Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրահայտ գերմանացին հանդես կգա «Հովերի» հետ

Հոկտեմբեր 10,2016 20:52

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա «Հովեր» պետական կամերային երգչախումբը եւ համերգը կղեկավարի  գերմանացի ճանաչված դիրիժոր Ֆլորիան Հելգաթը:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Հովերի» գեղարվեստական  ղեկավար, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը, 2016-ը «Հովերի»  համար «գերմանական» տարի է ստացվել: Նրա խոսքերով, հուլիսի վերջին երկու համերգով հանդես են եկել Գերմանիայում` «Շնորհակալություն Գերմանիա» խորագրով եւ  այդ համերգները նոյեմբերի 2-ին եւ 3-ին հեռարձակվելու են եվրոպական քաղաքներում:

sona-2

«Սեպտեմբերի սկզբին էլ տենոր Լիպարիտ Ավետիսյանի հետ եղանք Լայպցիգում եւ աշխատեցի Լայպցիգի ռադիոյի պետական երգչախմբի հետ, որը Գերմանիայի լավագույն կամերային երգչախմբի համարում ունի: Ես հրավիրված էի որպես կոնսուլտանտ: Դա շատ կարեւոր համերգ էր, որին ներկա էին Թուրքիայի դեսպանը, Գերմանիայի վարչապետը, համերգում էլ հնչում էին բյուզանդական, հրեական, հայկական հոգեւոր խմբերգային ստեղծագործություններ:  Հայկականի մասով ես էի պատասխանատուն: Այժմ էլ Երեւան է ժամանել Ֆլորիան Հելգաթը, որի հետ համատեղ համերգ կլինի հոկտեմբերի 14-ին, իսկ 11-ին բաց փորձ կկայանա: Այս երեք կարեւորագույն գործերը արվել են բացառապես գերմանական կողմի ֆինանսավորմամբ»,-հայտնեց տիկին Հովհաննիսյանը: Տիկին Հովհաննիսյանը Ֆլորիան Հելգաթին էլ բնորոշեց  որպես Եվրոպայում շատ հայտնի դիրիժոր, որի հետ անչափ հետաքրքիր է աշխատելը:

«Ամբողջ համերգին պրեմիերաներ են լինելու, բացի երկու Կոմիտասներից: Ամբողջ գերմանական երաժշտությունը հնչելու է` սկսած ակադեմիականից մինչեւ ժամանակակից հեղինակներ, որոնք իր ընկերներն են եւ կոնկրետ իր համար են գրել այդ գործերը: Ժամանակ կարճ էր այդ բոլորը պատրաստելու համար, որովհետեւ այլեւայլ հրավերներ ունեինք, այնուամենայնիվ Ֆլորիան Հելգաթը շատ գոհ է եւ չէր պատկերացնում, թե ինչ մակարդակի երգչախմբի հետ է գործ ունենալու: Ու ամեն անգամ զանգում է Գերմանիա եւ իր  դրական տպավորություններն է  հայտնում»,- նշեց «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը: Նրա ձեւակերպմամբ, խմբերգային երաժշտությունն եվրոպական երեւույթ է եւ եթե այդ առնչությունները չլինեն, մրցունակություն էլ չի լինի: Ինչ վերաբերում է «Հովերին» , այն շատ է ճամփորդել շատ երկրներում, եւ մի բան հստակ է` վերջին տարիներին կամերային երգչախմբի հետ աշխատելու նման փաստ դեռեւս չի գրանցվել:

Ըստ Սոնա Հովհաննիսյանի, «Հովերի»  երկացանկում շատ է ժամանակակից ակադեմիական երաժշտություն, եւ այլ երգչախումբ այս քանակի բազմազանությամբ ժամանակակից երաժշտությանը չի անդրադառնում: Ժամանակակից խմբերգային երաժշտության հեղինակներով զբաղվելը «Հովերի»  պարագայում անկյունաքարային նշանակություն ունի: Ի միջիայլոց, երգչախումբը  տարեսկզբին էլ անդրադարձել է մինչեւ 35 տարեկան հայ երիտասարդ կոմպոզիտորներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Սոնա Հովհաննիսյանի լուսանկարը`Ֆեյսբուքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31