Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ընդունել են իրենց մեղքը եւ ընկերացել տուժած լրագրողների հետ

Հոկտեմբեր 10,2016 12:45

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերի ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ գործի քննությունն էր:

Հիշեցնենք, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության 4 աշխատակիցների:

vostikan_lragrox_dat_7 vostikan_lragrox_dat_6

Ոստիկաններ Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը, Կոստան Բուդաղյանը եւ Դավիթ Փերիխանյանը ընդունել են իրենց մեղքը:

Այսօր դատարանում տուժող լրագրողներից չէր ներկայացել միայն «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանը:

vostikan_lragrox_dat_5 vostikan_lragrox_dat_4

vostikan_lragrox_dat_3

Դատավորը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Ավագ սերժանտ Տաճատ Նորատունկյանն ասաց, որ խնամքին ունի 4 տարեկան երեխա: Երբ դատավորը հարցրեց, թե որտե՞ղ է ծառայել՝ նկատի ունենալով ոստիկանության ո՞ր բաժնում եւ հիմա համակարգո՞ւմ է, թե՞ ոչ՝ ոստիկանը սկսեց պատմել բանակի իր ծառայությունից. «Ծառայել եմ Արմավիրում»:

Ոստիկանության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակում ծառայող, սերժանտի կոչում ունեցող Արթուր Այվազյանն ասաց, որ միջնակարգ կրթություն ունի, ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, մեծը՝ 5 տարեկան: Մյուս ամբաստանյալը՝ ոստիկանության կապիտան Կոստան Բուդաղյանն ասաց, որ իր խնամքին ունի թոշակառու ծնողներ:

Ուշագրավ էր ոստիկան Դավիթ Փերիխանյանի պատասխանները դատարանում: Նա ասաց, որ բարձրագույն զինվորական կրթություն ունի եւ խնամքին ունի 5 ամսական տղա: Դատավորի բոլոր հարցերին նա պատասխանում էր զինվորական խրոխտությամբ կամ «ճիշտ այդպե՛ս», կամ «ոչ մի կե՛րպ»:

Տուժողների ներկայացուցիչն է Դավիթ Գյուրջյանը, իսկ ամբաստանյալների շահերն է ներկայացնում Տիգրան Գալստյանը:

vostikan_lragrox_dat_2 vostikan_lragrox_dat_1

Դատական նիստի ընթացքում «Ֆոտոլուրի» լրագրող Հայկ Բադալյանն ասաց, որ շտապում է, ուզում է դուրս գալ՝ հատկապես, որ որեւէ բողոք չունի ոստիկանի դեմ:

Հիշեցնենք, որ նրան, ըստ ՀՔԾ-ի, ոստիկանները 2015-ի հունիսի 23-ին Ազատության հրապարակից ապօրինաբար բերման էին ենթարկել եւ խոչընդոտել մասնագիտական օրինական աշխատանքը:

Հայկ Բադալյանը դատարանից դուրս եկավ ամբաստանյալ ոստիկան Արթուր Այվազյանի հետ գրկախառնված՝ թեւերն ուսերին գցած: Ավելին, ոստիկանն ասաց, որ իրենք ընկերներ են եւ ոչ մի խնդիր չունեն իրար դեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31