«Հարցն այն է, որ երկու երկրների տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները պետք է նստեն եւ փորձեն կարգավորել այդ հարցը: Ոչ թե աչքաթող անեն, ինչպես մինչ այժմ: Այս պահին էլ կարծես նման մոտեցում կա`եկեք դեռեւս չնկատենք, որ նման խնդիր կա: Բայց եթե լրագրողները, հասարակական գործիչները այդ հարցը բարձրացնում են, հերթապահ պատասխաններ են հնչում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը`պատասխանելով Վրաստան մուտք գործելու արգելված հայ գործիչների «սեւ ցուցակների» մասին հարցին:
Aravot.am-ն արդեն անդրադարձել է այդ հարցին: Այս պահին վրացական «սեւ ցուցակում» են ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Ստեփան Մարգարյանը, պատմաբան-հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, Հովհաննես Այվազյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին: Հավելյալ նշենք, որ «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ արգելված է նաեւ որոշ դաշնակցականների մուտքը Վրաստան:
«Ես լսել եմ, որ Հայաստանում էլ է առաջարկ հնչել`եթե իրենց մոտ նման մեխանիզմ կա, մեզ մոտ էլ կիրառենք»,- ասաց Ջոնի Մելիքյանը`հավելելով, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե դա ի՞նչ անդրադարձ կունենա հայ-վրացական հետագա հարաբերությունների վրա:
Մեր զրուցակիցը, սակայն, փաստում է, որ բավական շատ վրացի պատմաբաններ իրենց ուսանողներին բերում են Ախթալա`այդ տարածաշրջանը եւ այնտեղ գտնվող պատմամշակութային արժեքները ներկայացնում իբրեւ վրացական:
Կարդացեք նաև
Մի քանի տարի առաջ հայ-վրացական սահմանամերձ բնակավայրերում բավական սուր խնդիրներ առաջացան սահմանի բացակայության համատեքստում: Դեմարկացիոն աշխատանքները մինչ այժմ էլ ավարտված չեն: Այն ժամանակ, հայկական գյուղերի բնակիչները բողոքում էին, որ վրացական կողմն անընդհատ դեպի հայկական տարածքներ է տեղափոխում սահմանազատող լարերը: Ստացվել էր այնպես, որ հայկական գյուղերից մեկի գերեզմանատան մի հատվածը հայտնվել էր վրացական կողմում եւ մարդիկ իրենց հարազատների շիրիմներին այցելելու համար պետք է սահման հատեին: Վրացագետ Ալիկ Էրոյանցը նկատում է, որ այդ խնդիրները դեռ լուծում չեն ստացել, բայց նախկին սրությամբ չեն արտահայտվում. «Այդ քաղաքականությամբ իրենք զբաղվեցին, բավական մեղմացրեցին: Ի դեպ, Ադրբեջանի հետ հարաբերություններում առավել սուր արտահայտվեց այդ խնդիրը: «Վրացական երազանքն» իր հավասարակշռման քաղաքականության արդյունքում չգիտեմ ինչպես արեց, բայց հարթեց խնդիրն`առնվազն մինչեւ դրա լուծումը»:
Մեր զրուցակիցը նկատում է, որ Վրաստանի բոլոր իշխանությունների օրոք ներքին հակահայկական, հակաադրբեջանական տրամադրությունները միշտ էլ եղել են`մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Այժմ, ըստ Ալիկ Էրոյանցի, Վրաստանում բավական մեծանում են հակաթուրքական տրամադրությունները: Նա բնավ պատահական չի համարում Բաթումում թուրքական դպրոցի կառուցման շուրջ առաջացած աղմուկը: Նա կարծում է, որ Աջարիայի իշխանությունները հատուկ թույլատրեցին այդ դպրոցի անօրինական շինարարությունը`հակաթուրքական տրամադրությունները պահելու համար:
Ջոնի Մելիքյանն էլ կարծիք հայտնեց, որ վրաց-թուրք-ադրբեջանական տնտեսական, ռազմական համագործակցությունը չի խորանա`թեպետ ստեղծված ռազմավարական խորհրդին: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած «Պատրիոտների ալյանս» կուսակցության նախընտրական քարոզարշավը բացահայտ հակաթուրքական էր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ