«Էրեբունի-Երեւան 2798»-ի շրջանակներում նախատեսված էր մոտակայքում վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ: Կարապի լճի մոտակայքում ցուցադրական ելույթից մասնակցող շներից եւ նրանց տերերից բացի հավաքվել էին նաեւ մի խումբ շնասերներ: Շներին սիրել եւ նրանց հետ նկարվել ցանկանում էին թե՛ մեծահասակները եւ թե՛ երեխաները:
Aravot.am-ի հետ զրույցում ելույթին մասնակցող ռոտվեյլեր Մաքսի տերը՝ Սարգիս Աբրահամյանը նշեց, որ իր շունը հոկտեմբերի 1-ին դարձել է Հայաստանի եւ Վրաստանի ցուցահանդեսի չեմպիոն, ըստ նրա, շատ մարդիկ արդեն ճանաչում են իր շանը. «Բոլոր շնասերների նպատակն է նաեւ ագիտացիան ճիշտ վերաբերմունքը կենդանիներին, որովհետեւ շուն ունենալը շուն պահել չի դեռ: Շուն պահողները քիչ են, ունեցողները՝ շատ: Դրա համար մեր ջանքը նրանում է, որ մարդիկ բացի նրանից, որ շուն կամ այլ ինչ-որ կենդանի պահելու ցանկություն ունեն, ունենան նաեւ որոշակի բավարար տեղեկատվություն նրանց հետ ապրելու համար:
Տեսնում եք՝ մարդիկ ինչքան լավ են ընդունում՝ ե՛ւ մեծերը, ե՛ւ փոքրերը: Մարդիկ կան, որ տարիների ֆոբիա ունեն եւ ընդամենը մեկ հպումով բժշկվում են՝ վախերից դուրս են գալիս: Սա մեր նպատակի մյուս մասն է, որ մարդիկ չվախենան: Իրականում, շատ բան է փոխվել այդ առումով, որովհետեւ մենք շատ ենք լինում մարդկանց հետ: Տեսնում եք՝ թեկուզ ինքը ռոտվեյլեր է, որը որպես մեծ շուն վատ համբավ ունի, բայց յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր մեծահասակ իրեն սիրելու խնդիր չունի»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք, թե Երեւանում բավարար պայմաններ ստեղծվա՞ծ են շուն պահելու համար, Սարգիս Աբրահամյանը պատասխանեց. «Դա բոլորիս ցավն է, որովհետեւ իրականում շատ քիչ տեղ կա, որտեղ կարող ենք ման գալ, ազատ ման տալ, սա մեր երազանքն է: Մենք նույնիսկ դիմել ենք եւ միգուցե էլի կդիմենք համապատասխան մարմիններին: Կոնկրետ պարոն Տարոն Մարգարյանը շատ լավ է վերաբերվում, եւ քաղաքապետարանի շնորհիվ է, որ մենք այստեղ ենք, թե չէ մեզ թույլ չէին տա: Իրենք են տեղեր առանձնացնում եւ հետագայում միգուցե այդ ծրագիրը կունենան: Քաղաքապետարանը այդպիսի նպատակ ունի՝ առանձնացնել տարածք ոչ միայն մեր, այլ նաեւ շնասերների համար, կարծում եմ՝ դա շատ հարմար կլինի բոլորիս համար: Իսկ առայժմ պայմանները բավարար չեն: Նմանատիպ միջոցառումները մեզ հույս են տալիս, որ հետագայում ավելի հարմարավետ պայմաններ կարող ենք ունենալ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ