Հայաստանի Ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի չորս անդամներ հոկտեմբերի 14-ից 15-ը Լեհաստանի Կրակով քաղաքում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Մեր մարզիկները վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով են վերադարձել: Այս անգամ էլ նրանք նույն վճռականությամբ են մեկնում մրցավայր: Սակայն Եվրոպայի այս առաջնությունը Հայաստանի համար մեկ այլ, իրենց խոսքերով, պատմական նշանակություն է ունենալու:
Լեհաստան մեկնելուց առաջ սենսեյ, սեւ գոտի 4-րդ դան Արծրուն Օհանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ սեպտեմբերի վերջին հերթական անգամ Հայաստան էր ժամանել Ֆուդոկան կարատեի հիմնադիր, սեւ գոտի 10-րդ դան, պրոֆեսոր, սերբ Իլյա Իորգան:
«Սենսեյ Իորգան այստեղ սեմինար պարապմունքներ անցկացրեց մեր մարզիչների եւ մարզիկների համար, որոնք անցան բարձր մակարդակով: Բայց նրա այս այցելությունը նաեւ պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի համար: Բանն այն է, որ վարպետը ստեղծել է նոր կատա՝ «Կիտե-2» անունով: Դա անչափ բարդ տարրերի համակցություն է: Սենսեյը այդ կատան առաջին անգամ ցուցադրեց մեզ՝ Երեւանում: Ու որ շատ ավելի պատվաբեր է, այդ կատան սովորեցրեց ինձ՝ հանձնարարելով, որ այն առաջին անգամ պաշտոնապես ես ներկայացնեմ աշխարհին Եվրոպայի առաջնությունում: Դա, իսկապես, մեծ պատիվ է ինձ համար», – ասաց սենսեյը եւ ավելացրեց, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Ջոն Երեմյանը (10-11 տարեկաններ), Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Արման Պետրոսյանը (12-12 տարեկաններ), Հասմիկ Ղազարյանը (16-17 տարեկաններ) եւ ինքը՝ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արծրուն Օհանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ