Երևանի 2798-ամյակի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց, ովքեր իրենց զգալի ավանդն ունեն մայրաքաղաքի ձեռքբերումների մեջ և արել ու անում են ամեն ինչ, որպեսզի Արևի քաղաք Երևանն ավելի լավը դառնա:
«Բարի ավանդույթ է դարձել մեր մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված տոնակատարության օրը, ամփոփելով տարվա ընթացքում կատարածը, բարձրաձայնել ձեռքբերումների ու հաջողությունների մասին: Տոնական այս օրը առիթ է` ըստ արժանվույն գնահատելու նրանց, ում աշխատանքի շնորհիվ են նաև արձանագրվել այդ հաջողությունները: Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր սիրելի մայրաքաղաքում իսկապես քիչ չեն ձեռքբերումները: Այսօր այստեղ հավաքվել են իրենց նվիրված աշխատանքով այդ ամենն իրականացնող մարդիկ, նրանք, ովքեր արել ու անում են հնարավորը, որպեսզի Արևի քաղաք մեր Երևանն ավելի լավը դառնա և, անկախ բազմադարյա իր պատմությունից, շարունակի մնալ երիտասարդ, օրեցօր զարգացող ու ծաղկող: Հարգելի´ բարեկամներ, ձեզանից յուրաքանչյուրն իր նվիրված աշխատանքով իր ավանդն է բերել մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարօրությանը և արժանիորեն վաստակել է այսօրվա գնահատանքը: Սրտանց շնորհավորում ու ամենայն բարիք եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին», – նշել է քաղաքապետը:
Ընդունելության շրջանակում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար Երևանի քաղաքապետը մի շարք անձանց պարգևատրել է մեդալներով ու հուշամեդալներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև