Լրահոս
Օրվա լրահոսը

Չզբաղվել «առնետների որսով»

Հոկտեմբեր 11,2016 10:04

Եթե Քրիստ Մարուքյանը դառնար Վանաձորի քաղաքապետ, դա իշխանությունների համար կործանարար հետեւանքներ չէր ունենա, ինքնին երկրում իշխանափոխության սկիզբը չէր լինի: Հակառակը` տարբեր միջազգային զեկույցներում գրվելու էր, որ Վանաձորում հաղթեց ընդդիմության թեկնածուն: Էլ չեմ ասում, որ վանաձորցիների համար լավ կլիներ, որովհետեւ այդ թեկնածուն շատ հզոր մոտիվացիա կունենար` քաղաքը բարեկարգելու, փողոցներն ասֆալտապատելու եւ լուսավորելու: «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը կձգտեր ապացուցել, որ ընդդիմադիր քաղաքապետը շահեկանորեն տարբերվում է իշխանական քաղաքապետից: Մամիկոն Ասլանյանը նման մոտիվացիա չունի, ինչպես չուներ նախորդ քաղաքապետը, որի ղեկավարության 17 տարիների ընթացքում, ըստ վանաձորցիների, մեր երկրի երրորդ քաղաքը խիստ հետընթաց է ապրել:

Բայց արի ու տես Հանրապետականը (ինչ-որ «տղայական սկզբունքներից» ելնելով) «վիզ դրեց» եւ կարողացավ ճնշում գործադրել կամ ինչ-որ ձեւով շահագրգռել ընդդիմադիր երեք կուսակցություններից ավագանու 4 անդամներին, որոնք, ի հեճուկս շաբաթ օրը «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ստորագրած հուշագրի, իրենց ձայնը տվեցին ՀՀԿ-ական թեկնածուին: Հուշագիրը ստորագրում են «կուսակցական շեֆերը», իսկ նշված կուսակցություններից ընտրված Վանաձորի ավագանու անդամները ապրում են կոնկրետ միջավայրում` փոքր քաղաքում, ապրում են իրենց հոգսերով, իրենց դժվարություններով: Հիմա եթե «շեֆերը» սկսեն իրենց կուսակցությունների շարքերում փնտրել «դավաճաններին», «ծախվածներին» կամ «առնետներին», դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա: Ավելի վատ կլինի, եթե նրանք սկսեն «առնետության» մեղքն իրար վրա գցել: Թշնամիներ փնտրելուց լույսի քանակը չի ավելանա:

Հուսահատվելը, «դուխից ընկնելը» նույնպես առանձնապես արգասաբեր ճանապարհ չէ: Վերագնահատել կուսակցությունների կառուցվածքը եւ կադրերը ու շարժվել առաջ, պատրաստվել հետագա քաղաքական պայքարին` ինձ թվում է, դա պետք է լինի լուրջ ընդդիմադիրների հետեւությունը (եթե նրանք այդպիսիք են): Նույնիսկ եթե դու սեփական դաշտում պարտվում ես 0:5 հաշվով, դա չի նշանակում, որ պետք է նստես, դարդ անես ու ասես` «վերջ, Հայաստանում էլ ֆուտբոլ չկա ու չի լինելու»: Իսկ ՀՀԿ-ն պետք է հասկանա` ամեն գնով ձեռք բերված հաղթանակն իրականում հաղթանակ չէ:

…Ինչ վերաբերում է կաշառելուն, սպառնալուն, շանտաժ անելուն եւ ճամբարից ճամբար «փախցնելուն», ապա, հավատացեք՝ դա զուտ հայաստանյան երեւույթ չէ: Նույնն անում են, ասենք, ԱՄՆ կոնգրեսում: Դիտեք «Խաղաթղթե տնակը» ամերիկյան սերիալը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Մի փոքրիկ, շատ փոքրիկ դետալ մոռացել եք պարոն Աբրահամյան

    Ձեր նշա երկրում՝ ԱՄՆ, վանաձորի կամ Գյումրիի պես ավերակ քաղաք չկա ու այդ քաղաքի բնակչի ՏԱՆՁԻՆ ՉԻ, ով կլինի քաղաքապետը, իր խնդիրներով զբաղվող է պետք: Մեզանում ձեր ասածն է՝ ասֆալտ կանի, թե փողերը կուտի, կլուսավորի, թե կլափի:

    Համեմատությունը տեղին չէ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31