Ինչպես տեղեկացրել ենք, այսօր լարված իրավիճակ էր Գյումրու թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի շենքի ներսում և դիմաց․ այսօր հանձնաժողովը հրապարակելու էր Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, թե որ քաղաքական ուժը ինչքան մանդատ է ստանալու։ Ի սկզբանե ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն ու «Հայկական վերածնունդը» հայտարարել էին, որ եթե 17 մանդատ նվիրեն «Բալասանյան» դաշինքին՝ Սամվել Բալասանյանին մեխանիկորեն քաղաքապետ կարգելով, իրենք բոյկոտելու են ավագանու նիստերը։ Ըստ նրանց հաշվարկների, «Բալասանյան» դաշինքին հասնում է ընդամենը 15 մանդատ, ԲՀԿ-ին՝ 9, «Հայկական վերածնունդին»՝ 5, իսկ ԳԱԼԱ-ին՝ 4։ Այսօր, սակայն, ԲՀԿ-ին մնաց 8 մանդատ, «Հայկական վերածնունդին»՝ 4։ Հանձնաժողովի որոշումից հետո անկառավարելի մի իրավիճակ սկսվեց․ այնպես էին գոռում հավաքվածները՝ անեծքներ հնչեցնելով Սամվել Բալասանյանի հասցեին, ասելով, որ նա արդեն իր հաղթանակն է տոնում ռեստորանում։ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ մեկական վրձիններ նվիրեց հանձնաժողովականներին, մի հատ էլ Տիգրան Մուկուչյանի համար պահեց՝ հայտարարելով, թե կբոյկոտեն ավագանու նիստերը, կդիմեն դատարան։
«Գյումրին իրականում երկու մասի է բաժանվել․ քվեներով է բաժանվել երկու մասի, մանդատներով է բաժանվել երկու մասի, և հիմա հանձնաժողովի անդամներով է բաժանվել։ Մեղքը Հայաստանի պետական իշխանության վիզն է․Սերժ Սարգսյանի և իր մաֆիայի պատճառով առաջացրել է այսպիսի իրադրություն», -ասաց Լևոն Բարսեղյանը։
Կարդացեք նաև
Վերջիններս Էդուարդ Բաղրամյանին ստիպում էին հրապարակել քվեարկության արդյունքները` հանձնաժողովի որ անդամը ինչպես քվեարկեց: Քանի որ արդյունքները չհրապարակվեցին, այս երեք քաղաքական ուժերը ստիպեցին հեռացած հանձնաժողովի անդամներին հետ գալ ու վերաքվեարկել։ Հետաքրքիրն այն է, որ մանդատների բաշխմանը ձեռնպահ քվեարկած Ալբերտ Դերձյանը երկրորդ անգամ դեմ քվեարկեց։Վաղը Գյումրու նորընտիր ավագանին նիստ կգումարի՝ ընտրելով քաղաքապետին։ Հիշեցնենք, որ 17 մանդատով «Բալասանյան» դաշինքը, ըստ այսօրվա որոշման, մեծամասնություն կազմեց Գյումրու ավագանում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ոչ միայն Գյումրին, նաև Կապանը: