապարակավ ընդունեց, որ ինքնորոշման իրավունքը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկն է, իսկ 2010 թվականի Աստանայի գագաթնաժողովում էլ վերահաստատեց այդ դիրքորոշումը: Այս կերպ ձախողվեցին միջազգային իրավունքի սկզբունքների միջեւ աստիճանակարգում դնելու Ադրբեջանի փորձերը, եւ միջազգայնորեն, Ադրբեջանի համաձայնությամբ, ամրագրվեց ինքնորոշման իրավունքի՝ տարածքային ամբողջականության եւ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հետ համահավասարությունը։

Մեծ ութնյակի եւ Մեծ քսանյակի գագաթնաժողովների շրջանակներում` լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում եւ Էնիսկիլենում ընդունված հայտարարություններում Մինսկի խմբի եռանախագահ երկրների առաջնորդները հետեւողականորեն շեշտում էին, որ Ղարաբաղյան հակամարտության հիմք հանդիսացող երեք սկզբունքները` ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը, պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, եւ դրանցից որեւէ մեկին նախապատվություն տալու փորձը կբացառի հավասարակշիռ լուծում գտնելու հնարավորությունը: Հայաստանը բազմիցս է արտահայտել իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի վերոնշյալ սկզբունքները՝ ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ շարունակում է փորձերը՝ հղում անելու միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքին։

Սկզբունքների համահավասարությունը փաստող հայտարարություններ առաջին անգամ շրջանառության մեջ դրվեցին հենց նախագահ Սարգսյանի ղեկավարման եւ Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման տարիներին։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում ինքնորոշման իրավունքի համահավասարեցումը միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներին դրվեց հրապարակային շրջանառության մեջ։ Մինչ 2008 թվականը ԼՂ կարգավորմանը վերաբերող տարբեր փաստաթղթերում եւ բանաձեւերում, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արտահայտվող տեսակետներում, գերակշռող էր տարածքային ամբողջականության սկզբունքը:

Դե, հիմա իրենց մեծ քաղաքագետ ու դիվանագետ համարողները թող համեմատեն այլ հակամարտությունների պարագայում միջազգային հանրության վերաբերմունքն եւ արձագանքները, թեկուզ հենց հետխորհրդային տարածքում: Կարծում եմ՝ տարբերությունն ակնհայտ է:

Հայկական դիվանագիտությանը հաջողվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պարագայում ամրագրել ոչ միայն վերոնշյալ երեք սկզբունքների վրա հիմնված հանգուցալուծման բանաձեւը, այլեւ հրապարակավ արձանագրվել է դրա կարեւորագույն տարրերից մեկը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից ազատ կամարտահայտության միջոցով, ինչն իրավական պարտադիր ուժ պետք է ունենա: Հետաքրքիր է՝ մեր դիվանագիտությունը քննադատողները կարդացե՞լ են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարությունները, որոնց մեջ ամրագրված է այս էլեմենտը: Իսկ եթե կարդացել են` ըմբռնե՞լ են, թե՞ ուղղակի անտեսել:
Նրանց հետաքրքրե՞լ է երբեւէ, թե ինչու է Ադրբեջանը հրաժարվել ընդունել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կազանի փաստաթուղթը, ինչի մասին խոսել են նաեւ համանախագահները: Մի՞թե դիվանագիտական հաջողություն չէ, որ համանախագահ երկրների առաջարկած փաստաթուղթը մերժում է Ադրբեջանը` այդպիսով մնալով միայնակ, հակադրվելով միջնորդներին, փաստացի` ողջ միջազգային հանրությանը:
Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կասեին քննադատները, եթե այդ փաստաթուղթը մերժեր Հայաստանը: Հավանաբար կասեին, թե Հայաստանը մեկուսացվել է, թե չի կարողանում իր տեսակետներն ամրագրել կարգավորման փաստաթղթում, թե մեզ պարտադրում են, ճնշում են, իսկ մեր դիվանագիտությունը չի կարողանում դիմակայել եւ այլն, եւ այլն:

Պատկերացրեցի՞ք: Հիմա խոստովանեք, երբեւէ լսե՞լ եք, որ հայկական դիվանագիտությունը քննադատողները նման եզրահանգումներ կատարեն Ադրբեջանի վերաբերյալ` իմանալով, որ այդ երկիրն է մերժել փաստաթուղթը: Իհարկե` ոչ: Գուցե դա չի տեղավորվել նրանց հետապնդած նպատակների մեջ: Իմիջիայլոց, Կազանի փաստաթուղթը միակը չէր` Բաքուն մերժել էր մինչ այդ համանախագահների կողմից առաջարկված դրան նախորդած մի շարք այլ նախագծեր եւս:

Հիշեցնենք նաեւ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բաքվի կողմից նախաձեռնված տխրահռչակ 62/243 բանաձեւն արտացոլում էր ադրբեջանական դիրքորոշումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, անօրինական համարում նրա «տարածքների օկուպացիան», կոչ անում ապահովել ադրբեջանցի փախստականներին եւ ներքին տեղահանված անձանց վերադարձը, ապահովել հայկական ու ադրբեջանական համայնքների իրավահավասարությունը, ընդունվել էր 2008թ. մարտին, երբ Էդվարդ Նալբանդյանը դեռ ՀՀ արտգործնախարարը չէր:

2008թ.-ից ի վեր հանրությանը հայտնի է առնվազն մի քանի դեպք, երբ Ադրբեջանը ստիպված էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունից հանել իր հեղինակած բանաձեւերը՝ գիտակցելով դրանց տապալման անխուսափելիությունը։
2008 թվականի ապրիլից տարված հետեւողական աշխատանքի արդյունքում սկսեց խոսվել Լեռնային Ղարաբաղի` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին: Եռանախագահներն արդեն հրապարակավ հայտարարություններ են անում Արցախի՝ բանակցություններին մասնակցելու անհրաժեշտության մասին: Եվ մի՞թե սա պատահականություն է: Իհարկե, ոչ: Սա դիվանագիտական հետեւողական ջանքերի արդյունք է: Եվ պատահական չէ, որ Էդվարդ Նալբանդյանը, բացելով փակագծերը, հրապարակավ հայտարարեց, որ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք մինչ այսօր քննարկվել, բանակցվել եւ ի պահ են հանձնվել Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարություն, կա կետ, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի համապատասխան բանակցություններին, եւ առանց նրա մասնակցության անհնար կլինի որեւէ փաստաթղթի մշակում եւ կնքում։

Հենց Սերժ Սարգսյանի նախագահության եւ Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման ընթացքում էր, որ համանախագահ երկրները հանդես եկան հասցեական հայտարարություններով, օրինակ՝ 2015թ. հունվարին Կրակովում եւ սեպտեմբերին՝ Նյու Յորքում, Ադրբեջանին ուղղակիորեն կոչ անելով հարգել խաղաղ կարգավորման առումով իր պարտավորությունները եւ համաձայնել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը, ինչին Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը վաղուց են համաձայնություն տվել: Համանախագահները նաեւ նշել էին, որ Բաքվի կողմից բանակցային ձեւաչափի փոփոխության կամ զուգահեռ հարթակների տեղափոխման փորձերը կարող են ձախողել բանակցային գործընթացը: Նրանք կոչ էին արել հենց Ադրբեջանին վերջ դնել եռանախագահների քննադատությանը, հարգել նրանց մանդատը եւ ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը, անվերապահորեն հարգել հրադադարի ռեժիմը:

Կարծում եք՝ պատահակա՞ն է Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի համանախագահներին ուղղված քննադատությունը եւ հիմնահարցի կարգավորման գործընթացը այլ ձեւաչափեր տեղափոխելու մոլուցքը: Սա նշանակում է միայն մի բան` Ադրբեջանը չի կարողանում բանակցություններում թելադրել իր մոտեցումները: Ավելի ճիշտ, հայկական դիվանագիտությունն այնքան ճկուն է, որ թույլ չի տալիս դա: Այլապես ինչու էր Բաքուն մտացածին մեղադրանքներ ուղղելու համանախագահներին` անվանելով նրանց «անօգուտ տուրիստներ» կամ «իսալամաֆոբներ»: Հաշվի առեք, որ խոսքն այստեղ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի մասին է: Ուրեմն որքան պետք է անճարակ լինի ադրբեջանական դիվանագիտությունը, որ բացի վիրավորանքներից՝ ասելու այլ բան չգտնի:

Այս իրավիճակն իր օգտին շրջելու համար տարիներ շարունակ Ադրբեջանը նաեւ փորձում է փոխել համանախագահների ձեւաչափը: Հայտնի են, մասնավորապես, Թուրքիային ընդգրկելու առաջարկները: Այն, որ դա այդպես էլ տեղի չունեցավ, եւ որ միջազգային հանրության մոտ կասկած անգամ չկա, թե իրականում ինչ մոտեցումներ ունի Անկարան այս հարցում, իր դերն է խաղացել հայկական դիվանագիտությունը:

Հենց վերջին տարիներին տարբեր պետությունների վարչական միավորներ ճանաչեցին Արցախի անկախությունը: Նույն տեսանկյունից կարող ենք դիտարկել նաեւ Արցախի տարածքային ինքնակառավարման մարմինների համագործակցությունն աշխարհի տարբեր քաղաքների եւ շրջանների հետ, ինչը եւս պակաս հաջողություն չէ անկախության ճանաչման ուղին բռնած պետության համար:

Հենց վերջին տարիներին էր, որ տարբեր երկրների խորհրդարաններում ձեւավորվեցին ԼՂՀ հետ բարեկամության խմբեր, Արցախի բնակավայրերը սկսեցին ուղիղ կապեր հաստատել այլ երկրների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Հիշեցնեմ նաեւ, որ ապրիլյան ագրեսիայից հետո, երբ Ադրբեջանը փորձում էր կասկածի տակ դնել 1994 եւ 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը, երբ այդ մասին Ադրբեջանի դեսպանները հայտագրեր էին տարածում ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի կենտրոնակայաններում, եռանախագահները՝ ինչպես միասին, այնպես էլ առանձին հայտարարություններով հանդես եկան եւ հայտագրեր տարածեցին առ այն, որ այդ համաձայնագրերն անժամկետ են ու պետք է լիակատար հարգվեն եւ իրականացվեն։ Իհարկե, գտնվեցին մարդիկ, որ պնդեցին, թե այդ հայտարարությունները երեք խնձորների պես օդից են ընկել։

Իսկ երբ եռանախագահ երկրները հետեւողականորեն շեշտում են, ինչը արվեց նաեւ վերջին՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում, որ պետք է ամրապնդվեն եւ ընդլայնվեն ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները եւ ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը, այսինքն՝ այն, ինչ տարիներ շարունակ հնչեցնում է հայկական կողմը, կրկին գտնվում են վայ-վերլուծաբաններ, ովքեր մարտնչող համառությամբ պնդում են, որ դա էլ մեր կամքից անկախ է տեղի ունեցել։

Թերեւս միայն կույր եւ խուլ ձեւացողները կարող են չտեսնել, չլսել ու չընկալել այդ իրողությունները։ Այստեղ եւս մեջբերեմ Նալբանդյանին. «Գինին թան չէ, ամեն մարդու բան չէ»։

Այս ձեռքբերումների ակունքներում է կանգնած Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած արտաքին գործերի նախարարությունը, որն իր ամենօրյա աշխատանքով արել եւ շարունակում է անել առավելագույնը, որպեսզի Հայաստանն ու ազատ Արցախը ավելի նպաստավոր դիրքերից հանդես գան ԼՂ հիմնահարցի շուրջ տարվող բանակցություններում:

Սա միայն այնքանով, որքանով կարելի է հրապարակավ ներկայացնել:
Շարունակելի
ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ

Հ.Գ. Ս.թ. հոկտեմբերի 8-ին ելույթ ունենալով կառավարության նիստում՝ Իլհամ Ալիեւը հայտարարեց. «Փակ դռների հետեւում մեզ վրա ճնշում է գործադրվում, որպեսզի մենք համաձայնենք Լեռնային Ղարաբաղի անկախությանը»:

 

«Առավոտ»

11.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31