Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը «18 թոռ ունի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2016 23:25

«Մեր տունը» 10 տարեկան է. այսօր «Մեգերյան Կարպետ» ցուցասրահում նշվեց այս հասարակական կազմակերպության ծնունդը:

Էջմիածնում գործող «Մեր տունը» սոցիալական հ/կ-ն արդեն 10 տարի է մանկատների շրջանավարտներ 18-24 տարեկան երիտասարդ աղջիկների է ընդունում, նրանց կրթում, տարբեր հմտությունների՝ ձեռագործ, խոհարարական հմտություններ սովորեցնում ու ամուսնացնում, եւ որ ամենակարեւորն է՝ երիտասարդ աղջիկներին հետ պահում թրաֆիքինգի զոհ դառնալուց:

img_8321-1 img_8329-1

«Մեր տունը» հ/կ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը 10 տարի առաջ որոշեց հիմնել այս կացարանը, երբ Գավառի մանկատան շրջանավարտ Դավիթը զանգահարել էր նրան եւ ասել՝ «Տեղ չունեմ գնալու»:

Հ/կ-ի ներկայացուցիչներն ասում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շատ է աջակցում նրանց: Միջոցառման ժամանակ պարոն Գրիգորյանն ասաց, որ ինքը Տիգրանուհի Կարապետյանի հետ «Մեր տան» սաների համար ծնող են եղել, աղջիկների են ամուսնացրել, խնամի դարձել: Ու հիմա արդեն 18 թոռ ունեն:

«Ամենահուզիչ պահն ինձ համար այն էր, երբ եկեղեցում հերթական ամուսնությունն էր, ասացին՝ ծնողները թող մոտիկանան: Տիգրանուհին առաջինը մոտիկացավ, իսկ ո՞ւր է հայրը, բոլորն իմ վրա էին նայում: Ես որպես հայր, Տիգրանուհին որպես մայր հանձնեցինք մեր հերթական հարսնացուին»,-պատմեց Կարեն Գրիգորյանը, հավելելով՝ գնացին Եղեգնաձոր, խնամու պարտականությունները կատարեցին. «Եվ ամենակարեւորը՝ ունենք արդեն 18 թոռ»:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Aravot.am-ի հետ զրույցում Տիգրանուհի Կարապետյանն ասաց, որ իրենց հ/կ-ի միջոցով կոտրվել է այն կարծրատիպը, որ մանկատան աղջիկների հետ չեն ուզում ամուսնանալ:

«Սկզբում կարծիք կար, թե ինչո՞ւ մանկատան շրջանավարտին ընտանիք տանեն, ի՞նչ ընտանիք կլինի: Տղաներից մեկը շատ սիրահարված էր, պայքարեց եւ հիմա շատ լավ ընտանիք են կազմել»:

Տիկին Կարապետյանը պատմեց, որ լինում են դեպքեր, երբ գալիս են իր մոտ «Մեր տուն» հ/կ-ի աղջիկների ձեռքը խնդրելու, բայց արժանի փեսացու չի լինում, մերժում է: Տիկին Կարապետյանն ասաց, մի անգամ, երբ մերժել էլ խնամախոսին աղջիկ տալ, նա գնացել էր ոստիկանություն ու բողոքել:

«Մենք աղջիկներին պատրաստում ենք ընտանիքի համար, հայեցի, քանի որ նրանք զրկված են եղել ընտանիքից»,-ասաց տիկին Կարապետյանը:

Անի Առաքելյանը ամուսնացել է «Մեր տնից». հիմա շատ երջանիկ է. պատմեց, որ ամուսինը, որը այլ երկրում էր բնակվում, հոդված է կարդացել, որտեղ գրված է  եղել, որ մանկատան աղջիկներին հարս չեն տանում, ու որոշում մանկատան սան հետ ամուսնանալ: Անիի հետ ծանոթացել է համացանցով, ու ինչպես Անին ասաց՝ ինձ է հավանել միանգամից. «Ու ասել է, որ հենց ինձ պիտի ուզի: Եղել են դեպքեր, որ ծնողները, երբ իմացել են տղան մանկատան աղջկա է հավանում, ասել են՝ ընտրի, կամ աղջիկը, կամ մենք: Տղան ծնողներին ամեն ինչ գրագետ ներկայացրեց, ասաց, որ ավելի լավ է մանկատնից, քան դրսից, որովհետեւ մանկատան աղջիկներն ավելի լավ հարսներ են լինում»,-Aravot.am -ի հետ զրույցում պատմեց Անին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31