Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ճշտվում են, բայց արդեն հայտնի է, որ Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանում կաշխատեն Բիձինա Իվանիշվիլիի կողմից անուղղակիորեն ղեկավարվող իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որ հավաքել է մոտ 43 տոկոս ձայն, Միխայիլ Սահակաշվիլիի կողմից անուղղակիորեն ղեկավարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը հավաքել է 27 տոկոս ձայն եւ «Պատրիոտների ալյանս» կուսակցությունն է հաղթահարել հինգ տոկոսի շեմը: Հիշեցնենք, այդ ընտրություններին մասնակցում էին 20 կուսակցություն եւ դաշինք:
Թեպետ «Պատրիոտների ալյանս» կուսակցությանն ի սկզբանե փակցվեց «ռուսամետ» պիտակը, սակայն այսօր, մամուլի ասուլիսում վրացագետներ Ջոնի Մելիքյանը եւ Ալիկ Էրոյանցը փաստեցին, որ Վրաստանի խորհրդարանում գտնվող երեք ուժերն էլ արեւմտամետ ուժեր են:
Ջոնի Մելիքյանն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ նույն օրը Աջարիայում եւս խորհրդարանական ընտրություններ էին: Այնտեղ էլ առաջատար դիրքերում են նշյալ երեք կուսակցությունները` նույն համամասնությամբ, ինչ Վրաստանի խորհրդարանում եւ «Ժողովրդավար դեմոկրատների» կուսակցությունը:
Բանախոսները բավական անսպասելի են համարում Վրաստանի Հանրապետական կուսակցության պարտությունը խորհրդարանական ընտրություններում: ՎՀԿ-ն նույնիսկ թերկու տոկոս աջակցություն չստացավ ընտրողներից այն պարագայում, երբ նախորդ կառավարությունում նրա դիրքերը բավական ամուր էին: Նախորդ`կոալիցիոն կառավարությունում, Վրաստանի պաշտպանության նախարարն այդ կուսակցության ներկայացուցիչն էր:
Կարդացեք նաև
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում որոշ խախտումներ են եղել, ադրբեջանաբնակ շրջաններում ծեծկռտուքներ են եղել, որոշ տեխնիկական թերություններ են եղել, հատկապես ձայների հաշվարկի ժամանակ, դրանք, սակայն, ըստ միջազգային գնահատողների, էական ազդեցություններ չեն թողել ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա:
Ջոնի Մելիքյանը եւ Ալիկ Էրոյանցն արձանագրում են, որ վերջին 2-3 ընտրությունների արդյունքներով պարզ է դառնում, որ Վրաստանը գնում է ժողովրդավարական ճանապարհով:
Հայ պատգամավորների թիվը Վրաստանի այս գումարման խորհրդարանում կլինի երեքը` երկուսը`մեծամասնական կարգով ընտրված եւ իշխող «Վրացական երազանքի» համամասնական ցուցակում ընդգրկված Հենզել Մկոյանը: Խոսելով Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների հայանպաստ գործունեության մասին, Ալիկ Էրոյանցը նկատեց, որ առավել մեծ են մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորների հնարավորությունները: Մինչ այժմ, սակայն, խնդիր է եղել. անգամ ցեղասպանության ճանաչման գործընթացում նրանք բավական կրավորական կեցվածք են դրսեւորում:
Ի՞նչ անդրադարձ կունենան Վրաստանի այս ընտրությունների արդյունքները հայ-վրացական հարաբերությունների վրա` հարցին, Ջոնի Մելիքյանը պատասխանեց, որ իշխող ուժն իր կառավարությունը կձեւավորի եւ ազատվելով եվրոատլանտյան տարբեր միավորներին ձգտող ուժերի կոալիցիայից, այս քաղաքական ուժն ավելի ազատ կարող է լինել ռուս-վրացական հարաբերություններում, ինչը, բնականաբար, դրական կանդրադառնա հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերությունների վրա: «Թեպետ եթե իշխանափոխություն էլ լիներ, չեմ կարծում թե տրագիկ զարգացումներ լինեին»,- ասաց նա:
Ալիկ Էրոյանցն էլ հավելեց, որ հակառուսական տրամադրությունները վերջին շրջանում Վրաստանում բավական մեղմվել են: Նա կարծում է, որ «Վրացական երազանքի» որդեգրած` հարեւանների հետ հավասարակշռված հարաբերությունների քաղաքականության պահպանումը կշարունակվի, ինչը Հայաստանի շահերից է բխում:
Բանախոսները նշեցին նաեւ, որ Ջավախքում դեռեւս շարունակում են ընդգծված մնալ հայերեն կրթության խնդիրները: Սահմանափակումները, որոնք մտցվեցին Միխայիլ Սահակաշվիլիի օրոք, մինչեւ այժմ էլ պահպանվում են: Սեփականության հետ կապված խնդիրներ կան: «Հաջորդ կառավարությունը կարծում եմ, պետք է զբաղվի այս հարցերով»,- ասաց Ալիկ Էրոյանցը` հավելելով, որ շատ խնդիրներ ոչ այնքան ազգային փոքրամասնությունների հարցերի համատեքստում են, որքան Վրաստանի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ