«Թիվ մեկ խնդիրը, որ պետք է օրենքը լուծի «խտրականություն» հասկացության սահմանումն է»,- հոկտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Իրավունքի Զարգացման Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վիոլետա Զոփունյանը:
Նա որպես խտրականության մասին օրենքի գլխավոր առաքելություն առանձնացրեց այն, որ օրենքը հնարավորություն կտա կանխարգելել խտրականության դեպքերը, եւ խտրականության ենթարկված անձինք հնարավորություն կունենան պաշտպանել իր իրավունքները: Վիոլետա Զոփունյանը կարեւորում է նաեւ օրենքի ընդունումը հենց այն տեսքով, որ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին. «Այստեղ կարիք չկա նոր հեծանիվ հնարելու, քանի որ այս ամենը ամբողջ աշխարհում արդեն գործում է: Ինչ վերաբերվում է մեր հարեւան երկրներին՝ նաեւ հնարավորություն ունեցանք ծանոթանալու Մոլդովայի, Վրաստանի օրինակին, որն, ի դեպ, արդեն ունի ընդունված օրենք խտրականության մասին ունի նաեւ մարմին, որը զբաղվում է այդ հարցերով»:
Վիոլետա Զոփունյանը ընդգծեց, որ արդարադատության նախարարության եւ պետության առջեւ խտրականության մասին օրենքի ընդունումը դրված է իբրեւ Եվրամիության բյուջետային աջակցության ծրագրի պայման. «Կոալիցիայի անդամները հանդիպել են աշխատանքային խմբի հետ գործընթացում, երբ օրենքի նախագիծն է մշակվել: Այս պահին այն տեղեկատվությամբ, որը մենք ունենք օրենքի նախագիծը պատրաստ է, թե ինչ փուլում է, այսինքն՝ դրվել է շրջանառության եւ ինչ տեսքով է այն դրվել, դեռեւս վստահորեն չենք կարող հայտնել: Բայց նախագիծը մշակվել է եւ տեքստն արդեն իսկ պատրաստ է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»: