Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդելու գործը շատ լավ ենք անում

Հոկտեմբեր 09,2016 12:00

Երբ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ապամոնտաժեցին Լենինի արձանը եւ ձեռի հետ էլ արձանի պատվանդանը հօդս ցնդեցրին, ես ՀՀՇ-ական մի ակտիվիստի մոտ կարծիք հայտնեցի, որ արձանի ապամոնտաժումը բնական ու տրամաբանական էր, բայց անբնական ու անտրամաբանական էր արձանի պատվանդանի պայթեցումը: Ակտիվիստն ինձ բացատրեց, որ այն, ինչ կապված է տվյալ արձանի հետ, պիտի վերացվի, որպեսզի տվյալ արձանից ու տվյալ առաջնորդից որեւէ հիշողություն չմնա:

Հիշողները հիշում են՝ ինչ հրաշալի պատվանդան էր: Այդպիսի շքեղ ու ասեղնագործ պատվանդան ուրիշ որեւէ տեղ չեմ տեսել: Արձանը թեեւ սովորական արձան էր, բայց քանդակագործներն ու մասնագետներն ասում են, որ այդ արձանը լավագույնն էր Լենինի արձանների մեջ: Այդուհանդերձ, արձանի ապամոնտաժումը բնական ու տրամաբանական էր, ինչպես որ բնական ու տրամաբանական էր ժամանակին Երեւանի Ստալինի արձանի ապամոնտաժումը:

Բայց վերադառնանք պատվանդանին, ավելի ճիշտ՝ պատվանդաններին: Ստալինի արձանի պատվանդանը չվերացվեց եւ մնաց իր տեղում՝ որպես Մայր Հայաստանի պատվանդան, եւ այդ փառահեղ պատվանդանին նայելիս՝ որեւէ մեկս Ստալինին չի հիշում: Եթե Լենինի արձանի փառահեղ պատվանդանը պահպանեինք, դրա գոյությունը Լենինի մասին չէր հիշեցնելու: Ընդհակառակը՝ հիմա ենք հիշում, երբ տոնակատարությունների ու հանդիսությունների ժամանակ ժամանակավոր ինչ-որ պատվանդաններ ենք բստրում, որպեսզի մեր ղեկավարները կանգնելու տեղ ունենան: Մինչդեռ կարելի էր եւ նույնիսկ անհրաժեշտ էր Լենինի արձանի պատվանդանը պահպանել՝ ընդամենը պատվանդանի վրայի կարմիր դրոշը եռագույն դարձնելով: Հիմա շատերն են իմ այս կարծիքը կիսում, որովհետեւ հակառակվելու պատճառ կարծես թե չունեն: Ասածս այն է, որ քաղաքական ու հեղափոխական էքստազի մեջ հաճախ են անհեթեթ որոշումներ կայացվում՝ մանավանդ քանդելու գծով:

Քանդելը հեշտ է, սարքելն է դժվար: «Սեւան» հյուրանոցի հրաշալի շենքի տեղն առ այսօր դատարկ է: Երիտասարդական պալատի տեղում ինչ եւ երբ պիտի որեւէ բան կառուցվի՝ դժվար է ասել: Կարելի է թվարկումը շարունակել: Այս վերջին տարիներին Հայաստանի մայրաքաղաքում քանդվեցին տներ ու շենքեր, որոնք, ըստ մասնագետների ու ոչ մասնագետների, ճարտարապետական արժեք էին ներկայացնում: Իսկ բազմաթիվ նորակառույցների մեջ քիչ են ճարտարապետական արժեք հանդիսացող կառույցները: Սա նույնպես մասնագետների կարծիքն է, որը, կարելի է ասել, մի քիչ ծայրահեղ կարծիք է:

Ծայրահեղ, բայց՝ բավական ճշմարտանման:

Վերջին տարիներին Թբիլիսիում չեմ եղել, բայց գիտեմ, որ այնտեղ նորակառույց շենքերն անհամեմատ քիչ են, քան Երեւանում: Այդուհանդերձ, վերջին տարիներին Թբիլիսիում եղած որեւէ մեկից չեմ լսել, թե անկախությունից հետո Երեւանն ավելի է գեղեցկացել, քան Թբիլիսին: Հակառակը բազմիցս եմ լսել, եւ հակառակը պնդողները պնդում են, որ Վրաստանի մայրաքաղաքը հրաշալի է առաջին հերթին ճարտարապետական որոշակի արժեք ներկայացնող հին կառույցների պահպանման շնորհիվ: Այնտեղ ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցները պետության կողմից ոչ միայն աչքի լույսի պես պահպանվել են, այլեւ թարմացվել ու տեսքի են բերվել:

Այսուհանդերձ, Թիֆլիսում ազգային ճարտարապետության այնպիսի մեծարժեք կառույցներ չկան, ինչպիսիք կան Երեւանում: Մեր Օպերայի ու Մատենադարանի շենքերը, Գինու գործարանի շենքը, Հանրապետության հրապարակը եւ այլն: Կարճ ասած, հայոց ազգային ճարտարապետությունը համաշխարհային ճարտարապետության մասշտաբով շատ ավելի երեւելի է, քան վրացականը, մանավանդ՝ եկեղեցաշինության ու հուշարձանաշինության ասպարեզում:
Ինչքան էլ տարօրինակ է, մեր մայրաքաղաքի լավագույն շենքերն ու փողոցներն արարվել են «ստալինյան» ժամանակաշրջանում, եւ միանգամայն տրամաբանական է, որ բնակարանային շուկայում «ստալինկաներն» ամենից բարձրն են գնահատվում: Ցավոք սրտի, Թամանյանից ու նրա ժամանակակիցներից հետո մեր այդ բարձրակարգ բնակարանաշինությունն ու փողոցաշինությունը շարունակություն չունեցան: Դրանց հաջորդեցին խրուշչովյան ու բրեժնեւյան ժամանակաշրջանի ցածրակարգ ու ցածրորակ շենքերը, որոնք ավելի կարճ կյանք ունեցան, քան «ստալինկաները»:

Ինչ վերաբերում է Թիֆլիսին, այդ քաղաքի դեմքն ու դիմագիծը պահողը հիմնականում եվրոպական տիպի ցածրահարկ շենքերն են, որոնք, էլի եմ ասում, աչքի լույսի պես են պահպանվել ու պահպանվում: Առաջին հերթին՝ պետության կողմից: Իսկ այդպիսի շենքերը Թիֆլիսում շատ-շատ են: Ի տարբերություն Երեւանի:
Բայց մենք մեր ունեցած քիչն էլ ենք գրողի ծոցն ուղարկում:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

08.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Դե, ով ոնց գիտի այն էլ անում է: Լեւվոնի գիտցածը քանդելն էր: Հետո թե ինչ կսարքվեր, կախված էր շինողների (երկրին) կամքից: Լենինի արձանը, պատվանդանով բանով, իրոք ափսոս էր: Կարելի էր ասենք, գլուխը զգուշությամբ հանել ու տեղն ուրիշ գլուխ դնել (մարդու:) Եւ՝ էլի ,,հառա՜ջ,, ինչը սխալ կլիներ? Իսկ ավելի ճիշտ կլիներ ,,ռեզբա,, – ով անեին, ինչ իմանաս …

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31