ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (UNESCO) Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC): Դիլիջանը միանում է աշխարհի այնպիսի քաղաքների դինամիկ ցանցին, որոնք աջակցում են ցկյանս ուսումնառությանն աշխարհի տարբեր համայնքներում՝ կրթական քաղաքների առաջընթացին նպաստող կայուն կապերի եւ գործընկերության միջոցով խթանելով քաղաքական երկխոսությունը եւ անդամ քաղաքների միջեւ փորձի փոխանակումը:
«Դիլիջանի բոլոր քաղաքացիների համար UNESCO-ի կողմից նման ճանաչման արժանանալը մեծ պատիվ է, քանի որ Դիլիջանը շարունակում է առաջարկել նոր կրթական ծրագրեր՝ մեր քաղաքացիներին 21-րդ դարի կրթությանը պատրաստելու համար»,- ասել է Դիլիջանի համայնքային կենտրոնի ծրագրի տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, ով կարեւոր դերակատարում է ունեցել Դիլիջանը GNLC-ում ընդգրկելու գործում:
«Դիլիջանը հարթակ է դարձել այնպիսի տեղական եւ միջազգային կենտրոնների համար, ինչպիսին են UWC Դիլիջան քոլեջը, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Դիլիջանի համայնքային կենտրոնը: Այս տարի քաղաքում անցկացվեց Դիլիջանի արվեստների դիտարանը»,- նշել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
UNESCO Ցկյանս ուսումնառության ինստիտուտի տնօրեն Արնե Կարլսենն իր նամակում նշել է Դիլիջանի «կրթական քաղաքի տեսլականի հաջող նախագծումն ու իրականացումը»՝ ցանկություն հայտնելով տեղեկանալ Դիլիջանում հետագա զարգացումների մասին:
Կարդացեք նաև
Դիլիջանի համայնքային կենտրոնին եւ այլ տարածաշրջանային նախագծերին աջակցող Դիլիջանի զարգացման հիմնադրամի և UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդն ասել է.
«Մեր հիմնադրամի նպատակը Դիլիջանին իր փառքը վերադարձնելն ու այն տարածաշրջանում կրթական, մշակութային եւ ժամանցային կենտրոն դարձնելն է, եւ նման միջազգային ճանաչումը կարեւոր քայլ է այդ նպատակին հասնելու ուղղությամբ»:
Դիլիջանի զարգացման հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանն էլ նշել է.
«Մենք ապրում ենք բարդ և արագ փոփոխվող աշխարհում, որտեղ երկրի մրցունակությունն ու տնտեսական աճը մեծապես կախված են կրթության որակից: Վստահ եմ, որ Դիլիջանի ներգրավումն Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում կնպաստի կարևորագույն խնդրի՝ Դիլիջանը Հայաստանի կրթական կենտրոն դարձնելու լուծմանը»:
Այս ցանցում Դիլիջանը Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու հնարավորություն կստանա՝ իր քաղաքացիներին ցկյանս ուսումնառության հնարավորություն տալով եւ, այդպիսով, բազմակողմ եւ հավասար կրթություն ապահովելով:
Մամլո հաղորդագրություն