Խորհրդային տարիներին Երեւանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը և այլ արտադրանքներ արտասահմանում մեծ պահանջարկ ունեին: Այդ արտադրանմուշները հոկտեմբերի 8-ին ներկայացվեցին Երեւան քաղաքի պատմության թանգարանում` «Արտադրված է Երեւանում. ԳՕՍՏ» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցահանդեսը նվիրված է Երեւանի 2798 եւ թանգարանի 85-ամյակներին: Ցուցահանդեսը բաց է մինչեւ տարեվերջ: Նպատակը խորհրդային տարիների Հայաստանի բարձր զարգացած արդյունաբերությունը ներկայացնելն է:
Երևանում արտադրված թեթեւ ու սննդի արդյունաբերության նմուշներն առաջին անգամ են ցուցադրվում: Երեւանի պատմության թանգարանի կողմից կազմակերպած խորհրդային շրջանի արդյունաբերությունը ներկայացնող երկրորդ ցուցահանդեսն է. նախորդ ցուցադրությանը ներկայացվել են ծանր արդյունաբերության նմուշները: Այս ցուցադրությանը ներկայացված է մոտ 600 ցուցանմուշ. «Ցուցանմուշները թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուից են, ֆոնդում ունենք բազմաթիվ նմուշներ, որոնք այս ցուցահանդեսում ներկայացված չեն: Խորհրդային շրջանում մեր թանգարանի աշխատակիցներն այցելում էին հայտնի արդյունաբերական ձեռնարկություններ և, համաձայն պայմանավորվածության, լավագույն նմուշները փոխանցվում էին թանգարանին: Ներկայացրել ենք այն գործարանները, որոնք ժամանակին մեծ համբավ են ունեցել ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլ նաեւ արտասահմանում»,- մեզ հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսին ներկայացված են Երեւանի գինու, ծխախոտի կոմբինատների, կոնյակի գործարանի, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների, կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի, գեղարվեստական կոմբինատի, հրուշակեղենի-մակարոնի գործարանի և «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանմուշներ: Առկա են նաև բացատրագրեր, որտեղ ներկայացվում է գործարանների պատմությունը, ձեռքբերումները:
Ցուցադրությունը մեծ աշխուժություն է առաջացրել, մարդիկ կային, որոնք ժամանակին աշխատել էին այդ գործարաններում կամ իրենց ծնողներն էին աշխատել և կային մարդիկ էլ, որոնք կրել էին այդ հագուստները, օգտվել այդ արտադրանքներից:
Երեւանի ծխախոտի ցուցանմուշները, որոնք 1950-1980 թվականների արտադրանք են, առանձնանում են իրենց անուններով ` Սեւան, Սասունցի Դավիթ, Երեւանյան, Մասիս, Արմենիա, Զանգու, Աստրա, Կազբեկ: Ցուցադրված են նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գործածված ծխախտոտներ:
«Հայգորգ» արտադրական միավորման ցուցանմուշները 1960-1980-ական թվականների են, այդ շրջանում գորգերի էսքիզների համար հատուկ նկարիչներ էին աշխատում, որոնք չափազանց հայտնի էին: Հոբելյանական առիթներին յուրաքանչյուր գործարան արտադրանմուշներ էր թողարկում, որոնք նույնպես այցելուները կտեսնեն: Հոբելյանական գորգեր եւս գործվել են, օրինակ, Խորհրդային Հայաստանի 40-ամյակի առիթով գործել են «Երեւան»-ը: Այս միավորումը կարևորել է նմանատիպ գորգերի արտադրությունը, ներկայացված բոլորը գորգերը ձեռագործ են:
Մերի ԻՍԱՅԱՆ