Նման արդյունքը սպասելի էր սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի համար։ Մեկնաբանի խոսքով՝ մինչեւ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը չկարգավորվի, ֆուտբոլը չի կարող բարձր մակարդակ ունենալ։ Սուրեն Բաղդասարյանը վստահ է՝ մեր ֆուտբոլային իրականության մեջ եւս պետք է համակարգ փոխվի. «Այսօր քաղաքական ասպարեզում էլ ծանր վիճակի հետ կապված ասում են, որ համակարգ պետք է փոխվի, նույնը վերաբերում է նաեւ ֆուտբոլին՝ ֆուտբոլային համակարգը պետք է փոխվի։ Նրանք, ովքեր կարող են, չեն ուզում ներդրումներ անել։ Մեր ֆուտբոլն այնքան ցած է գլորվել, որ եկել է պահը, որ նրանք, ովքեր պատասխանատու են մեր ֆուտբոլի համար, քարերը թափեն իրենց փեշից եւ հրավիրեն բոլոր այն կարող ուժերին, ովքեր կարող են այս կամ այն կերպ օգնել մեր հավաքականին։ Ցավոք, այդ հարցը այդպես էլ չլուծվեց, եւ պատահական չէր, որ հանդիպման ընթացքում ֆուտբոլասերներն իրենց դժգոհությունը արտահայտեցին»,- ընդգծեց սպորտային մեկնաբանը։
Սուրեն Բաղդասարյանը ականատես է եղել, թե ինչպես է Ռումինիայի հավաքականի գերմանացի մարզիչ Քրիստոֆ Դաունը խիստ դժգոհություն հայտնել իր ֆուտբոլիստներից։ Ասում է՝գերմանացի մարզիչը նույնիսկ հայտարարել է, որ ռումինական ֆուտբոլում միասնություն չկա, բայց Ռումինիայի հավաքականը նույնիսկ այս վիճակում ջախջախեց մեր հավաքականին. «Սա խոսում է այն մասին, որ մենք շատ հետ ենք մնացել, եւ առայժմ լավ բան չի երեւում։ Հարկ է նաեւ մտածել այն մասին, որ ֆուտբոլային հավաքականն էլ պետք է փոխվի, առողջ մթնոլորտ պետք է լինի, մենք պետք է միասնական ձեւով աշխատենք, օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները։ Երբ ես ասում եմ՝ համակարգը պետք է փոխվի, ես նաեւ նկատի ունեմ անձերի փոփոխությունը»,- նշեց Բաղդասարյանը՝ վստահեցնելով, որ մեր միասնական խաղի բացակայությունը սերում է նաեւ ազգային բնավորությունից։
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում