Եթե ԱԺ պատերը լեզու ունենային եւ կարողանային հաղորդում տալ իրավապահ մարմիններին, չգիտեմ, թե 131 պատգամավորից քանիսը կմնային իրենց տեղում։ Աթոռներից նրանց հանելու բոլոր ժամկետներն են սպառվել, իսկ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, անպատժելիության ինչպիսի դրսեւորում, պահանջում է լրագրողներին պատժել ինչ-ինչ հրապարակումների համար, որոնք մեծապատիվ այրերի քիմքին հաճո չեն։
«Օրենքում պատժաչափերը խստացնենք, թեկուզ լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից։ Առաջիկայում, քանի որ ունենք համապետական ընտրություններ, բացառենք լրագրողի կամ լրատվամիջոցի նման դրսեւորումները»։ Ես չգիտեմ, թե ինչի դեմ է կռիվ տալիս սույն պատգամավորը։ Հավանաբար, երազում է ստալինյան ժամանակների մասին, որ մի բան այնպես չգրած լրագրողին կամ լրատվամիջոցին քշեն Սիբիր։ Բա ձե՞զ ով է Սիբիր քշելու, պարոն Ավետիսյան։ Փոխանակ մտածեք, թե ինչպես անեք, որ առաջիկա համապետական ընտրություններում մութ կետեր չմնան, ասում եք՝ լույսը հանգցնենք, տեսնենք մութ սենյակում ոնց են այդ լրատվամիջոցները բռնելու սեւ կատվին։
Պատկերացրեք մի պահ, թե ինչ կլինի, եթե մեկը պատգամավորի բերանը սքոչով փակի կամ մանդատը ձեռքից վերցնի՝ ստախոսության, մութ գործեր անելու, ընտրողներին խաբելու, լրագրողին վիրավորելու, հայհոյելու համար։ Հո սո՞ւտ չէ, որ անձեռնմխելիության սինդրոմով եք տառապում, որ մի թիթիզ դատարան եք ստեղծել ձեզ համար, այսպես կոչված՝ էթիկայի հանձնաժողով, որի որոշումները, իբր, վախ, վախ, վախ, ահավոր ազդում են ձեր վարքուբարքի վրա։ Այդ ձեզ պետք է զրկել ԱԺ մտնելու լիցենզիայից, ոչ թե լրատվամիջոցներին, որոնց աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանում ձեզ մի երկու հոգի ճանաչում է։
Սուքիաս Ավետիսյանի այս քաջալերանքի վրա Սեյրան Շահսուվարյանն ավելի է ոգեւորվել. «Արդեն 25 տարի այդ հարցն օրակարգում է եւ այսօր լուծում չունի։ Լրատվամիջոցները խոսքի ազատության տակ ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ գրում են։ Ես չեմ հիշում որեւէ մի դեպք, որ մի լրագրող մինչեւ այսօր պատասխան տված լինի իր արածի համար։ Բացարձակ ստի համար պատասխան տված լինի։ Անգամ վերցնելով գումար, հրապարակելով որոշ բաներ, որոնցից ինքն էլ անտեղյակ է, չեն էլ փորձում գոնե երկրորդ կողմին լսել»։ Ուզում ես ասել՝ հոպ, ախպեր, մի հատ շունչ քաշիր՝ նոր։ Այս 25 տարում, եթե մի կանգնած բան էլ կա Հայաստանում, դա մամուլն է, որի մասին կարելի է ասել՝ կայացած է։ Եվ կայացած մամուլը բացարձակապես մեղք չունի, որ դաշտը լցրել են այս ու այն օլիգարխի, այս ու այն չինովնիկի, այս ու այն խոսնակի, այս ու այն դուրսպրծուկի սպասարկու թերթուկայքով, հեռուստաալիքներով ու ֆեյք-գումարտակներով։ Կարո՞ղ եք՝ մաքրեք դաշտն այդ աղբից։ Այլապես ցանկանում եք ընդհանուր կեղտի մեջ ներկայացնել հայկական լրագրությունը՝ խոսքի իրավունք ապահովելով միայն գովերգող լրատվամիջոցների համար:
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում