Հայկական ԱԷԿ-ում սեպտեմբերին սկսված նախագծականխարգելիչ վերանորոգումը կավարտվի 2016 թվականի նոյեմբերին:
Վերանորոգման շրջանակներում իրականացվելու է ռեակտորային սարքավորումների և խողովակաշարերի շահագործական ստուգում, որին կմասնակցեն ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման նախագծում ներգրավված 4 կազմակերպություններ ներկայացնող մոտ 50 մասնագետներ: Հարկ է նշել, որ նախատեսվում է հսկայական ծավալի աշխատանք իրականացնել, որը ռուսական կայաններում սովորաբար իրականացվում է 4 նախագծականխարգելիչ վերանորոգումների ընթացքում:
Բացի այդ հայկական և ռուսական կողմերն անցել են ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի համակարգերի, կառույցների և բաղադրիչների գործիքային զննմանը, որն իրականացվելու է առաջիկա երեք տարիների ընթացքում: Ներկա պահին ռուսական կողմն արդեն մշակել է զննման և հսկողության ավելի քան 30 ծրագիր:
Գործիքային զննման շրջանակներում առաջնահերթ խնդիր է հանդիսանում անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող սարքավորումների շահագործման ժամկետների երկարացումը: Այս տարի նախատեսվում է իրականացնել գլխավոր ցիրկուլյացիոն պոմպերի, գլխավոր փականների, բեռնաբարձման մեխանիզմների և ռադիացիոն թափոնների կառավարման համակարգի զննումը:
Ընդհանուր առմամբ գործիքային զննման շրջանակներում սարքավորումների չափման և հաշվարկների համակարգի հիման վրա անհրաժեշտ է լինելու հիմնավորել ՀԱԷԿ-ի 2000 միավորների շահագործման ժամկետի երկարացումը:
«Ռուսատոմ Սերվիս»