ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի համոզմամբ, Վանաձորում «Հայկական Վերածնունդ», ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ձեւավորած կոալիցիան դեռ չի նշանակում, որ քաղաքապետի ընտրության ժամանակ նրանց առաջարկած թեկնածուն աներկբա կընտրվի:
«Քվեարկությունն իր մեջ պարունակում է նաեւ ստորջրյա խութեր, որին մենք երբեմն տեղյակ չենք լինում: Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ իրենց հաջողվի իրենց քաղաքապետն ունենալ Վանաձորում, ապա ես ընդամենը կողջունեմ»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը:
Մեր հարցին՝ իսկ ՀՀԿ-ի համար Վանաձորը մեծ կորուստ կլինի՞ ընդդիմադիր քաղաքապետ ընտրվելու դեպքում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Վանաձորում ՀՀԿ-ն հաղթել է առավել ձայներով, կոալիցիան բոլորովին այլ երեւույթ է, հետեւաբար չեմ կարծում, որ դա ՀՀԿ-ին մտորելու տեղիք է տալու: Ես չեմ կասկածում՝ Համապետական ընտրությունների ժամանակ այդ նույն ՀՀԿ-ն Վանաձորում հաջողություններ է արձանագրելու: Եթե նայենք՝ ՀՀԿ-ի քաղաքական ռեսուրսն ինչպիսին է, ասեմ ձեզ՝ բավականին տպավորիչ է, բոլոր եղած կուսակցությունների մեջ ամենամրցունակն է, այլ բան է, որ մնացած ուժերը միավորվեցին, հետո ի՞նչ: ՀՀԿ-ն այդ ամենին նայելու է քաղաքական ու քաղաքագիտական կոնտեքստում, չեմ կարծում, որ մեծ հիասթափություն է ապրելու»:
Ըստ նրա, Տեղական իշխանության առանձնահատկությունն այն է, որ այդ տեղական իշխանության բնորոշ խնդիրները կուսակցական լուծումներ չունեն. «Օրինակ՝ ներքաղաքային տրանսպորտի կազմակերպում, նորոգում, բարեկարգում այս հարցերը կապ չունեն՝ ՀՀԿ-ի՞ց ես, թե՞ «Լուսավոր Հայաստանից»: Այստեղ կարեւոր է քաղաքապետի անհատական ունակությունները՝ որքան է ճանաչում քաղաքային տնտեսությունը, սա լուրջ մասնագիտություն է, պահանջում է լուրջ գիտելիքներ ու հմտություններ»:
Կարդացեք նաև
Պատգամավորը նաեւ նկատեց, որ մինչեւ վերջին ՏԻՄ ընտրությունները ընդդիմադիր ամենաազդեցիկ քաղաքական ուժերը չէին խառնվում ՏԻՄ ընտրություններին, ըստ էության, ՏԻՄ խնդիրները քաղաքական ուժերի օրակարգից դուրս էին:
Իսկ թե ինչու հիմա ՏԻՄ խնդիրները մտան նրանց օրակարգ, ըստ պատգամավորի. «Սահմանադրական բարեփոխումների ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ մեր ազդեցիկ ուժերի օրակարգը սկսեց համալրվել նաեւ տեղական նշանակության խնդիրներով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ