«Կարեւոր է համաձայնագիրը` կապված «Թուրքական հոսք» գազատարի ծրագրի հետ: Եթե այն իրագործվի, դա ոչ միայն կարեւոր է որպես տնտեսական երեւույթ, այլեւ Թուրքիային հնարավորություն է տալիս ամրապնդելու իր դիրքը որպես գազի մատակարարման կենտրոն դեպի Եվրոպա»,-այսօր «Արմենպրեսում» լրագրողների հետ հանդիպմանը՝ խոսելով երեկ կայացած Պուտին-Էրդողան հանդիպման մասին, ասաց արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նշեց, որ մեկ այլ պայմանավորվածությամբ` կողմերը շարունակելու են աշխատել Թուրքիայում ատոմակայանի կառուցման ծրագրի ուղղությամբ. «Սա եւս ռազմավարական ծրագիր է: Արդյունքում Թուրքիան ոչ միայն կունենա ատոմակայան, այլ Ռուսաստանը կպարտավորվի պատրաստել մասնագետներ այդ ծրագրի համար»:
Բանախոսը հավելեց, որ թուրքական ատոմակայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2023 թվականին: Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ գազի գնի վերաբերյալ. «Ռուսաստանը գնաց որոշ զիջումների եւ իջեցրեց գազի գինը Թուրքիայի համար, թեեւ գործարքի մանրամասները գաղտնի են պահվում: Հենց այնպես չի իջեցրել, դա կապված է գազատարի ծրագրի հետ: ՌԴ-ն նաեւ բացեց իր շուկան թուրքական ցիտրուսների համար: Թուրքիան նախատեսում է կես միլիարդի առեւտուր սկսել ՌԴ-ի հետ»,-հայտնեց թուրքագետը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ